Շաւարշ Քոչարեան. «Հայաստանի բնական դաշնակիցներն են՝ Իրանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը»
«ԱԼԻՔ» – «Փոքր Հայստանը, որպէսզի դիմակայի այն մարտահրաւէրներին, այն վտանգներին, որը կայ իր առջեւ ծառացած, մասնաւորապէս՝ Թուրքիա, Ադրբեջան եւ այլն, նա պէտք է՝ ունենայ դաշնակիցներ»: Այս մասին երէկ՝ դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած «Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններ. սպառնալի՞ք, թէ՞ հնարաւորութիւն» խորագրով միջազգային խորհրդաժողովին ասել է ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Շաւարշ Քոչարեանը:
«Ռուսաստանը Թուրքիայի հետ յարաբերութիւններում շեշտը դրել է տնտեսական շահի վայ: Թուրքիան՝ Ռուսաստանի հետ յարաբերութիւններում շեշտը դրել է աշխարհաքաղաքական շահի վրայ, ո՞վ շահեց, մենք այսօր տեսնում ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձութիններում: Այստեղից հետեւում է, որ ցանկացած տնտեսական շահ պէտք է ձեաւորւի քաղաքական շահի մէջ եւ այդ շահը պէտք է լինի ոչ միայն պետութեան, այլ իր պոտենցիալ դաշնակիցների: Փոքր Հայստանը, որպէսզի դիմակայի այն մարտահրաւէրներին, այն վտանգներին, որը կայ իր առջեւ ծառացած, մասնաւորապէս՝ Թուրքիա, Ադրբեջան եւ այլն, նա պէտք է՝ ունենայ դաշնակիցներ: Դաշնակիցներ ունենալու համար դու պէտք է ունենաս քո շահը, որը պէտք է արտայայտես: Եթէ արտայայտես, կունենաս դաշնակիցներ, եթէ չարտայայտես դաշնակիցներ չես ունենայ, կունենաս միայն հակառակորդներ»,- ասել է նա:
Քոչարեանի համոզմամբ ՝ՀՀ տնտեսական շահը հետեւեալն է՝ Պարսից ծոց, Իրան, Հայաստան, Սեւ ծով, Եւրոպա, Ռուսաստան միջանցք:
«Եթէ դու հետեւողական կողմ լինես դրան, քո դաշնակիցը կը լինի Իրանը, ՌԴ-ն, բնական է Հնդկաստանը: Ինչո՞ւ Հնդկաստանը խառնւեց իրար, ինչ կատարւեց այս նոր իշխանութեան օրօք, ԱԳ նախարարը գալիս է, որ տարիներ էր պէտք բանակցել, որ Հնդկաստանի արտգործնախարարը գար Հայաստան, ասում է՝ խելքը գլլուխներդ հաւաքէք, Պարսից ծոց– Սեւ ծով միջանցքը բացէք: Աւելին՝ գումարներ է ներդնում, որպէսզի կարողանան այնպիսի նաւեր գան, որոնք աւելի մեծ ծաւալի բեռներ է տանում: Հնդկաստանի շահը շատ պարզ է, որ ինքը մի կողմից իրեն այլընտրանք է ապահովում դէպի Եւրոպա, բայց ամենակարեւորը, եթէ Թուրքիան այլընտրանքային գծով՝ պանթուրանական, դուրս է գալիս դէպի Կենտրոնական Ասիա, ուժեղանում է Պակիստանը, որը Հնդակստանի ոխերիմ թշնամին է»,- ասել նա:
Քոչարեանը ընդհանրացնելով նշել է, որ Հայաստանի բնական դաշնակիցներն են՝ Իրանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը:
«Կայ երկու տարբերակ, կամ դու առաջնորդւում ես քո շահերով եւ ունենում ես դաշնակիցներ՝ Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Չինաստան, իսկ եթէ մենք չենք հետեւում մեր շահերին, եթէ մենք հետամուտ չենք մեր շահերին, մենք որեւէ դաշնակից չունենք, ունենք միայն հակառակորդներ եւ ես չեմ բացառում, որ երկու ժամ կամ երկու օր յետոյ Թուրքիայի ու Ադրբեջանի յարձակման դէպքում Զանգեզուրի ուղղութեամբ, մենք կը մնանք միայնակ, սա է մեր ընտրութիւնը, մնացածը մենք ինքներս պէտք է որոշենք»,- ասել է Քոչարեանը: