ՄիջազգայինՔաղաքական

Դոկտ. Վելայաթի. «Շանհայը առաջատար դեր կը խաղայ աշխարհի ապագայ ճակատագիրը որոշելու գործում»

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին,  «Թասնիմ» լրատւական գործակալութեան հետ զրոյցում, Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան (ՇՀԿ) վերջին գագաթնաժողովը համարել է համաշխարհային պատմութեան ամենակարեւոր գագաթնաժողովներից մէկը՝ նշելով, որ այս կազմակերպութիւնը առաջատար դեր կը խաղայ աշխարհի ապագայ ճակատագիրը որոշելու գործում:

Ի պատասխան Չինաստանում կայացած ՇՀԿ վերջին գագաթնաժողովի միջազգային ասպարէզում ունեցած ազդեցութեան մասին հարցին, դոկտ. Վելայաթին ասել է. « ՇՀԿ 25-րդ գագաթնաժողովը տեղի ունեցաւ Չինաստանի Տեանցզին քաղաքում սեպտեմբերի 25-26-ին, որին մասնակցեցին աւելի քան 20 ոչ արեւմտեան աշխարհի առաջնորդներ, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը։ Այս գագաթնաժողովը նախորդ գագաթնաժողովների համեմատ ամենամեծ եւ ամենակարեւոր գագաթնաժողովն էր, եւ քաղաքական փորձագէտների նախնական գնահատականն այն է, որ այս գագաթնաժողովը համաշխարհային պատմութեան ամենակարեւոր միջազգային գագաթնաժողովներից մէկն էր»:

Վելայաթին, պատասխանելով այն հարցին, թէ ինչ դրական ձեռքբերումներ ունեցաւ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովը, նշել է. «Տարիների յաջող կառավարման արդիւնքում, Սի Ծինփինը կարողացաւ քաղել չինական իմաստութեան վրայ հիմնւած իր կարեւոր եւ վճռական ջանքերի պտուղները, եւ նոյնիսկ իր վաղեմի մրցակցին՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին բերել Պեկին: Մինչդեռ դրանից առաջ, Թրամփը 2025 թւականի փետրւարին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հանդիմանել էր Հնդկաստանի վարչապետին այն մասին, թէ ինչու է նա էժան նաւթ գնում Ռուսաստանից։

Մոդին, որպէս բնակչութեան թւով ամենամեծ երկրի վարչապետ, որն ունի մի քանի հազար տարւայ քաղաքակրթութիւն եւ Գանդիի նման մեծ անհատականութիւն, պատրաստ չէ ենթարկւել Թրամփի պարտադրանքներին: Հետեւաբար, աւելի շուտ, քան ենթադրում էին ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը, ՇՀԿ-ն հասել է արժէքաւոր արդիւնքների, եւ անկասկած առաջատար դեր կը խաղայ աշխարհի ապագայ ճակատագիրը որոշելու գործում»:

Նա ընդգծել է, որ ՇՀԿ անդամ բոլոր երկրները, մասնաւորապէս՝ Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը առանցքային դեր ունեն այդ գործընթացում, քանի որ նրանք, ինչպէս նաեւ Հնդկաստանը, բառի բուն իմաստով անկախ երկրներ են, եւ կարող են պահպանել իրենց անկախութիւնը:

Պատասխանելով այն հարցին, թէ ինչպիսի՞ կարողութիւններ ունի ՇՀԿ-ն ամերիկեան միակողմանի կարգին դիմակայելու համար, Վելայաթին նշել է. «ՇՀԿ-ն եւ BRICS-ը Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի, Հարաւային Աֆրիկայի, Բրազիլիայի եւ Հնդկաստանի համադրութիւն են եւ միմեանցից առանձին չեն: Ապագայի աշխարհը ձգտում է ինչ-որ այլ բանի, եւ կունենայ այլ ձեւ ու բովանդակութիւն, քան անցեալը։ Թրամփի խութը քարին է դէմ առել, եւ դրա յստակ նախանշանը վերջերս Փարիզում կայացած հանդիպումն էր:

Փարիզի հանդիպմանը մասնակցել են 33 եւրոպական երկրներ, որոնցից 26-ը համաձայնւել է միջազգային կուալիցիայի շրջանակում, ռազմական ուժեր տրամդրել՝ խաղաղութեան համաձայնագրից յետոյ Ուկրաինայի ժողովրդի անվտանգութիւնը երաշխաւորելու համար: Հանդիպումից առաջ էլ Թրամփի ներկայացուցիչ Սթիւ Վիտկոֆը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ուկրաինայի դիւանագէտների հետ։

ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների գործողութիւններին ի պատասխան, Ռուսաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շատ կոշտ արձագանքեց Թրամփին՝ նշելով, որ նա աւելի լաւ մտածի Ամերիկայի մասին, եւ եթէ ցանկանում է ինչ-որ բան անել, ապա տեղին կը լինի, որ օգնութեան ձեռք մեկնի վտանգւած ամերիկեան քաղաքներին, ինչպիսիք են Դետրոյթը, Ֆիլադելֆիան եւ Լոս Անջելեսը, որոնց բնակիչները մահանում են տեղի ունեցող յանցագործութիւնների արդիւնքում»:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդականը նշելով, որ Ալեասկայի գագթնաժողովից կարճ ժամանակ անց, երկու կողմերի՝ նման կոշտ հռետորաբանութեամբ յայտարարութիւնները վկայում են այն մասին, որ Թրամփի այպէս կոչւած հեռատեսութիւնն աւելի պարզունակ է, քան Հիտլերինը:

«Պուտինը իմաստուն կերպով գործեց։ Այն առումով, որ Ալեասկայի գագաթնաժողովից յետոյ նա մասնակցեց ՇՀԿ գագաթնաժողովին եւ կարեւոր դեր խաղաց ապագայ աշխարհի ստեղծման գործում՝ առանց ամերիկեան հեգեմոնիայի եւ արեւմտեան տէրութիւնների ներկայութեան՝ յստակ յայտարարելով, որ միաբեւեռ աշխարհը պէտք է վերանայ»,- եզրափակել է դոկտ. Վելայաթին:

Related Articles

Back to top button