ԻրանՄիջազգայինՔաղաքական

Հորմոզի շուրջ լարւածութիւնը մտնում է նոր փուլ

Իրանը հաղորդում է նոր հարւածների, Սեփահը սպառնում է CENTCOM-ին, իսկ ՄԱԿ-ը կոչ է անում կանխել հակամարտութեան հետագայ սրացումը

Պարսից ծոցում եւ Հորմոզի նեղուցի շրջակայքում իրավիճակը շարունակւում է լարւել։ Իրանական պաշտօնական աղբիւրների համաձայն Բուշեհրի մօտ, Խարք կղզու շրջակայքում, երկրորդ անգամ ամերիկեան հրթիռներով թիրախաւորւել է «Belma NI 22» նաւթատարը, որը, ըստ իրանական կողմի, դատարկ բաքերով կայանած է եղել։

Միաժամանակ Իրանի բանակի ռազմածովային ուժերը յայտարարել են, որ «Սաէղէ» գործողութեան 13-րդ փուլում «ափ-ծով» տեսակի հրթիռներով հարւած են հասցրել Հնդկական ովկիանոսի հիւսիսային հատւածում գտնւող հակառակորդի նաւերին։

Լարւած ֆոնի վրայ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նաեւ զգուշացրել են, որ ամերիկեան CENTCOM-ի դէմ գործողութեան «զրոյական ժամը» մօտենում է, թէեւ յայտարարութեան մէջ լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակւել։

Միեւնոյն ժամանակ ԱՄՆ-ի հարւածները շարունակւել են նաեւ Հորմոզգան նահանգում։ Պաշտօնական տեղեկութիւններով՝ թիրախաւորւել են եւս երեք կամուրջ եւ մէկ թունել, իսկ Ջասկի Բունջի գիւղի նաւամատոյցում հրթիռակոծութեան հետեւանքով վնասւել են էլեկտրամատակարարման եւ ծովաջրի աղազերծման կայանների պոմպերը, ինչի հետեւանքով արեւմտեան Ջասկի մի շարք բնակավայրեր զրկւել են խմելու ջրից։

Միջազգային արձագանգի շրջանակում ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը դատապարտել է Իրանի քաղաքացիական ենթակառուցւածքների վրայ իրականացւող յարձակումները՝ ընդգծելով, որ հակամարտութիւնը ռազմական լուծում չունի եւ անհրաժեշտ է աշխուժացնել դիւանագիտական ջանքերը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովն էլ յայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները գտնւում են փլուզման եզրին՝ շեշտելով, որ Մոսկւան շահագրգռւած է Հորմոզի նեղուցում ազատ եւ անխափան նաւարկութեան վերականգնմամբ։

Related Articles

Back to top button