Գառնիկ Դանիէլեան. «Այդքան էլ ճիշտ չէ այս պահին վարչապետի թեկնածուի անուն տալ»
«ԱԼԻՔ» – «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժումը երկու ամիս է, որ սկսել ենք եւ արդէն տեղափոխել ենք մայրաքաղաք եւ սա շարժման սկիզբն է, շատ բարձր եմ գնահատում արթնացման այս գործընթացը, որը սկսել եւ շարունակւում է: Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ անդամ, «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման առաջնորդներից պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը:
«Մարդիկ յուսալքւած էին, մտածում էին, որ որեւէ բան հնարաւոր չէ անել, մենք կարողացանք մեր քայլերի միջոցով այդ աշխատանքը կատարել: Երկու ամիս օր ու գիշեր ես Սրբազան հայրը, մեր ընկերները աշխատել ենք, չարչարւել ենք եւ դա իր պտուղները տւել է: Հիմա կան կազմակերպչական եւ այլ բնոյթի հարցեր, որոնք պէտք է կատարւեն եւ մայիսի 11 այդ աշխատանքների մեջ էինք, ոչ մէկ չի հանգստացել: Եկող շաբաթւայ ընթացքում շատ կարեւոր գործեր կան, որոնք պէտք է արւեն»,- ասել է նա:
Գառնիկ Դանիէլեանի կարծիքով՝ այդքան էլ ճիշտ չէ այս պահին վարչապետի թեկնածուի անուն տալ, քանի որ այս պահին պրոցեսներ են ընթանում:
«Սրբազան Հօր առաջնորդութեամբ շարժումը գնում է իր բնականոն հունով, մարդիկ վստահում են եւ հաւատում են Սրբազան Հօրը: Ե՛ւ շարժումը, ե՛ւ անձը, կարծում եմ, որ մինչ օրս այնպիսի քայլեր չեն կատարել, որոնք որ վստահելի չեն: Մենք մեզանից կախւած ամէն ինչ արել ենք, որ շարժումը յաջողի»,- ասել է նա:
Գառնիկ Դանիէլեանը նշել է, որ հնարաւոր է շարժումը երկար տեւի, քանի որ սա գոյաբանական խնդիր է: