ՄիջազգայինՔաղաքական

Կալիֆորնիայի նահանգապետը դատի է տւել Թրամփի վարչակազմին՝ Լոս Անջելէսում Ազգային գւարդիայի զօրքերի տեղակայման համար

«ԱԼԻՔ» – Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նիւսոմը դատի է տւել Թրամփի վարչակազմին՝ Լոս Անջելէս Ազգային գւարդիայի զօրքերի տեղակայման պատճառով: Հաղորդում է Bloomberg-ը։

«Սա յատկապէս Դոնալդ Թրամփի ցանկութիւնն էր։ Նա անօրինականօրէն է գործել՝ Ազգային գւարդիան տեղակացնելու համար։ Նրա ստորագրած հրամանագիրը միայն [Կալիֆորնիային] չի վերաբերում։ Դա նրան թոյլ կը տայ մուտք գործել ցանկացած նահանգ եւ վարւել նոյն կերպ։ Մենք նրան դատի ենք տալիս»,- շեշտել է Նիւսոմը:

Նիւսոմն աւելի վաղ Թրամփի՝ Ազգային գւարդիան տեղակայելու որոշումը «անօրինական» եւ «անբարոյական» քայլ էր որակել։

Նիւ Եօրքի նախկին նահանգապետ Էնդրիւ Կուոմոն յայտարարել է, որ իր հայրենի քաղաքը կարող է յաջորդը լինել։ «Ըստ իս՝ աւելի վատ է լինելու, եւ դա Նիւ Եօրքի համար է լինելու»,- Bloomberg Radio-ին տւած հարցազրոյցում յայտարարել է նա:

Կուոմոյի կարծիքով՝ Նիւսոմի կամքին հակառակ Լոս Անջելէս Ազգային գւարդիա ուղարկելու Թրամփի որոշումը նախագահի քաոս ստեղծելու բանաձեւի մի մասն էր։

Լոս Անջելէսում ներգաղթային ռէյդերից յետոյ զանգւածային անկարգութիւններ են սկսւել, որոնք քաղաքում ուղեկցւել են ոստիկանութեան հետ բախումներով, աւտոմեքենաների հրկիզումներով, թալանով եւ ձերբակալութիւններով։

Թրամփը քաղաք է ուղարկել Ազգային գւարդիայի 2000 զինւոր, ինչը քաղաքական սկանդալ է առաջացրել։

Related Articles

Back to top button