Թուրքիան ԱՄՆ-ին տեղեկացրել է PKK-ն ոչնչացնելու իր մտադրութեան մասին
«ԱԼԻՔ» – Թուրքիան ԱՄՆ-ին տեղեկացրել է Սիրիայում «Քրդական Աշխատաւորական կուսակցութեան»-ը (PKK) ոչնչացնելու իր մտադրութեան մասին եւ յոյս ունի, որ Վաշինգտոնում «կը վերանայեն դիրքորոշումը»: Այս մասին ըստ թուրքական լրատւամիջոցների՝ յայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանութեան նախարար Եաշար Գիւլերը:
Նա ընդգծել է, որ ո՛չ սիրիացի ժողովուրդը, ո՛չ սիրիական նոր վարչակազմը, ո՛չ էլ Թուրքիան PKK-ին թոյլ չեն տայ գործունէութիւն ծաւալել Սիրիայում:
«Մեր առաջնահերթութիւնը PKK ահաբեկչական կազմակերպութեան ոչնչացումն է։ Դրա մասին յստակ յայտնել ենք մեր ամերիկացի գործընկերներին։ Ակնկալում ենք, որ նրանք կը վերանայեն իրենց դիրքորոշումը»,- յայտարարել է Թուրքիայի պաշտպանութեան նախարարը։
Նա նաեւ նշել է, որ պաշտօնական Անկարան պատրաստ է ռազմական աջակցութիւն ցուցաբերել Սիրիայի նոր կառավարութեանը, եթէ նա նման խնդրանք ներկայացնի:
Ըստ Թուրքիայի պաշտպանութեան նախարարի՝ մէկ շաբաթ առաջ նախագահ Բաշշար Ասադին տապալած Սիրիայի նոր կառավարութեանը «պէտք է հնարաւորութիւն ընձեռւի»:
Գիւլերը յաւելել է, որ Թուրքիան «պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցութիւնը, եթէ նոր վարչակազմը խնդրի դրա մասին»։