Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի ԱԺ խմբակցութիւնների յայտարարութիւնը

Ադրբեջանի կողմից օկուպացւած Արցախի Հանրապետութեան տարածքից ՌԴ խաղաղապահ զօրախմբի դուրսբերման գործընթացը, որը մեկնարկեց օրերս, խիստ մտահոգիչ է ամիսներ առաջ ցեղասպանութեան իրական սպառնալիքի տակ իր հայրենիքից տեղահանւած 150 հազար արցախցիների համար: Արցախի Հանրապետութեան ժողովրդի կողմից ընտրւած օրինական իշխանութիւնների եւ Ազգային ժողովի խմբակցութիւնների համար նախորդ ամիսներին եղել եւ շարունակում է առաջնահերթութիւն մնալ արժանապատիւ եւ հաւաքական վերադարձի հարցը, որում անկիւնաքարային նշանակութիւն ունի մեր հիմնարար իրաւունքների եւ անվտանգութեան երաշխաւորումը։

2020 թ. սեպտեմբերի 27-ից յետոյ մեր տարածաշրջանը յայտնւել է լուրջ տրանսֆորմացիաների տիրոյթում եւ 44-օրեայ պատերազմից յետոյ ստեղծւած իրավիճակը որեւէ կերպ չի երաշխաւորում սպասւած եւ խոստացւած տեւական խաղաղութիւնն ու կայունութիւնը: Արցախի ժողովուրդն իր կամքից անկախ յայտնւեց 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութեան դրոյթների թակարդում եւ հաւատաց Ռուսաստանի Դաշնութեան բարձր ղեկավարութեան՝ իր անվտանգութիւնն ապահովելու հաւաստիացումներին: Ստիպւած ենք ցաւով ու ափսոսանքով արձանագրել, որ Եռակողմ յայտարարութիւնը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձաւ երկրորդական նշանակութեան խնդիր, որի պատճառով 2023 թ. սեպտեմբերին Արցախն ամբողջովին հայաթափւեց:

Միաժամանակ, ակնյայտ է, որ Արցախում միջազգային ներկայութեան բացակայութիւնը լրացուցիչ ազատութիւն է տալու «ամէն հայկականի» ոչնչացման եւ ընդհանրապէս հայկական հետքի վերացման քաղաքականութիւն իրականացնող Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեանը։ Նման իրավիճակում սպառնալիքի տակ են յայտնւելու հայկական հոգեւոր, մշակութային բազմադարեայ կոթողները, հայութեան սեփականութիւնն ու ազգային ունեցւածքը:

Արցախի ժողովրդի՝ իր հազարամեայ հայրենիքում միջազգային երաշխիքների առկայութեամբ, բոլոր իրաւունքների ու ազատութիւնների պահպանմամբ անվտանգ ու ապահով ապրելը անքակտելի իրաւունք է, եւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի երեք խմբակցութիւնները մտահոգւած են, որ Արցախից միջազգային կառոյցների դուրսբերումն ընդհանրապէս, իսկ ռուս խաղաղապահ զօրակազմի դուրսբերումը՝ մասնաւորապէս, վտանգում է այդ իրաւունքը։ Միաժամանակ, կարեւոր ենք համարում ընդգծել նաեւ, որ նման որոշումների կայացումն առանց տարածաշրջանի բնիկ ժողովրդի՝ արցախահայութեան ներկայացուցիչների հետ քննարկումների, անընդունելի է եւ որեւէ կերպ չի կարող նպաստել կայուն, երկարաժամկէտ խաղաղութեան հաստատմանն ու խնդրի հանգուցալուծմանը։

Ելնելով վերոգրեալից՝ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնները յորդորում են ՌԴ համապատասխան կառոյցներին ու նրանց պատասխանատուներին անյապաղ խորհրդատւութիւններ ու քննարկումներ սկսել Արցախի ժողովրդի օրինական ընտրւած ներկայացուցիչների հետ՝ Արցախի Հանրապետութեան տարածքից ՌԴ խաղաղապահ զօրախմբի դուրսբերման իրական պատճառների, դրա հետեւանքով ստեղծւած աղէտալի վիճակի, առաջացած բազմաթիւ մարտահրաւէրների եւ դրանց յաղթահարման համար անհրաժեշտ ջանքեր գործադրելու վերաբերեալ:

«Արդարութիւն» խմբակցութիւն

«Հ. Յ. Դաշնակցութիւն» խմբակցութիւն

«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւն»

Երեւան, 19.04.2024 թ.

Related Articles

Back to top button