ԹեհրանԻրանՀամայնքՄշակութային

Իր աշխատանքն է սկսել «ՇԱՀՆԱՄԷԻ ԿԱՆԱՅՔ» կերպարւեստի ցուցահանդէսը

Սուդաբէն՝ իրանահայ քանդակագործ Արփինէ Մարկոսեանի մեկնաբանութեամբ

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Ուրբաթ՝ սեպտեմբերի 5-ին, մայրաքաղաքի մերձաւորութեամբ՝ Ջաջրուդ աւանում գտնւող «Եաֆթէ» գալերիայում իր աշխատանքն սկսեց   «Շահնամէի կանայք» կերպարւեստի ցուցահանդէս:

Ցուցահանդէսին մասմակցած 18 կին նկարիչներից է քնդակագործ-նկարիչ Արփինէ Մարկոսեանը: 

Արփինէ Մարկոսեանը ցուցահանդէսին ներկայ է իր Սուդաբէ քանդակով, ինչն այցելուների վկայութեամբ  համարձակ քայլ է Շահնամէի բացասական կերպարներից մէկում կանացի կեանք պարգեւող ուժն  արժանապատւութիւնը երանգաւորելու առումով:

Մարկոսեանի Սուդաբէն տեսակով հաստոցային քանդակ է (տեղադրւում է թանգարաններում եւ ցուցասրահների դահլիճներում): Առաջին հայեացքից այն կարող է թողնել արտաշիրիմում արւած կերպարի տպաւորութիւն: Արփինէն օգտագործելով մետաղալարեր եւ երկաթէ կտորներ փորձել է բնութագրել Սուդաբէի անհատականութիւնը ժանրային առումով կիրառելով անիմալիստական, կենցաղային, դիմաքանդակի, պատմողական յատկանիշներ:

Արւեստաբան եւ ցուցահանդէսի կազմակերպիչ խորհրդի անդամ  Մորթէզա Մոթաղին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում նշեց, որ ցուցահանդէսը ձեւաւորւել է «Շահնամէի» դիցաբանական եւ պատմական մասերում 18 ազդեցիկ կին կերպարների ընտրութեամբ։ Աշխատանքների մի մասը ստեղծւել է յատուկ այս ցուցահանդէսի համար, իսկ միւսները՝ նկարիչների երկարատեւ նախագծերի արդիւնք են եւ ամբողջացւել են  ցուցահանդէսի ընդհանուր տեսլականի հիման վրայ։

Մոթաղին յաւելեց. «Երկու դէպքում էլ մեր նախագծի տեսլականն էր՝ պատմական կամ դիցաբանական կնոջ պատմութիւնը վերընթերցել ժամանակակից նկարչի տեսանկիւնից՝ տեսողական պատումի հնարքով»։

Ցուցահանդէսը կը շարունակւի մինչեւ սեպտեմբերի 19-ը եւ այցելել կարելի է միայն ուրբաթ օրերը Ժամը 11:00-ից 20:00: Հասցէ՝ Ջաջրուդ, Լատեան բուլւար, Պարսէ նրբանցք, թիւ 29:

 

Լուսանկարը՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button