
Կան անուններ, որոնք բոլորին ներշնչում են խորին յարգանք եւ մեծարանք, դրանք անուններ են այն մարդկանց, ովքեր իրենց մաքուր զգացումները եւ հոգեկան ու կրթական կարողութիւնները նւիրաբերում են ժողովրդին: Նրանք ժողովրդին ծառայում են որպէս հասարակական անխարդախ գործիչներ: Այդ սիրւած անուններից է, Արփի Ալեքսանդրը, որ դեռ երիտասարդ տարիներից գործօն մասնակցութիւն է ունեցել մշակոյթի ասպարէզում:
Թւականիս, մարտի 10-ին Թեհրանում մեր երկրային կեանքից հեռացաւ ազգային եւ հոգեւոր արժէքներով ապրող, վաստակաւոր բանաստեղծ-գրող ու նւիրւած միութենական Արփի Ալեքսանդր անհուն վիշտ ու ափսոսանք պատճառելով իր ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու այն բոլոր անհատներին, ովքեր տարբեր առիթներով գործակցել էին նրա հետ ու վայելել նրա համեստ ու բարեհամբոյր բնաւորութիւնն ու վերաբերմունքը:
Ծնւել էր 1942 թ.-ին Նոր Ջուղայում Յովհաննէս եւ Նազիկ Միրզայեանների բարեպաշտ գերդաստանում: Տարրական ուսումը ստացել էր Աբադանի հայոց «Ադաբ» դպրոցում, նաեւ ֆրանսերէն լեզւի ինստիտուտում: Միջնակարգ շրջանից սէր է ունեցել գրականութեան նկատմամբ, գրել է հայերէն եւ պարսկերէն լեզուներով, եւ ծանօթ էր դասական գրականութեանը՝ անգլերէն եւ ֆրանսերէն բնագրերով:
Բանաստեղծուհի Արփին ունէր գրական, սիրային եւ հայրենասիրական, ոճ եւ շատ պարզ ու անպաճոյճ գրական լեզւի տէր էր, որը իր քերթւածներում սլացիկ դէպի ցանկացած իդէալներին էր ընթերցում եւ ընթերցողին աւելորդ դէս ու դէն չէր տանում: Նրա սիրային գրւածքներում կան պարզ եւ անկեղծ խօսքեր, որ բխում են նրա սրտի խորքից՝ նա անգամ թախիծի մասին խօսելիս, շատ քնքշօրէն էր արտայայտւում:
1971 թ.-ին ամուսնացել էր Ժորժ Ալեքսանդրեանի հետ եւ բախտաւորւել երկու որդիներով՝ Արին եւ Ալէն անուններով, որոնց եւս դաստիարակել էր ազգային ոգով, նաեւ ունի մի թոռնիկ Աննամարիա անունով:
Անդամակցել է Հայաստանի գրողների եւ Իրանահայ գրողների միութիւններին: Տարիներ շարունակ գործօն մասնակցութիւն է ունեցել Իրանահայ գրողների միութեան աշխատանքներին եւ չորս շրջան եղել՝ վարչութեան անդամ ու վարել է փոխնախագահի պաշտօնը:
Ունի երկու հատոր բանաստեղծութեան ժողովածուներ՝ «Երջանկութեան արձագանգ» խորագրով որը լոյս էր տեսել 2001 թ.-ին Երեւանում «Ձեռքերս կամուրջ են» խորագրով որը լոյս է տեսել 2006 թւականին:
Երկու բանաստեղծութիւնով յայտնւել է կայքում որպէս աշխարհի հարիւր հայ հեղինակաւոր դէմքերի շարքում: Նաեւ աշխատակցել է «ԱԼԻՔ» օրաթերթին:
Հայաստանի գրողների համահայկական չորրորդ համաժողովին արժանացել է գրական վաստակի մեդալով:
2012 թ.-ին, Հայաստանում հրատարակւած «Հայուհիներ» երկհատոր հանրագիտարանում ներկայացւել է որպէս բանաստեղծ-գրող:
Տողերիս գրողը 2016 թւականին՝ Իրանահայ գրողների միութեան վարչութեան 26-րդ նստաշրջանին համագործակցել եմ նրա հետ եւ վայելել նրա սիրալի ու ընկերական ջերմ վերաբերմունքը:
2017 թ.-ի փետրւարի 21-ին, «Հայ կին» միութեան գրական խումբը կազմակերպել է գրական երեկոյ միութեան Վաչէ Յովսէփեան համալիրի կենտրոնում, նւիրւած Արփի Ալեքսանդրի գրական գործունէութեան:
Արփին ֆիզիկապէս առ յաւէտ հեռացաւ մեզանից, սակայն նրա բարի յիշատակը միշտ վառ կը մնայ նրան ճանաչողների սրտերում:
Յարգանք իր վաստակին ու բարի յիշատակին:
Թող այս հակիրճ տողերը մի ծաղկեփունջ լինի եւ որպէս մի պտղունց խունկ՝ մխայ նրա թարմ շիրիմին:
ՅՈՎԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ