Ադրբեջանը Իրանի պոտենցիալ թիրախն է
Իրաքում Իրանի կողմից ոչնչացւած թիրախներից մէկը իսրայէլական ենթակառուցւածքներն էին, Իսրայէլը նաեւ հակաիրանական կամուրջ ստեղծեց Ադրբեջանում, որը նաեւ Թեհրանի հաւանական թիրախներից է։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը։
Նրա խօսքով՝ Իրանն իր հերթին դաշնակից ուժեր է ստեղծել Եմէնում, Լիբանանում, Սիրիայում, ինչպէս նաեւ Ադրբեջանում։ Նա յաւելել է, որ դա անհանգստացնում է Բաքւի բռնապետին, քանի որ նրա իրական ընդդիմութիւնը իրանամէտ շիա խմբաւորումներն են, որոնցից շատերը բանտում են եւ ենթարկւում են ռեպրեսիաների։
Ըստ Ոսկանեանի՝ Իրանը կարծում է, որ Քերմանում ահաբեկչութեանը դերակատար են եղել Թուրքիայից Իրան ներխուժած ահաբեկիչները, ուստի Թեհրանի կողմից խոցւած թիրախների թւում է Սիրիայում գործող «Թուրքստանի իսլամական կուսակցութիւն» ահաբեկչական խմբաւորումը, որին աջակցում է Թուրքիան։
«Իրանի հասցրած հարւածները վրէժխնդրութեան ակտ են, այդ թւում՝ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից հութիների դէմ հարւածների համար։ Այս ամէնը Իսլամական Հանրապետութեան համար կարեւոր է նաեւ ներքին տրամադրութիւնների տեսանկիւնից, քանի որ Իրանում տեղի ունեցած ահաբեկչութեան նպատակը նաեւ այս երկրի ներսում անկայունութիւն ստեղծելն էր»,- նշեց Ոսկանեանը։
Նրա կարծիքով, Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակում ոչ մի արտասովոր բան չկայ, քանի որ վերջին տասնամեակների ընթացքում այս տարածաշրջանում մշտապէս բորբոքւել են հակամարտութիւնները։
«Իրանը դա հասկանում է, պատրանքներ չունի եւ ամենախիստ քառասունամեայ պատժամիջոցների պայմաններում կարողացել է դառնալ մերձաւորարեւելեան գերտէրութիւն՝ հսկայական ռազմատեխնիկական հնարաւորութիւններով, այդ թւում՝ անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների արտադրութեան մէջ։ Նման պայմաններում ոչ ոք չի համարձակւի հարւածել Իրանին՝ որպէս պատասխան քայլ։ Հարւածները կարող են իրականացւել միայն տարածաշրջանում իրանական պրոքսի ուժերի անձանց դէմ»,- եզրափակեց փորձագէտը։