«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի մեծարման ծրագրերի շարանում, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան նախաձեռնութեամբ, թւականիս ապրիլի 18-ին «Արարատ» մարզաւանի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում բացումը կատարւեց Արթուր Մանուկեանի ստեղծագործութիւնների ցուցահանդէսի, նրա մասնակցութեամբ: Ցուցահանդէս, որտեղ ներկայացւած են Արթուր Մանուկեանի հեղինակած, ազգային ոգով տոգորւած եւ հայ ժողովրդի պահանջատիրութիւնը բարձրաձայնող պոստերները:
Ցուցահանդէսը համադրել էր Միշէլ Ալլահվերդեանը, ով ներկայումս Հայաստանում «Մարտիոս Սարեան»-ի տուն թանգարանի գրադարանի եւ արխիւային բաժնի տնօրէնն է:
Միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ հոգեւոր երգերի կատարմամբ, որը ներկայացրեց Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախումբը խմբավար՝ Արփի Սիմրոջեան (Նազարեան)-ի: Բացման խօսքով հանդէս եկաւ Մինէ Նազարեանը, ով ողջունելով ներկաներին, հակիրճ գծերով անդրադառնալով արւեստագէտ Արթուր Նազարեանի կենսագրական տւեալներին եւ ամբիոնի մօտ հրաւիրեց արւեստագէտին: Արթուր Մանուկեանը իր գնահատանքը յայտնելով նախաձեռնութեան համար եւ բոլոր միջամուխ անձանց, ընդգծեց. «Ինձ յաճախ Հայաստանում հարցնում են, որ ես յայտնեմ իմ կարծիքը այս կամ այն երեւոյթի մասին՝ քաղաքական, սոցիալական եւ այլն, ես միշտ պատասխանում եմ հետեւեալը՝ իմ աշխատանքները իմ քաղաքական դիրքորոշման արտայայտութիւններն են»:
Միջոցառմանը ներկաներին իր խօսքը փոխանցեց Միշէլ Ալլահվերդեանը, ներկայացնելով ցուցահանդէսը կազմակերպելու գործընթացը եւ նշեց, որ թէեւ արւեստագէտ դիզայների աշխատանքները բազմիցս են ցուցադրւել տարբեր երկրներում, սակայն առաջին անգամն է, որ ցուցադրւում են Իրանում: Նա վերջում անդրադարձաւ իր տեսակէտները արւեստագէտ-դիզայների աշխատանքների մասին:
Արտայայտութիւններից յետոյ ներկաները այցելեցին ցուցահանդէսը: Ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բէգլարեանը, Թ. Հ. Թ. Պատգմաւորական ժողովի ատենադպիր Արփի Ալավերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ.Նորայր Արամեանը, ՀՄԱԿ-ի վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը, ազգային մարմինների, 109-րդ տարելիցը նշող յանձնախմբի ներկայացուցիչները եւ մեծ թւով արւեստագէտներ:
Ցուցահանդէսը շարունակւելու է մինչեւ ապրիլի 26-ը: