Վահան Սրբազան. «Եկեղեցին ժողովուրդն է, եւ ունի ձայն բարձրացնելու, արդարութիւն պահանջելու իրաւունք»
168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում Մայր Աթոռի Գարեգին Ա կրթական կենտրոնի տեսուչ Վահան եպիսկոպոս Յովհաննիսեանը ներկայացրել է միւռոնօրհնէքի նշանակութիւնն ու խորհուրդը, օծման կարեւորութիւնը, ապա անդրադարձ կատարել Հայկական Սփիւռքում եւ Հայաստանում առկայ իրավիճակին եւ Հայ Առաքելական Եկեղեցու անելիքներին: Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» վերաբերեալ նա նշեց, որ հոգեւորականները նաեւ քաղաքացիներ են եւ կարող են անձնական որոշումներ կայացնել:
«Որպէս եղբայր, որպէս եպիսկոպոս, որպէս անձ՝ աղօթում եմ նրա համար, որ Աստւած իր հաւատքն ամուր պահի»,- նշել է նա:
Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ եկեղեցին պէտք է զբաղւի քաղաքականութեամբ, ոչ թէ քաղաքական կարիերայով, քանի որ այսօր այնպիսի իրավիճակ է երկրում, որ եկեղեցին չի կարող անմասն մնալ տեղի ունեցող իրադարձութիւններից, եւ նաեւ ականատեսն ենք նրա, որ նոյն ազգապահպանութեան գործում Մայր Աթոռը բաւականին մեծ դերակատարութիւն է իր վրայ այսօր վերցրել, նա արձագանգել է.
«Եկեղեցին քաղաքականութեան մէջ որպէս բիզնես չի մտնում, եւ չեմ կարծում, թէ պէտք է մտնի, բայց եկեղեցին միշտ պաշտպանում է իր ժողովրդի իրաւունքը, արդարութիւնը, ճշմարտութիւնը: Հետեւաբար՝ եկեղեցին, անշուշտ, եթէ պահանջ լինի, ունենք Աւարայր, ունենք Սարդարապատ… Եկեղեցին ժողովուրդն է, եթէ ժողովուրդը անարդարութեան մէջ է գտնւում, եթէ ժողովրդի վիճակը համապատասխան չէ քրիստոնէական մեր պապենական աւանդութեան եւ հաւատքի, անշուշտ, եկեղեցին ամէն իրաւունք ունի՝ ձայն բարձրացնելու եւ արդարութիւն պահանջելու: Բայց դա ինձ համար քաղաքականութիւն չէ, դա ինձ համար քաղաքական համակարգի մէջ մտնել չէ, դա ինձ համար այն է, որ եթէ ժողովրդի վիճակը, հայ ազգիս վիճակը այսօր այնպիսին է, որ պահանջում է՝ եկեղեցին կոչ անի եւ ասի՝ ոչ, եկեղեցին, անշուշտ, պէտք է խօսի»:
Յիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին, Մայր Տաճարի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի կունենայ Միւռոնօրհնութեան արարողութիւն, յաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, կը վերաօծւի Մայր Տաճարը: