Ունենք դրական ալիքի վրայ ընթացող շարժում, որն ունի թափ հաւաքելու մեծ պոտենցիալ, եւ եթէ չանենք կոպիտ սխալներ, հէնց այդպէս էլ լինելու է
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ
Շարժման ընթացքը. որտեղ ենք, եւ ինչից է պէտք խուսափել
Որտեղ ենք.
1. Իշխանութիւնը գնում է մարման. սա յուշում է հաւաքական փորձառութիւնը եւ շարժման ընթացքը։
2. Ամենադժւար փուլը յաջողել է. ստեղծւել է զգալի կայուն կորիզ։ Հայաստանում ձեւաւորւել է նոր խոշոր ընտրազանգւած, որի պահանջը խորքային փոփոխութիւնն է։
3. Շարժումը մի քանի ճշգրիտ ձեւակերպումների շնորհիւ արտաքին աշխարհի համար սկսել է ընկալւել որպէս Հայաստանի ներքին գործ, որը սպառնալիք չէ տարածաշրջանի համար։
4. Շարժումը թակել է ամենամեծ ընտրազանգւածի՝ մշտական դիտորդների, տատանւողների դուռը։ Եւ այդ դռները սկսում են բացւել։
Այսպիսով՝ ունենք դրական ալիքի վրայ ընթացող շարժում, որն ունի թափ հաւաքելու մեծ պոտենցիալ։ Եւ եթէ չանենք կոպիտ սխալներ, հէնց այդպէս էլ լինելու է։
Ինչ է անում իշխանութիւնը. փորձում է պահել իր իշխանութիւնը։ Ինչպէ՞ս.
1. Հակաքարոզչութիւն (արւում է առաւելագոյնը, արդիւնքը խիստ սահմանափակ է)
2. Բիրտ ուժ, ռեպրեսիաներ (արւում է եւ արւելու է, բայց սա ունի իր հակաթոյնը, որի մասին՝ յաջորդ անգամ)։
3. Սպասում է Շարժման սեփական սխալներին (ամենավտանգաւորը սա է, եթէ չլինեն այդ սխալները կամ հասցւեն հնարաւոր մինիմումին, իշխանութեան դիմադրելու ռեսուրսները մաշւելու-վերջանալու են)։
Շարժման պարտութիւնն ամբողջ հասարակութեան պարտութիւնն է, հետեւաբար այն պէտք է յաղթի
1. Թրենդը պէտք է մնայ նոյնը. դրական ալիքն ունի աճելու զգալի պոտենցիալ։ Պէտք է գնալ հէնց այդ ուղղութեամբ։
2. Շարժումը չպէտք է վերածւի ընդդիմութեան։ Համաժողովրդական շարժումն իր հանդարտութեամբ, յամառութեամբ, հաշտութեան հաստատակամութեամբ, իր բովանդակութեամբ, կադրերով, ծրագրերով, ապագայի տեսլականով, պատրաստւածութեամբ, հանրային ահռելի ճնշման ալիքով պէտք է վերածւի իշխանութեան։ Սա հանրային առողջացման պրոցես է, ոչ թէ քաղաքական պայքար։ Այստեղ «եթէ» չկայ, շարժման պարտութիւնը հերթական ընդդիմութեան պարտութիւնը չէ, այն ամբողջ հասարակութեան ու մեր հեռանկարի պարտութիւնն է։
3. Պէտք է ընդունենք նաեւ, որ հասարակութեան մէջ կան կարեւոր հարցեր, որոնց շարժումը դեռ չի անդրադարձել (սոցիալական թեմաներ, սոցիալական արդարութեան հարցեր, համակեցութեան խնդիրներ եւ այլն, որոնք կան հանրային հաւաքական մտքում եւ սրանք պատասխանների են սպասում)։ Դրանք այն հարցերն են, որոնք կարող են շարժման շուրջ մարդկային եւ հանրային համախմբման նոր ռեսուրս ստեղծել։ Իսկ սա արդէն ֆիզիկա է, ոչ թէ քաղաքագիտութիւն։ Նման ճնշմանը ոչ մի իշխանութիւն չի դիմանայ»։
4. Իշխանութեան ամենագործուն լծակը բերետաւորն է։ Շարժումը պէտք է ամէն կերպ զրկի իշխանութեանն այդ գործիքը կիրառելու հնարաւորութիւնից։ Նախորդ շաբաթներին Սրբազանն ունենում էր բազմաթիւ կարեւոր հանդիպումներ սոցիալական եւ մասնագիտական շրջանակների հետ, խօսում էր կարեւորագոյն թեմաներից եւ տալիս էր կարեւոր ուղերձներ՝ հասարակութեանը եւ արտաքին աշխարհին։ Նիկոլ, ըստ էութեան, Երեւանում եւ երկրում չկար, դա էր ընթացքը, եւ դա էր շարժման թափ հաւաքելու պատճառը։ ՄԷԿ հոգին զրկւած էր իր սիրած գործիքը՝ բերետաւորին օգտագործելու հնարաւորութիւնից։ Իշխանական հակաթեզերը արհեստական էին ու չաշխատեցին։ ՄԷԿ հոգին դա ֆիքսեց։ Իշխանութիւնը մօտ տասը օր չգիտէր՝ ինչ անէր։ Այս պայմաններում իշխանութիւնը երազում է, որ դու ստեղծես հնարաւորութիւն, թոյլ տաս, որ նա կիրառի իր միակ զէնքը՝ բերետաւորին։ Շարժման խնդիրն է՝ այս պահին սա թոյլ չտալ։