Քաղաքական առաջնահերթութեան շրջանակում Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը, Արցախում ցեղասպանութեան եւ ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազաւթման համար Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու նպատակով, շարունակում է աշխատանքներն ամերիկեան Կոնգրեսում։
Ըստ այդմ՝ 2025 թ. ֆիսկալ տարւայ համար ներկայացւած «ԱՄՆ Ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտում» ներկայացւել են թւով տասը օրէնսդրական առաջարկներ։
Կոնգրեսականների կողմից ներկայացւած դրոյթներում առաջարկւում են լուծումներ, որոնք արգելում են ԱՄՆ ռազմական օգնութիւնն Ադրբեջանին, արգելում են ամերիկեան ռազմական արտադրանքի թոյլտւութիւնների տրամադրումն Ադրբեջանին եւ նախատեսում են հետաքննութիւն՝ պարզելու պատժամիջոցներից խուսափելու ադրբեջանական քաղաքականութեան էութիւնը:
Օրէնսդրական առաջարկները ներառում են նաեւ միջոցառումներ, որոնք ուղղւած կը լինեն Հայաստանի ինքնիշխանութեանն ու անվտանգութեան բարձրացմանն ուղղւած ամերիկեան աջակցութեան ձեւաւորմանը՝ ներառեալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելութեանը ամերիկեան աջակցութիւնը:
Կոնգրեսում ներկայացւած առաջարկների վերաբերեալ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է. «Անցեալ տարի Արցախի էթնիկ զտումների համար ԱՄՆ-ի կողմից համապատասխան պատժամիջոցների չհանդիպելով՝ Ադրբեջանն այսօր գոյութենական սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ինքնիշխանութեանը եւ գոյութեանը։ Կոնգրեսը պէտք է քայլեր ձեռնարկի այնտեղ, որտեղ ԱՄՆ-ի իրարայաջորդ վարչակազմերը ձախողել են՝ պատասխանատւութեան ենթարկելու Ադրբեջանին, զսպելու վերսկսւած ագրեսիան եւ ապահովելու Արցախի բնիկ բնակչութեան անվտանգ ու ապահով վերադարձը իր պատմական հայրենիք՝ միջազգային պաշտպանութեան ներքոյ»:
Առաջարկներ են ներկայացւել նաեւ ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւնների վերաբերեալ։ Դրանց նպատակն է ապահովել վերահսկողութիւն եւ թափանցիկութիւն՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային զէնք վաճառելու հարցում՝ միաժամանակ հետաքննելով, թէ արդեօ՞ք Թուրքիայի ապակայունացնող պահւածքը տարածաշրջանում համապատասխանում է ՆԱՏՕ-ի դաշնակցից առկայ ակնկալիքներին:
Ներկայացւած առաջարկների ընդունմանը հասնելու համար՝ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակն իրականացնում է ամերիկահայ համայնքի մոբիլիզացիա եւ, յանձնախմբի համապատասխան տեղեկատւական հարթակների միջոցով, համայնքային ճնշման ապահովում։
Ստորեւ՝ ներկայացւած օրէնսդրական առաջարկները.
1. (Amendment 396, ներկայացւած Մայք Լոլերի եւ Ֆրանկ Փալոնի կողմից)
Առաջարկւում է արգելք սահմանել Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան օժանդակութիւնը բացառող օրէնքի չեղարկման իրաւունքի (waiver authority) վրայ։
2. (Amendment 568, ներկայացւած Ադամ Շիֆի կողմից)
Ադրբեջանին կոչ է արւում՝ անյապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարւած խաղաղ բնակիչներին։
3. (Amendment 570, ներկայացւած Ադամ Շիֆի կողմից)
Ադրբեջանի համար արգելւում է յարձակողական բնոյթի սարքաւորումների արտահանման ցանկացած նոր թոյլտւութեան տրամադրում:
4. (Amendment 1048, ներկայացւած Ան Էշուի կողմից)
Պաշտպանութեան նախարարութեանը յանձնարարւում է մշակել ռազմավարութիւն՝ ամրապնդելու անվտանգութեան ոլորտում ԱՄՆ-Հայաստան համագործակցութիւնը եւ զսպելու Ադրբեջանի հետագայ ագրեսիան։
5. (Amendment 1110, ներկայացւած Էեթի Փորթերի կողմից)
Յանձնարարւում է զեկոյց պատրաստել միջազգային պատժամիջոցների ներքոյ գտնւող ռուսական եւ իրանական ընկերութիւնների հետ Ադրբեջանի էներգետիկ գործընկերութեան վերաբերեալ:
6. (Amendment 120, ներկայացւած Գուս Բիլիրակիսի եւ Էրիս Փափերսի կողմից)
Պաշտպանութեան նախարարի հետ համաձայնեցւած՝ Պետքարտուղարից եւ ֆինանսների նախարարից զեկոյցի պահանջ՝ ներառեալ S-400 հակաօդային պաշտպանութեան համակարգերի գնման համար Թուրքիայի դէմ պատժամիջոցների ազդեցութեան վերանայման վերաբերեալ, ԱՄՆ ազգային անվտանգութեան համար դրանց տեղակայման սպառնալիքի գնահատում եւ ՆԱՏՕ-ի անդամների հետ թուրքական զինւած ուժերի փոխգործունակ մնալու կարողութեան գնահատում։
7. (Amendment 122, ներկայացւած Գուս Բիլիրակիսի եւ Էրիս Փափերսի կողմից)
ԱՄՆ կառավարութեան հաշւետւողականութեան գրասենեակից (USGAO) պահանջւում է վերանայել եւ հաստատել պաշտպանութեան նախարարութեան եւ պետդեպարտամենտի արտակարգ իրավիճակների պլանները Թուրքիայում գտնւող ԱՄՆ-ի զգայուն տւեալների եւ սպառազինութիւնների համակարգերի՝ ներառեալ միջուկային զէնքի եւ F-35 ծրագրին առնչւող տեղեկութիւնների վերադիրքաւորման վերաբերեալ:
8. (Amendment 313, ներկայացւած Գուս Բիլիրակիսի կողմից)
Պահանջւում է զեկոյց առ այն, թէ արդեօ՞ք Թուրքիայի կառավարութիւնը էականօրէն խախտում է Հիւսիսատլանտեան պայմանագիրը:
9. (Amendment 318, ներկայացւած Գուս Բիլիրակիսի եւ Էրիս Փափերսի կողմից)
Պահանջւում է զեկոյց՝ պատժամիջոցներից խուսափելու հարցում թուրք-իրանական համագործակցութեան վերաբերեալ։
10. (Amendment 744, ներկայացւած Ռաշիդա Թլայբի կողմից)
Արգելւում է անվտանգութեան օժանդակութեան տրամադրումը ցանկացած երկրի, որը վերջին տասը տարիներին ռազմական ուժ է կիրառել բժշկական հաստատութեան, ՄԱԿ-ի, փախստականների ճամբարների, հումանիտար աշխատողների կամ լրագրողների դէմ, կատարել կամ աջակցել է բռնի տեղահանութեան յանցագործութեան իրականացմանը, կամ խոչընդոտել է մարդասիրական օգնութեան առաքումը։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ