Հայկ Դեմոյեան. «Այս խունտան նոր ցեղասպանութեան հարթակ է ստեղծում՝ միտումնաւոր կազմալուծելով անվտանգութեան համակարգը»

«ԱԼԻՔ» – Այս իշխանութիւնը՝ Նիկոլ Փաշինեանի շուրթերով, իր գործելաոճով, քայլերով, ժխտողական յայտարարութիւնների տեքստերով, բացայայտօրէն հարցականի տակ է դնում Հայոց Ցեղասպանութեան պատմական եղելութեան փաստը։ Անցեալ տարեվերջին տեսանք, թէ ինչպէս Արմտեան Հայաստանը հաւասարեցւեց «Արեւմտեան Ադրբեջան» խօսոյթի հետ, այս յունւարին տեսանք Սփիւռքում Նիկոլ Փաշինեանի ժխտողական պնդումները, ապա՝ ակադեմիական համայնքի, առաջին հերթին՝ պատմաբանների լռութիւնը։ Սա պէտք է գրանցենք պատմութեան համար։ Հանրագումարում գալիս ենք սարսափելի մի եզրահանգման՝ այս ամէնը տեսնում են նաեւ ոճրագործների հետնորդները, այն նոյն իշխանութիւններն ու պետութիւնները, որոնք չեն դադարել ոճրագործ լինելուց, այն է՝ Ադրբեջանը եւ Թուրքիան։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց պատմագիտութեան դոկտոր, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախկին տնօրէն Հայկ Դեմոյեանը։
«Այս երկրները սա ընկալում են որպէս ազդակ եւ ազդանշան՝ յաջորդ համանման գործողութիւնն անպատիժ կերպով անելու։ Արցախում նրանք դա արդէն իսկ արեցին եւ վայելում են անպատժելիութիւնը։ Այսօր փոխանցումները հայաստանեան առաջին դէմքերի շուրթերից են տեղի ունենում՝ նոր ցեղասպանութեան համար հարթակ ստեղծելու նպատակով։ Սա ոչ թէ չափազանցութիւն է, այլ ողբերգական նոր արարի արձանագրումը, որը պիտի անենք։ Այնպէս չէ, որ խօսքն ասւեց-գնաց, արձանագրւեց, երկու օր քննարկւեց, լրագրողները հարց տւին, պատասխանեցինք, անցանք միւս դասին։ Ամէն ինչ մնում է յիշողութեան մէջ։ Յիշողութիւնը մնում է ոճրագործի մէջ, բայց մեր մէջ՝ որպէս զոհի, այն չի մնում, որովհետեւ այսօրւայ իշխանութիւնները քայքայում եւ ոչնչացնում են այն յիշողութիւնը, որն անվտանգութեան առաջին հիմնաքարն է»,- ասաց գիտնականը։
«Չգիտես ինչու, օլիգարխիական ուղեղները եւ, այսպէս կոչւած, ժամանակակից մտածող, իրենց շատ առաջադէմ մտաւորական համարող երիտասարդներ կարծում են, թէ ցեղասպանութեան յիշողութիւնն ինչ-որ յետամնաց թեմա է, որը խոչընդոտում է մեր առաջընթացին, հարեւանների հետ յարաբերութիւնները կարգաւորելուն։ Նոյնիսկ չարժէ օրինակներ բերել այլ ժողովուրդներից։ Ցեղասպանութեան յիշողութիւնն առաջին հերթին պէտք է լինի պետականաստեղծ գործօն՝ անվտանգութեան առումով։ Այդ պետութիւնը ստեղծւում է այն բանի համար, որ թոյլ չտայ նոյնի կրկնութիւնը։ Մինչդեռ պետականութիւն կոչւածը եւ մնացած անվտանգային համակարգերն այսօր քայքայւում, աւերւում, լուծարւում են բացայայտ ձեւով եւ ամենօրեայ ռեժիմով»,- նշեց Դեմոյեանը։
Պատմաբանի կարծիքով՝ երկրում չի գործում, աւելին՝ միտումնաւոր կերպով կազմալուծւում է անվտանգութեան համակարգը․ «Չկայ որեւէ մարմին, որը երկրի ներքին եւ արտաքին անվտանգութեան հարցերի համար պատասխանատու լինի։ Հիմնական քայքայիչ աշխատանքն իրականացւում է Հայաստանում իշխանութեան գտնւող խունտայի կողմից։ Ի՞նչ ակնկալենք մարդկանցից, ընդորում՝ դրանք թիմի հիմնական, առանցքային մարդիկ են, ովքեր ամենախայտառակ, լկտի եւ ստոր գործողութիւններն են իրականացրել հէնց Ծիծեռնակաբերդում։ Հեռու չգնանք, դիտարկենք մասնաւոր մի դէպք։ Պարզւում է, որ Նիկոլ Փաշինեանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանը 2010-ականների սկզբին չորս տարի շարունակ հայ-թուրքական մանկական եւ երիտասարդական հաշտութեան յանձնաժողովների մէջ է եղել։ Դա իր կենսագրութեան մէջ գրւած է»:
«Որեւէ մէկը, այդ թւում՝ ընդդիմադիր պատգամաւորները, չհետաքրքրւեցին եւ չպարզաբանեցին, թէ ինչ հանգամանքներում, որտեղ, ինչ դրամաշնորհներով է Արայիկ Յարութիւնեանը ներգրաււել այդ յանձնաժողովներում։ Նա վարչապետի աջ ձեռքն է, միգուցէ եւ աւելի շատ գործառոյթներ ունի, քան Նիկոլ Փաշինեանը։ Գուցէ նա հաւաքագրւե՞լ է այդպիսի աշխատանք անելու համար։ Նրա եւ Յովհաննէս Յովհաննիսեանի խայտառակ գործողութիւնները Ծիծեռնակաբերդում 2018-ին մենք տեսել ենք»,- ամփոփեց Հայկ Դեմոյեանը: