Դատարանը երկու ամսով կալանաւորել է Ռուբէն Յակոբեանին

«ԱԼԻՔ» – Երեւանի Աւան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանը երկու ամսով կալանաւորել է Ռուբէն Յակոբեանին։
Նշենք, որ երէկ՝ յուլիսի 18-ին, ձերբակալւել էր քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Ռուբէն Յակոբեանը, ով վերջին շրջանում խիստ քննադատութեան է ենթարկում Նիկոլ Փաշինեանին:
Նրան ձերբակալել էին հարցազրոյց տալու ընթացքում իշխանութիւնը զաւթելուն ուղղւած հրապարակային կոչ հնչեցնելու համար:
«ՀՀ քննչական կոմիտէի պետութեան, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների քննութեան գլխաւոր վարչութիւնում իրականացւող քրէական վարոյթով փաստական տւեալներ են ձեռք բերւել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թւականի յուլիսի 1-ին զանգւածային լրատւութեան միջոցով հարցազրոյց տալու ընթացքում հնչեցրել է իշխանութիւնը զաւթելուն ուղղւած հրապարակային կոչ»,- լրատւամիջոցներին ասել էր ՔԿ խօսնակ Կիմա Աւդալեանը: