ԱտրպատականՀամայնք

Հայոց Ցեղասպանութեան ֆիլմի ցուցադրում Թաւրիզում, «Ռոստոմ-Գասպար» գրադարանի կազմակերպութեամբ

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Շաբաթ, 26 ապրիլ 2025-ին, Թաւրիզում, ազգային առաջնորդարանի «Ռոստոմ-Գասպար» շքեղ գրադարանի վարչութեան կազմակերպութեամբ, Գրադարանի գլխաւոր սրահում տեղադրւած պաստառի վրայ ցուցադրւեց Կոմիտաս վարդապետի կեանքին, Հայոց Ցեղասպանութեան սկզբնաւորութեան, ու վերջապէս Կոմիտասի դժբախտ վախճանին նւիրւած իւրայատուկ «Սողոմոնի երգերը» ֆիլմը:

Ծրագրի բացման խօսքը արտասանեց Իզաբէլ Սարգսեանը, դառնօրէն յիշելով հայ ժողովրդի անցեալը, Օսմանեան կայսրութեան կազմակերպած հայկական կոտորածներն ու ի վերջոյ Հայոց Ցեղասպանութիւնը: Նա յատկապէս անդրադարձաւ ֆիլմի ծագմանը եւ տարբեր լեզուների թարգմանութեանը, որը մեծ ազդեցութիւն էր թողել դիտողների վրայ:

Ֆիլմի ցուցադրման պահին, ներկաները յուզմամբ հետեւեցին Կոմիտաս վարդապետի մանկութեանը, նրա ծննդավայր Կուտինայում ապրած պատանեկան կեանքին, դէպի Ս. Էջմիածնի Ճեմարան ուղեւորութեան, Կոստանդնուպոլսում ղեկավարած նշանաւոր երգչախմբային քառաձայն ելոյթին, թրքական իշխանութեան նախագծած կոտորածների նախօրէին, ինչպէս նաեւ դրանց սկզբնաւորութեանը:

Թուրքական կողմից ծրագրաւորւած կատաղութեանը եւ հայ ժողովրդի հանդէպ կիրառած անխղճութեանը բացայայտ տեսարաններով հիւսւած ֆիլմը, որը ծայրից ծայր առանց ուշադրութեան նւազումի պահւան դիտւեց ներկաներից, բոլորին փոխադրեց մեր ժողովրդի հաւաքական ցաւի գիրկը, արդի աշխարհի փափկութեան մէջ բնաւ չմոռանալու պատգամ լինելով այն, ինչը մեր նախահայրերը կրեցին անմեղօրէն, իրենց բնօրրան Արեւմտեան Հայաստանում:

Աւարտին, մեծապէս զգացւած ֆիլմի բովանդակութիւնից, առաջնորդ Սրբազանը փակման խօսքը կատարեց. «Ապրիլեան այս օրերին, երբ բոլորս հաւաքաբար մասնակից ենք լինում աւելի քան հարիւր տարւայ անցեալին, մեր կաշւի վրայ ենք զգում մեր մեծ պապերի եւ մեծ մամիկների կրած ցաւն ու ապագայ կեանքի անորոշութիւնը: Ցեղասպանութիւնը երբ չի ընդունւում ներկայ քաղաքակիրթ դարու մէջ, դա անպայման առիթ է ընծայելու նոր ցեղասպանութիւնների եւ կոտորածների, որոնց ականատես են լինում լրատւամիջոցների հաղորդումներից», ասաց Սրբազանը: Ապա, նա անդրադարձ կատարելով ներկայացւած ֆիլմին, ընդգծեց այնտեղ տեղադրւած նիւթերից, հայ եւ թուրք ծանօթների բարեկամական կեցւածքները, որոնք դրացիական կապերով էին ամրապնդւել: Թուրք ժողովրդից շատերի նոյն պահւածքի մասին արտայայտւեց Սրբազանը, մարդկային յարաբերութեան կէտին անդրադառնալով. «Քաղաքականութիւնն է, որ նոյնիսկ իր մօրը չի ճանաչում, ինչպէս ասւում է առածում: Մինչեւ այսօր, թրքական կառավարութեան ուրացումը, հեռու է մարդկային կեցւածքից եւ իր անհիմն պաշտպանութիւնը գտնում է քաղաքականութեան մէջ», ասաց Սրբազանը: Նա բարձր գնահատեց «Ռոստոմ-Գասպար» գրադարանի վարչութեանը, գլխաւորութեամբ ատենապետուհի Նանի Շահմուրադեանի, ֆիլմի ցուցադրման հսկողութիւնը կատարած Անդրու Մկրտչեանին, եւ յատկապէս երիտասարդ տարիքի տղաներից եւ աղջիկներից բաղկացած օժանդակ խմբի անդամներին: 

Related Articles

Back to top button