«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 32-րդ ամեակի առիթով, երէկ՝ սեպտեմբերի 24-ի առաւօտեան Հանրապետական մաղթանք տեղի ունեցաւ Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում:
Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում օրւայ պատարագը նախագահում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Ս. պատարագի ընթացքում Սրբազան Հօր ձեռամբ օրհնւեց Եռագոյն դրօշը, որից յետոյ հնչեց «Մեր Հայրենիք» օրհներգը: Պատարագի ընթացքում, Սրբազան Հայրը իր քարոզում անդրադառնալով օրւայ խորհրդին ընդգծեց, որ դժբախտաբար, այս տարի Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տօնը պատւած է տխրութեամբ, մեր ժողովրդի աչքերում արցունք կայ, սրտերում ցաւ եւ վիշտ, որովհետեւ մեր պատմական հայրենիքին անքակտելիօրէն մաս կազմած եւ կազմող Արցախն այսօր վիրաւոր է եւ թշնամու ճիրանների ներքոյ, բայց մեր պատմութիւնը նման դէպքեր շատ է տեսել, թէեւ մեր ժողովուրդը անգամներ մահւան ճիրանների մէջից է անցել, բայց հաւատացած է, որ ինքը ծնւած չէ մեռնելու համար, ինքը ծնւած է ապրելու, ստեղծագործելու եւ գոյատեւելու համար: Սրբազան Հայրը ընդգծեց. «Ես հաւատացած եմ, որ կը գայ այն օրը, երբ մենք կրկին պէտք է տեսնենք Արցախի դրօշը Արցախում ծածանւած»:
Օրւայ արարողութեանը ներկայ էին՝ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ դոկտ. Սեւակ Հաթամեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, հիւրաբար Թեհրանում գտնւող Ղպտի եկեղեցու հոգեւոր առաջնորդը, եւ հայրենակիցներ: