Հայ ԴատՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Բաքւի մէջ հայ բանտարկեալներու մասին համաժողով՝ Եւրոպական Խորհրդարանին մէջ

Յուլիս 14-ին Եւրոպական Խորհրդարանին մէջ մեկնարկը տրւեցաւ «Ադրբեջանի մէջ հայ քաղաքական բանտարկեալները եւ Եւրոպական Միութեան ներգրաււածութեան հրամայականը» խորագիրով համաժողովին։

Նախաձեռնութեան համակազմակերպիչներն են՝ Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորներ Քոսթաս Մաւրիտեսը (S&D, Կիպրոս) եւ Միրիամ Լեքսմանը (EPP, Սլովակիա), իսկ կազմակերպչական աջակցութիւնը կը կատարէ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը (EAFJD): Ներկայ է նաեւ Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Բաքւի մէջ ապօրինաբար պատանդ պահւող Դաւիթ Իշխանեանի որդին:

Համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանի մէջ պահւող հայ պատանդներուն եւ քաղաքական բանտարկեալներու իրավիճակի գնահատականը։

Պիտի քննարկւին նաեւ քաղաքական դրդապատճառներով քրէական հետապնդումներու, կամայական կալանաւորումներու եւ խիստ դատավճիռներու վերաբերող մտահոգութիւնները, ինչպէս նաեւ անոնց ազդեցութիւնը Եւրոպայի մարդու իրաւունքներու քաղաքականութեան եւ Եւրոպական Միութիւն-Ադրբեջան յարաբերութիւններուն:

Ժողովին ընթացքին խօսք առաւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի որդին՝ Արմէն Իշխանեանը, որ շեշտեց, թէ Բաքւի մէջ պահւող հայ ռազմագերիները այսօր Ադրբեջանի կողմէ կօգտագործւին Հայաստանի դէմ։

Ստորեւ՝ Արմէն Իշխանեանին ելոյթը.-

Ես Արմէն Իշխանեանն եմ՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խօսնակ Դաւիթ Իշխանեանի որդին։ Իմ եւ ընտանիքիս անունից շնորհակալութիւն եմ յայտնում «Հայ ռազմագերիները Ադրբեջանում եւ Եւրոպական Միութեան ներգրաււածութեան հրամայականը» խորագրով այս խորհրդի կազմակերպման համար։

Եւրոպական Խորհրդարանում նման քննարկման կազմակերպումն այս օրակարգով յոյս է ներշնչում, որ խորհուրդը կարող է նպաստել Բաքւում պահւող հայ ռազմագերիների խնդրի յաւելեալ միջազգային ուշադրութեանը եւ նրանց ազատ արձակմանը։

Միաժամանակ շնորհակալութիւն եմ յայտնում Եւրոպական Խորհրդարանին՝ նախորդ բանաձեւերի կապակցութեամբ, որոնցով Ադրբեջանից պահանջւում է անյապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակել հայ գերիներին։

Սակայն ցաւով նկատում ենք, որ Եւրոպական Խորհրդարանի միանշանակ դիրքորոշումը էականօրէն չի դրսեւորւում Եւրոպական Միութեան գործադիր իշխանութեան քաղաքական վարքագծում, եւ մենք Ադրբեջանի նկատմամբ անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եւրոպական Միութեան գործադիր իշխանութեան կողմից։

Յարգարժան ներկաներ,

1990-ական թւականներից հայրս եւ այժմ Ադրբեջանում պահւող միւս գերիները պայքարում էին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքի իրացման համար։ Հէնց այդ նոյն տարիներին Եւրոպական Խորհրդարանը մի քանի անգամ ընդունել է այդ անօտարելի իրաւունքը եւ համերաշխութիւն յայտնել արցախահայութեան պայքարին։

1990-ականներին արցախահայութեան ինքնորոշման օրինականօրէն իրացւած իրաւունքի դէմ ադրբեջանական հարկադրւած ագրեսիան (յարձակումը) ստիպեց հօրս նախ զէնքը ձեռքին պաշտպանել հայրենի գիւղը, ապա դասաւանդել գիւղի դպրոցում, իսկ յետոյ նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կայացման եւ միջազգային ճանաչման գործին։

Հայրս հաւատում է, որ ազատութիւնը, արդարութիւնը եւ հաւասարութիւնը հասարակական առողջ յարաբերութիւնների առանցքային հիմքերն են եւ հակամարտութեան արդար լուծման ու վերջնական խաղաղութեան հաստատման նախադրեալները։

Այդ հաւատն էր, որ հօրս մղում էր աշխատանքներ ծաւալելու նաեւ միջազգային հարթակներում, ինչպէս նաեւ բազմաթիւ անգամներ հիւրընկալւելու այս խորհրդարանում։

Սիրելի գործընկերներ,

2023 թւականին Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից, շրջափակումից եւ էթնիկ (ցեղային) զտումից յետոյ մեր ընտանիքը տեղափոխւեց Հայաստանի Հանրապետութիւն։ Հայրս մեզ հետ չեկաւ Հայաստան, քանի որ, իբրեւ պետական պաշտօնեայ, պարտականութիւն էր զգում ապահովել քաղաքացիական բնակչութեան տեղափոխումը եւ դրանից յետոյ միայն մեկնել Հայաստան։

2023 թւականի հոկտեմբերի 3-ին տեղեկացանք, որ Ադրբեջանի յատուկ ծառայութիւնները ձերբակալել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը, այդ թւում՝ հօրս։ Ձերբակալումից միայն տաս օր անց մենք առաջին տեղեկութիւնները ստացանք նրանից։ Այդ ընթացքում, ինչպէս նաեւ դրանից յետոյ, մեր ընտանիքն անցնում էր հոգեբանական աննկարագրելի ապրումների միջով։

Չնայած երբեմն կարճ հեռախօսազրոյցներ ենք ունենում, մեր մտահոգութիւններն ու անհանգստութիւնները փարատւած չեն՝ հօրս առողջական վիճակի, պահման պայմանների եւ նրա նկատմամբ վերաբերմունքի վերաբերեալ՝ հաշւի առնելով նաեւ Ադրբեջանում մարդու իրաւունքների վիճակը։

Արդէն երկար ժամանակ է մենք մշտական անհանգստութեան ու ծանր ապրումների մէջ ենք։ Ադրբեջանում մեկնարկած կեղծ դատավարութեան արդիւնքում հայրս դատապարտւեց ցմահ ազատազրկման, սակայն կարծում եմ՝ կարիք չկայ անդրադառնալու այդ դատավարութեան շինծու բնոյթին։

Հայ գերիներից հայրս, Ռուբէն Վարդանեանը եւ Դաւիթ Բաբայեանը ձայնագրութիւնների միջոցով հայ հանրութեանը փոխանցել են դատավարութեան կեղծ բնոյթի մասին տեղեկութիւններ։ Դրանք հանրածանօթ են նաեւ այս խորհրդարանում։

Փաստօրէն, միջազգային իրաւունքի հիմունքներից մէկը հանդիսացող ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման իրաւունքի իրացման պայքարի համար մարդիկ դատապարտւում են, իսկ դատապարտող պետութիւնը խուսափում է պատասխանատւութիւնից։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան ընթացիկ բանակցութիւնները որեւէ կերպ չեն անդրադառնում հակամարտութեան հումանիտար (մարդասիրական) կողմին եւ չեն յանգեցրել հայ ռազմագերիների ազատ արձակմանը։ Թէեւ միջազգային պրակտիկայում (փորձին մէջ) յայտնի գրեթէ բոլոր խաղաղութեան համաձայնագրերը յանգեցրել են առաջին հերթին հէնց ռազմագերիների ազատ արձակմանը։ Ադրբեջանը հետեւողականօրէն խուսափում է դրանից։

Ինչպէս հայրս ասել է՝ այս դատավարութիւնն ուղղւած է Հայաստանի Հանրապետութեան դէմ։ Հետեւաբար, Բաքւում պահւող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործւում են Հայաստանի դէմ։ Այս հանգամանքը լրջօրէն հարցականի տակ է դնում իրական խաղաղութեան հանդէպ Ադրբեջանի յանձնառութիւնը։

Յարգելի գործընկերներ,

Եւս մէկ անգամ շնորհակալութիւն յայտնելով այս հնարաւորութեան համար՝ խնդրում եմ անել հնարաւորը՝ նպաստելու Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների ազատ արձակմանը։

Հաշւի առնելով Եւրոպական Միութեան ներգրաււածութիւնն ու հեռահար նպատակները մեր տարածաշրջանում՝ ես լիայոյս եմ, որ քաղաքական կամքի առկայութեան պարագայում Եւրոպական Միութեան գործադիր իշխանութիւնը կարող է Ադրբեջանի վրայ իրական ճնշում գործադրել այս հարցով:

Related Articles

Back to top button