
Փետրւարի 10-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Ղեւոնդեանց քահանաների յիշատակութեան օրը։
Այս տօնի առիթով, Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանը հանդիպում ունեցաւ թեմիս քահանայ հայրերի հետ, բոլորին շնորհաւորեց այդ տօնը եւ գնահատեց նրանց ծառայութիւնը։

Հայր Սուրբը, անդրադառնալով եկեղեցական արարողութիւնների կանոնաւորութեան կարեւորութեանը, բարձր գնահատեց քահանաների երկարամեայ եւ նւիրւած ծառայութիւնը՝ նրանց մաղթելով անխոնջ, երկար ու ծաղկուն ծառայական տարիներ։
Իր խօսքում նա յորդորեց հոգեւոր հայրերին առաւել ուշադրութիւն դարձնել իրենց ծխականներին ու հաւատացեալ ժողովրդին եւ յատկապէս այս դժւար պայմաններում լինել նրանց կողքին, յոյս ներշնչել եւ հոգեւոր ու մտաւոր խաղաղութիւն պարգեւել նրանց։
Վերջում Հայր Սուրբը հոգեւորականներին մաղթեց, որ Ղեւոնդ Երէցի օրինակով ունենալ ամուր ու կատարեալ հաւատք՝ եկեղեցու, ազգի եւ հայրենիքի նկատմամբ։
ՍՀԹ Ազգային առաջնորդարանի Հանրային Կապ



