Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայկ Խալաթեան. «ՀՀ իշխանութիւնը եւ անձամբ Փաշինեանը հայ հասարակութեան մէջ ներդրել են ադրբեջանական նարատիւներ»

«ԱԼԻՔ» – «Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանութիւնը եւ անձամբ Նիկոլ Փաշինեանը հայ հասարակութեան մէջ ներդրել են հէնց ադրբեջանական նարատիւները»։ Այս մասին ըստ Yerevan.today-ի՝ Երեւանում կայացած «Գլոբալ անվտանգութիւն եւ աշխարհաքաղաքական մարտահրաւէրներ» միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրոյցում նշել է «Վերելք» տեղեկատւական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթեանը՝ խօսելով Նիկոլ Փաշինեանի հնչեցրած այն մտքի մասին, որ «Արեւմտան Հայաստանն ու «Արեւմտեան Ադրբեջանը» նոյնական» են։

Նիկոլ Փաշինեանը մասնաւորապէս ասել էր. «Մենք որ ասում ենք Արեւմտեան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց գրգռում է, ոնց որ մեզ է գրգռում Արեւմտեան Ադրբեջան տերմինը»։

«Հաշւի առնելով հանգամանքը, որ այս պահին ՀՀ իշխանութիւնները որդերգրել են «խաղաղութիւն՝ ցանկացած գնով» քաղաքականութիւնը, որը, միեւնոյն է՝ չի բերելու խաղաղութեան, բայց այդ քաղաքականութիւնն իր տրամաբանական աւարտին հասցնելու համար Նիկոլ Փաշինեանը փորձում է Հայաստանի հասարակութեանն ամէն կերպ համոզել, որ պէտք է Ադրբեջանին ու Թուրքիային զիջումների գնան։ Նոյնիսկ դէպքեր են եղել, որ փորձել են լեգիտիմացնել Ադրբեջանի հնարաւոր գործողութիւնները Հայաստանի դէմ՝ դրանում որեւէ գաղտնիք չկայ: Այստեղ ինձ համար նորութիւն չկար եւ զարմանալու ոչինչ չկար»,- նշել է Խալաթեանը։

Խօսելով հայ-ռուսական յարաբերութիւնների մասին, Հայկ Խալաթեանն ասել է, որ Ռուսաստանում էլ են արդէն հասկանում, որ այն փուլը, յարաբերութիւնները, որ կար՝ արդէն չկայ, եւ հայ-ռուսական յարաբերութիւնները հոգեվարքի մէջ են։

«Մոսկւայում խօսում եմ գործընկերներիս, փորձագէտների հետ, թէ այս փուլն ինչպէս է աւարտւելու, եւ ինչ կէտից են Հայաստանն ու Ռուսաստանը սկսելու իրենց յարաբերութիւնները, դա նախկինի նման լինելու է դաշնակցայի՞ն յարաբերութիւն, գործընկերայի՞ն… Ռուսաստանն արդէն նրան էլ է պատրաստ, որ Հայաստանը դառնում է գործիք Ռուսաստանի դէմ՝ Արեւմուտքի ձեռքում, կարող է նոյնիսկ Հայաստանին դիտարկել ոչ բարեկամ երկիր՝ բոլոր այդ՝ իրար հետ կապւած հետեւանքներով»,- յաւելել է քաղաքական մեկնաբանը։

Related Articles

Back to top button