ՀամայնքՆոր Ջուղա

Իրանահայ թարգմանիչ Կարինէ Դրորը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքին է նւիրել «Մօրս ձայնը» գիրքը

Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի գրքային ֆոնդը եւ «Խաչատուր Կեսարացի» թանգարանը համալրւել են «Մօրս ձայնը» գրքով։

Կայ Մուրադեանի հեղինակած՝ Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող այս գիրքը պարսկերէնի է թարգմանել իրանահայ թարգմանիչ Կարինէ Դրորը (Յարութիւնեան)։

Կայ Մուրադեանի մայրը Հայոց Ցեղասպանութիւնից փրկւել է 14 տարեկանում: Մուրադեանը միշտ լսում էր Ցեղասպանութիւնը վերապրած մօր պատմութիւնը, սակայն սարսափելի իրադարձութեան մանրամասները, կարծես, չէր ընկալում այնքան ժամանակ, քանի դեռ չսկսեց գրել «Մօրս ձայնը» գիրքը: Եւ նա նպաստեց, որ Հայոց ցեղասպանութիւնն իր գնահատականն ստանայ պատմութեան մէջ:

Գրքի թարգմանիչ Կարինէ Դրորը գրքի հետ ծանօթացել է 2018-ի ապրիլի 3-ին «Ալիք»-ում տպագրւած ամփոփ նիւթի միջոցով։ Թարգմանիչն իր խօսքում ասել է. «Քանի որ նշւած գիրքը հասանելի չէր Իրանում, ես Ամերիկայում ապրող քրոջս խնդրեցի, որ այն հնարաւորինս շուտ ուղարկի ինձ։ Այս գեղեցիկ ստեղծագործութիւնը կարդալուց յետոյ գիրքը ​​պարսկերէնի թարգմանելու գաղափարը ծագեց իմ մտքում։ Ես որոշեցի այն հասանելի դարձնել իմ իրանցի հայրենակիցներին, քանի որ համոզւած եմ, որ այս ճշմարտութիւնը դեռ պէտք է բարձրաձայնել»:

Կարինէ Դրորը իր թարգմանած գրքից չորս օրինակ, Հայոց Ցեղասպանութեան 110-րդ ամեակի առթիւ, նւիրել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքին. երկուսը «Խաչատուր Կեսարացի» թանգարանին, որոնք հանրութեանն են ներկայացւելու «Հայոց Ցեղասպանութեան» տաղաւարում, իսկ միւս երկուսը՝ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանին։

Մեր սրտագին շնորհակալութիւնն ենք յայտնում Կարինէ Դրորին եւ նրան մաղթում ենք նորանոր յաջողութիւններ եւ աշխատանքային վերելքներ։

ՍՀԹ Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button