Էդւարդ Շարմազանով. «Միայն թուրք-ադրբեջանական շահ սպասարկողը կարող է նման զուգահեռներ տանել»
«ԱԼԻՔ» – «Միայն թուրք-ադրբեջանական շահ սպասարկողը կամ կատարեալ անգրագէտը կարող է զուգահեռներ տանել Արեւմտեան Հայաստանի ու ինչ-որ «արեւմտեան ադրբեջանի» միջեւ»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդւարդ Շարմանազովը՝ անդրադառնալով նախօրէին Հայաստանի հանրային հեռուստաընկերութեանը տրւած հարցազրոյցում Նիկոլ Փաշինեանի կողմից առաջ քաշւած մտքին։
«Երբ 387 թ. աշխարհում սկսւեց գործածւել Արեւմտեան Հայաստան տերմինը, մարդկութեանը յայտնի չէին ոչ թուրքերը եւ ոչ էլ իրենց ադրբեջանցի անւանող կովկասեան թաթարները։
Արեւմտեան Հայաստանը քաղաքական, պատմական ու գիտական եզրոյթ է։
Այն սկսւել է գործածւել 387 թ., Հայաստանի առաջին բաժանումից յետոյ՝ Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ։
«Արեւմտեան» է կոչւել Հայաստանի՝ Հռոմին անցած տարածքը (որտեղ էլ որպէս թագաւոր է կարգւում Արշակ Գ-ն՝ Պապի որդին), որն իր մէջ ներառում էր Բարձր Հայք, Ծոփք եւ Աղձնիք նահանգները։
591 թւականին տեղի է ունենում Հայաստանի երկրորդ բաժանումը՝ Բիւզանդիայի ու Պարսկաստանի միջեւ ,որի արդիւնքում Բիւզանդիային են անցնում նաեւ Տուրուբերանը, Տայքը եւ Այրարատի մեծ մասը։
11-րդ դարի կէսերից Հայաստան են առաջին անգամ ներթափանցում սելջուկ-թուրքերը։
Իսկ 13-րդ դարի առաջին կէսից Հայաստանը ասպատակւում է մոնղոլների, իսկ այնուհետեւ աղկոյունլուների ու կարակոյունլիւների կողմից։
Ամբողջ 16-րդ դարն ու 17-րդ դարի առաջին կէսը Հայաստանին տիրելու համար պայքար էր մղւում Օսմանեան Թուրքիայի ու Սէֆեան Պարսկաստանի միջեւ։
Օսմանցի թուրքերը, որոնք Հայկական լեռնաշխարհի արեւմտեան հատւածները ասպատակելուց եւ նւաճելուց յետոյ 1555 թ. հաշտութիւն են կնքում Սէֆեան Պարսկաստանի հետ։ Ըստ Ամասիայի պայմանագրի/1555թ./ Թուրքիային էր անցնում ամբողջ Արեւմտեան Հայաստանը՝ Էրզրում կենտրոնով։
Սահմանագիծը սկսւում էր Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատւածից՝ հասնելով մինչեւ Եփրատ գետ։ Հայաստանի չորրորդ բաժանումը տեղի է ունենում 1639 թ.։
Թուրքիայի տիրապետութեան տակ գտնւող Արեւմտեան Հայաստանին է միացւում Կարսի շրջակայքն ու Վանը, իսկ Սէֆեան Պարսկաստանին՝ Արեւելեան Հայաստանը։ Ժամանակի ընթացքում Արեւմտեան Հայաստան անւանումը սկսում է վերաբերւել Արաքս գետի ձախափնեակում ընկած հայկական տարածքներին՝ գլխաւորապէս նախկին Օսմանեան կայսրութեան կազմում գտնւող վեց վիլայեթներին։
Սա է իրականութիւնը։ Ի՞նչ Ադրբեջան, ի՞նչ Արեւմտեան Ադրբեջան։ Ադրբեջան անունով պետութեան մասին աշխարհն առաջին անգամ իմացել է 1918-ի մայիսին, բայց հրաժարւել է այն ճանաչել։
Քանի որ այն արհեստական անւանում ունէր ու ոչ յստակ տարածքներ։ Դրա մասին է վկայում 1920-ի դեկտեմբերի 1-ի Ազգերի Լիգայի որոշումը։
Միայն թուրք-ադրբեջանական շահ սպասարկողը կամ կատարեալ անգրագէտը կարող է զուգահեռներ տանել Արեւմտեան Հայաստանի ու ինչ-որ «արեւմտեան ադրբեջանի» միջեւ»,- գրել է Էդւարդ Շարմազանովը։