
Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն` հինգշաբթի, մայիսի 14-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:
Համբարձումը քրիստոնէական կրօնը իմաստաւորող եւ արժեւորող կարեւորագոյն տօներից մէկն է, որտեղ պարփակւում են յաւիտենական կեանքի գերագոյն եւ անխորտակելի յոյսը, Քրիստոսի երկրորդ գալստեան երաշխիքն ու մարմինների յարութեան ու երկնքի արքայութիւն մուտք գործելու բացարձակ ճշմարտութիւնը եւ Քրիստոսի իր հաւատացեալներին տւած լիարժէք խոստումների մեկնարկը:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ-ից տեղեկանում ենք, որ Համբարձման տօնի առիթով, հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, հինգշաբթի առաւօտեան Թեհրանի եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Ս. Սարգիս եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմակալ Առաջնորդի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը:
Հայր Սուրբն իր քարոզի ընթացքում անդրադառնալով Համբարձման տօնի խորհրդին ասաց. « Հայ Առաքելական Ս. Եկեղեցին իր շարականների, աղօթքների եւ սուրբ հայրերի գրականութեան ճամբով, Քրիստոսին կոչում է «արդարութեան արեգակ», իսկ Սրբուհի Կոյս Աստւածածնին՝ «գերարփի արեւելք»: Հետեւաբար, այսօրւայ բնաբանում յիշւած արեգակը Քրիստոսն է, որ ծագեց արեւելքից՝ Սրբուհի Կոյս Մարիամից: Նա արտորաց այս աշխարհի վրայ, այսինքն՝ իր երկրաւոր առաքելութիւնը եւ փրկագործական ծրագիրը կատարեց, ապա մայր մտաւ, այլ խօսքով՝ համբարձւեց, վերադարձաւ երկինք, որտեղից ծագել էր»:
Հայր Սուրբն իր քարոզի միւս բաժնում ասաց. «Սիրելի հաւատացեալներ, Քրիստոսով սիրելի քոյրեր եւ եղբայրներ, Յիսուսի երկրաւոր կեանքի աւարտը, համբարձումը, մեր իսկական կեանքի սկիզբն է: Քրիստոսի համբարձումով մեր փրկութեան պատմութիւնը չաւարտւեց, այլ նո՛ր սկսեց: Քրիստոս իր համբարձումով վերջ դրեց այս ժամանակաւոր, աւարտ ունեցող, անցողիկ եւ գնայուն կեանքին, ու մեր առջեւ բացաւ անժամանակ կեանքը, յաւիտենական, իսկական եւ ճշմարիտ կեանքը: Քրիստոս մարդկային մարմնով համբարձւեց, որպէսզի մարդկութիւնը վեր բարձրացնէր, երկինք բարձրացնէր եւ ինչպէս Պօղոս առաքեալն է ասում, մարդուն երկնաքաղաքացի դարձնէր: Քրիստոս համբարձւեց, որպէսզի մեր համար երկնքում տեղ պատրաստէր»:
Հայր Սուրբն իր քարոզի աւարտին ասաց. «Քրիստոս համբարձւեց, որպէսզի իրականցնէր իր հետեւեալ խոստումը. «Ես ձեզ հետ կը լինեմ միշտ՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մտ 28.20): Յիսուս չհամբարձւեց, որպէսզի մեզանից հեռանայ, այլ նա երկինք գնաց, որպէսզի երկնքի ճամբով մուտք գործէր մեզանից իւրաքանչիւրի հոգում, սրտում եւ մտքում: Յիսուս Նազովրեցին իր մարդկային մարմնով չէր կարող յաւիտենապէս մեզ հետ լինել: Իր մարդկային մարմնի պատճառով, նրա ազդեցութիւնը սահմանափակ էր: Նա կարող էր միայն որոշ թւով մարդկանց հետ մի վայրում լինել, կարող էր միայն 12 առաքեալների, 72 աշակերտների եւ որոշ թւով բազմութեան հետ լինել, բայց չէր կարող ամբողջ աշխարհի հետ խօսել, բոլոր ժամանակներում, աշխարհի բոլոր վայրերում: Ուրեմն, Քրիստոս համաբարձւեց, որպէսզի համայն մարդկութեան հետ լինէր. որեւէ վայրում, որեւէ ժամանակում, որեւէ օրւայ ընթացքում: Հետեւաբար, սիրելի հաւատացեալներ, Քրիստոսով սիրելի քոյրեր եւ եղբայրներ, համբարձման խորհուրդով լուսաւորւած եւ զօրացած, փառք տանք Տիրոջ իր համբարձման համար եւ աղօթենք, ասելով. «Փա՜ռք հրաշափառ Քո համբարձմանը, ո՜վ Տէր, Քո օրհնեալ եւ փառաւորեալ, յաղթական եւ հրաշալի համբարձումն ենք օրհնում եւ փառաւորում: Մարդասէ՛ր Տէր, յանուն քո անարատ եւ Սրբուհի Մօր եւ կոյսի եւ յանուն Քո պատւական խաչի, ընդունի՛ր մեր աղաչանքները եւ փրկի՛ր մեզ»: Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»:
Յատկանշական է, որ թեմիս եկեղեցիներում կրօնական արարողութեանը ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը, Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ հաւատացեալներ:
Յաւարտ կրօնական արարողութիւնների, եկեղեցիների բակերում նախաձեռնութեամբ Եկեղեցական խորհուրդների կազմակերպւել էր ընդունելութիւն:











