Վահէ Յովհաննիսեանը՝ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում. «Հայաստանի նոր իշխանութեան կարեւորագոյն խնդիրն է հարեւանների եւ դաշնակիցների հետ ճիշտ յարաբերութիւններ կառուցել»
«ԱԼԻՔ»-ը զրուցել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանի հետ: Հարցազրոյցում անդրադարձ է կատարւել Բաքւի յայտարարութիւններին եւ «Զանգեզուրի միջանցք»-ին, որի մասին վերջին օրերին թէ՛ ադրբեջանցի, թէ՛ թուրք պաշտօնեաները ոչ միայն ակտիւօրէն խօսում են, այլեւ՝ պայմաններ են առաջ քաշում։
Վահէ Յովհաննիսեանը շեշտում է, որ Հայաստանի իշխանութիւնը կազմւած է մէկ հոգուց, որն ինքնին արդէն վտանգաւոր միտում է, որովհետեւ հակակշռող եւ զսպող պետական ինստիտուտները կազմաքանդւած են, որոնք կարող են զերծ պահել մէկ հոգուն սխալներից:
Քաղաքագէտը համապարփակ անդրադառնում է հարցմանը, թէ ներքաղաքական ինչ զարգացումներ են սպասւում ՀՀ-ին առաջիկայ ամիսներին՝ հաշւի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, եւ թէ Սփիւռքի դերակատարութիւնը արդիւնաւէտ դարձնելու ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել:
«Հայաստանը պէտք է սկսի Հայկական աշխարհի վերականգման պրոցեսը, գնալ երկրից երկիր, համայնքից համայնք, Սփիւռքում, եւ վերականգնել յոյսը հաւատը, հայկական պետականութեան եւ ինքնութեան նկատմամբ, վերականգնել հայկական աշխարհի միասնութիւնը: Դրա համար պէտք են նոր գաղափարներ եւ նոր ձեւաչափեր»,- նշել է նա:
– Իրանի հետ դէպի Նախիջեւան ճանապարհի կառուցման շուրջ պայմանաւորւածութիւնից յետոյ, Բաքուն յայտարարում էր, թէ «Զանգեզուրի միջանցք»-ն իրենց համար կորցրել է գրաւչութիւնը»։ Բայց վերջին օրերին թէ՛ ադրբեջանցի, թէ՛ թուրք պաշտօնեաները ոչ միայն ակտիւօրէն խօսում են միջանցք բացելուց, այլեւ՝ պայմաններ են առաջ քաշում։ Ինչպէս էք գնահատում ստեղծւած իրավիճակը:
– Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ունեն ստրատեգիական մտածողութիւն եւ ստրատեգիական շահեր, Հայաստանը կորցրել է իր ստրատեգիական մտածողութիւնը եւ մեր մտածողութեան հորիզոնը շատ կարճ է՝ մէկ ամիս, մէկ շաբաթ, թերեւս վստահ էլ չեմ այդքան կայ: Այս առումով, բնականաբար, հակառակորդը միշտ աւելի շահեկան դիրքերում է լինելու, որովհետեւ գիտի ինչ է ուզում, եւ այն, ով չգիտի միշտ պրոցեսների յետեւից է ու անպատրաստ է մարտահրաւէրներին եւ հնարաւորութիւններին դիմակայել: Այսօր Հայաստանը մի իրավիճակում է, որ անպատրաստ է թէ՛ նոր առաջացող մարտահրաւէրներին, թէ՛ հնարաւորութիւններին: Այս առումով, ամենեւին պատահական չէ Ադրբեջանի պահանջների աւելի կոշտացումը՝ «խաղաղութեան պայմանագրի» շրջանակներում եւ ամէն տեղերից, այդ թւում՝ Ադրբեջանից երբ լսւում է «խաղաղութեան պայմանագիր»-ն օրերի եւ շաբաթների հարց է: Ես յոյս չունէի, որ նման կոշտացումներ չեն լինի: Որովհետեւ պարզ է ադրբեջանական ստրատեգիական պլանաւորման մէջ Հայաստանը ենթադրւում է յարաբերական պետութեան կարգավիճակով անհեռանկար, անողնաշար, առանց կոմունիկացիաների, առանց արտաքին շփումների եւ հետաքրքրութեան, կիսամեռ պետութիւն: Քո ստրատեգիական պլանաւորումը, երբ ստանում է շահեկան դիրք արդիւնքներն անվերջ են լինելու: Ես ցանկանում եմ յիշեցնել միջանցքի հետ կապւած, երբ կար հայկական Արցախ եւ Լաչինի միջանցքը անխափան աշխատում էր, Ալիեւը դնում էր հայելանման կարգավիճակների եւ յետքաշման խնդիրը: Բանն այն է, որ մենք ո՛չ լսեցինք, ո՛չ ձեռնարկեցինք հակաքայլեր բանակցային առարկայ լինելու համար, մենք սպասեցինք այնքան, որ Արցախը հայաթափւեց Լաչինի միջանցքը կորցրեց իր ֆունկցիոնալ իմաստը եւ հիմա Ալիեւը չի յիշում դրա մասին: Երկու հարթութիւնների մէջ են գտնւում՝ կայ Ադրբեջան գիշատիչ պետութիւն, եւ սիրողական հայկական պետութիւն, քանդւած հոգեբանութեամբ եւ առանց ստրատեգիական մտածողութեամբ: Սա շարունակւում է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի գնացել ներքին փոփոխութիւնների, չի ձեւաւորւել նոր ասելիք եւ իշխանութիւն, որը ենթադրում է նոր ասելիք հարեւաններին, բարեկամներին, միջնորդներին եւ իհարկէ նոր ասելիք՝ հակառակորդին, մասնաւորապէս Ադրբեջանին եւ Թուրքիային:
– Պարոն Յովհաննիսեան, Թուրքիայի տրանսպորտի նախարարը նոյնիսկ ժամկէտներ նշեց, թէ ակնկալում են, որ «Զանգեզուրի միջանցք»-ը բացւի 5 տարուց՝ մինչեւ 2029 թւականը: Ի՞նչ նոր սպառնալիքների առջեւ է կանգնած Հայաստանի Հանրապետութիւնը այս զարգացող նախագծի ֆոնին, թէեւ օրւայ իշխանութիւնները ցանկանում են «Խաղաղութեան պայմանագիր» ստորագրել եւ «Խաղաղութեան խաչմերուկ»-ի նախագիծն են իրականացնում:
– Իրականում Հայաստանի իշխանութիւնը կազմւած է մէկ հոգուց, որն ինքնին արդէն վտանգաւոր միտում է, որովհետեւ հակակշռող եւ զսպող պետական ինստիտուտները կազմաքանդւած են, որոնք կարող էին զերծ պահել մէկ հոգուն սխալներից: Բայց մի աւանդոյթ է ձեւաւորւել վերջին չորս տարում, երբ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինեանը ինքն իրեն իրաւունք է վերապահել անընդհատ սխալւել եւ անընդհատ պետութիւնը վթարների տանել: Այդ նախագծերն էլ հէնց այս իրողութեան մասին են վկայում: Սա իսկապէս դժոխային իրաւունք է, որն ինքն իրեն շնորհել է չգիտեմ ինչ ձեռքբերումների շնորհիւ՝ պետութիւնը տանելու համար կորուստների: Սա, իհարկէ, հայ հասարակութեան թոյլտւութեան շնորհիւ է, անընդհատ սխալւել թոյլ տալու՝ կորուստներ, զոհեր, եւ այլն: Սա ուղղակի չի տեղաւորւում մարդու մտածողութեան մէջ, բայց ցաւօք մեր իրականութիւնն է սա, նաեւ տարբեր անհատների յուշումները, ինքը չի լսում եւ անտեսում է: Երբեմն տպաւորութիւն է, որ ինքը ուղղակի լսում է կամ խնդիր ունի լսելու, այլ՝ ուղղակի ունի խնդիր նախապէս որոշած եւ պլանաւորածը անխոհեմ իրականացնելու: Այս տրամաբանութեամբ Հայաստանը որպէս պետութիւն կը գնայ հերթական նոր վթարի՝ մենք անպատրաստ ենք:
Այդուհանդերձ, Հայաստանը պէտք է ուժ գտնի իր մէջ կասեցնելու այս ընթացքը: Մեզ պէտք է նոր՝ լուրջ իշխանութիւն, որն իր առաջ կը դնի իրատեսական խնդիրներ: Երբեմն պատմական փուլեր են լինում ազգերի, պետութիւնների պատմութիւններում եւ իրատեսական, համեստ խնդիրներ դնելը ամենամեծ պետական մտածողութիւնն է: Նրանք, ովքեր մեծ, խելագար, ամբիցիոզ նպատակներ են փորձում առաջ տանել, կարծում եմ այն նոյնքան վտանգաւոր է, որքան այսօրւայ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը: Ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողութիւնները, ճիշտ յարաբերութիւններ մշակել հարեւանների հետ եւ ճիշտ բանակցային բովանդակութեամբ աշխատել հակառակորդի հետ:
Ինչ վերաբերում է «Խաղաղութեան պայմանագրին» ապա այդ բազային սցենարը, որ Նիկոլ Փաշինեանը փորձում է վաճառել հայ ժողովրդին, տանում է դէպի նոր վթարի: Բայց, ինչ պէտք է առաջարկի նոր իշխանութիւնը, կամ այն ուժերը, որոնք յայտ են ներկայացնելու լինել այլընտրանք, փոխարինելու փաշինեանական իշխանութեանը: Ես կարծում եմ՝ նրանք պէտք է առաջարկեն «Խաղաղութեան պայնագրի» այլընտրանքը եւ խաղաղութեան աւելի լուրջ պայմանագիր, որովհետեւ աւելի լուրջ պայմանագիրը ենթադրում է հասկանալ իրավիճակը:
Լուրջ հարեւաններ եւ խնդիրներ ունենում են լուրջ երկրները: Ադրբեջանի հետ բանակցութիւններում դու պէտք է ստանաս մի թուղթ, որը ներառում է բոլոր կարեւոր խնդիրները, որպէսզի Ադրբեջանը չստանայ հնարաւորութիւն, որ ուղղակի կը ֆիքսի իր ձեռքբերումները եւ «կանաչ» ճանապարհ կը մաղթի իրեն, ռազմական կամ այլ ճանապարհով ստանալու նոր ձեռքբերումներ: Այս թուղթը չակերտաւոր խաղաղութիւն է: Եւ մեր ռեսուրսը պէտք է թոյլ չտայ դրան:
Մեր ներհայաստանեան ռեսուրսը պէտք է գնայ թոյլ չտալու դրան: Ես մեծ ռեսուրս եմ տեսնում, որովհետեւ մեծ թւով անհատեր կան, որոնք գրագէտ են, սկզբունքային, հանրային ակտիւութիւն են ցուցաբերում եւ այդ անհատների, Հայ Առաքելական Եկեղեցու սերտ համագործակցութեան մէջ կայ ազգային լուրջ ռեսուրս: Ես տեսնում եմ հնարաւորութիւն՝ նոր ազգային հոսանք ձեւաւորելու եւ շարժում սկսելու, որը կը կասեցնի պետութեան անկումը:
– Ներքաղաքական ինչ զարգացումներ են սպասւում ՀՀ–ին առաջիկայ ամիսներին, հաշւի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները:
– Մենք ունենք հիմա քանդւած, բզկտւած հայկական աշխարհ եւ դա կատարւել է շատ միտումնաւոր: Մեզ բզկտել են բոլոր հնարաւոր ձեւերով: Արցախցի, հայաստանցի, սեւ ու սպիտակ, եւ այլն: Այն ծայրայեղ բզկտման վտանգաւոր եւ շատ արհեստական բզկտման ձեւ է, դիտաւորեալ մեզ քանդել են, եւ Հայ Առաքելական Եկեղեցու կողմնակիցներին են բզկտում: Այն կատարւում է միտումնաւոր, որովհետեւ բարիկադւած հայկական աշխարհի պարագայում շատ հեշտ է ստանալ Հայաստանից այն ամէնը, ինչ պլանաւորում է հակառակորդը: Հայաստանի վերականգնման, մէջքը ուղղելու պրոցեսը պէտք է սկսւի լուրջ, սոլիդ իշխանութեան ձեւաւորմամբ, որը ներհայաստանեան հաշտեցում կապահովի: Զարգացումները պէտք է լինեն այնպիսին, որ ուղղակի հասարակութեան հետ տարբեր շերտերում երկխօսութիւն սկսեն:
– Ինչպիսին կը լինի ՀՀ–ի ներկայ եւ ապագայ հասարակա–քաղաքական իրավիճակը: Սփիւռքի դերակատարութիւնը արդիւնաւէտ դարձնելու ի՞նչ քայլեր էք նախատեսում:
– Հայաստանը պէտք է սկսի հայկական աշխարհի վերականգման պրոցեսը, գնալ երկրից երկիր, համայնքից համայնք, Սփիւռքում, եւ վերականգնել յոյսը, հաւատը հայկական պետականութեան եւ ինքնութեան նկատմամբ, վերականգնել հայկական աշխարհի միասնութիւնը: Դրա համար պէտք են նոր գաղափարներ եւ նոր ձեւաչափեր: Բայց այն, ինչին շեշտում եմ՝ հաւատում եմ, որ հնարաւոր է: Ես տեսնում եմ բոլոր այն մարդկանց, համակարգերը, եւ գաղափարները, որոնք մենք կարող ենք վերականգնել՝ արեւմուտքում, արեւելքում, ամենուր: Մենք կարող ենք ունենալ բաւական լուրջ յաջողութիւններ Հայաստանի վերականգնման համար, օգտագործելով Սփիւռքի բոլոր ռեսուրսները մտաւոր, մասնագիտական, մարդկային ռեսուրսը: Հայաստանի նոր իշխանութիւնը շատ կարեւոր գործ ունի անելու՝ իր ձեւակերպումների եւ իր անելիքների կատարմամբ եւ առաջին հերթին բարեկամ հարեւանների հետ: Առողջ եւ վստահելիութեան վրայ ստեղծւած յարաբերութիւններով՝ Իրանի եւ Վրաստանի հետ: Այսօր ունենք բացառիկ շանս, որովհետեւ BRIX-ը, որ աշխարհի տնտեսական հզօրագոյն բլոկն է հասել է Հայաստանի սահման յանձինս այն փաստի, որ Իրանը դարձել է դրա անդամ: Սա լուրջ հնարաւորութիւն է աշխատել եւ համատեղ խոշոր ծրագրեր անելու համար: Սա անտեսել անթոյլատրելի է: Յանցագործ անգործութիւն է չֆիքսել այս պահը եւ չաշխատել այդ ուղղութեամբ: Հայաստանի նոր իշխանութեան կարեւորագոյն խնդիրն է հարեւանների եւ դաշնակիցների հետ ճիշտ, վստահութեամբ եւ յստակ քաղաքականութիւն ձեւաւորել: Այդ դէպքում հակառակորդը կը սկսի հասկանալ քեզ եւ ուժերի յարաբերակցութեան դինամիկ փոփոխութիւնները: Որովհետեւ կը հասկանայ, դու այն պետութիւնը չես, որից ինչ եւ երբ ցանկանում են կարող են, եւ հակառակորդը կը սկսի խօսել աւելի ռացիոնալ օրակարգի շուրջ:
– Շնորհակալութիւն:
– Ես նոյնպէս շնորհակալ եմ:
Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ