ԻրանՔաղաքական

ԱԳ նախարարութեան յայտարարութիւնը՝ Իսրայէլի դէմ Իրանի պաշտպանական գործողութիւնների մասին

«ԱԼԻՔ» – Իսրայէլի դէմ Իրանի պաշտպանական գործողութիւնների մասին ԱԳ նախարարութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ:

«Իրանի Իսլամական Հանրապետութեան զինւած ուժերը, ՄԱԿ-ի կանոնադրութեան 51-րդ յօդւածում ամրագրւած օրինական պաշտպանութեան յատուկ իրաւունքի իրագործմանը համահունչ, եւ ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիւ գործողութիւնների, ներառեալ Իրանի Իսլամական Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան դէմ յարձակումը,  Թեհրանում ՀԱՄԱՍ շարժման Քաղաքական Բիւրոյի ղեկավարի նահատակութիւնը, ով Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան պաշտօնական հիւրն էր, ինչպէս նաեւ Լիբանանի «Հեզբօլլահ»-ի գլխաւոր քարտուղարի եւ մեր երկրի գլխաւոր ռազմական խորհրդական գեներալ Նիլֆորոշանի նահատակութեանը Բէյրութում, 1403 թւականի մեհրի 10-ի երեկոյեան մի շարք հրթիռային յարձակումներ են իրականացրել այս ռեժիմի թիրախների ու ռազմական ու անվտանգութեան օբիեկտների դէմ։

Իրանի Իսլամական Հանրապետութեան ինքնապաշտպանութեան իրաւունքի դիմելը, երկար ժամանակ զսպւածութիւնից յետոյ, ցոյց է տալիս Իրանի պատասխանատու մօտեցումը տարածաշրջանային ու միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան նկատմամբ այն ժամանակ, երբ Սիոնիստական ​​ցեղապաշտ ռեժիմի անօրինական եւ ցեղասպանական գործողութիւններն ընդդէմ պաղեստինեան ժողովրդի եւ վարչակարգի կրկնւող ռազմական ագրեսիան Լիբանանի եւ Սիրիայի դէմ շարունակւում է:

Ի տարբերութիւն Սիոնիստական ​​ռեժիմի, որը միշտ անմեղ քաղաքացիներին եւ քաղաքացիական ենթակառուցւածքները համարել է ագրեսիայի եւ սպանութիւնների օրինական թիրախ, Իրանի իսլամական Հանրապետութիւնը հիմնւած իսլամական բարոյականութեան բարձրագոյն սկզբունքների եւ ուսմունքների վրայ, եւ միջազգային մարդասիրական իրաւունքին համապատասխան տարբերակման սկզբունքին լիովին համապատասխան՝ թիրախաւորել է միայն ռեժիմի ռազմական ու անվտանգային օբիեկտներն ու ենթակառուցւածքները:

Իրանի Իսլամական Հանրապետութիւնն ընդգծելով բռնազաւթիչ ռեժիմի աջակիցների, ֆինանսաւորողների եւ զէնք մատակարարողների պատասխանատւութիւնը՝ կասեցնելու Սիոնիստական ռեժիմի ղեկավարների խելայեղ գործողութիւնները, նախազգուշացնում է հակամարտութեան մէջ երրորդ կողմի ներքաշման մասին, եւ կոչ է անում անյապաղ եւ բովանդակալից քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից՝ կանխելու իսրայէլական ռեժիմի կողմից տարածաշրջանային եւ միջազգային խաղաղութեանն ու անվտանգութեանը սպառնացող շարունակական սպառնալիքը:

Անհրաժեշտութեան դէպքում, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պատրաստ է յաւելեալ պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու իր օրինական շահերը, տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխան գոյութիւնը ցանկացած ռազմական ագրեսիայից եւ ուժի անօրինական կիրառումից, եւ այս հարցում չի տարակուսելու»,- ասւած է ԱԳՆ տարածած յայտարարութիւնում:

Related Articles

Back to top button