Հայ Դատ

Տատիկս մարեց նւիրական երազանքով՝ գնալ սիրելի ծննդավայր Իգդիր, որից բռնի հեռացել էր՝ 10 տարեկանը չբոլորած

ԳԱՅԻԱՆԷ ՄԱՆՈՒԿԵԱՆ

«Հայոց Ցեղասպանութեան արտացոլումը 1915-ի մամուլի էջերում» երկհատորեակի գլխաւոր խմբագիր

 

Տատիկս՝ Յասմիկ Կանայեանը, մարեց 1998-ի ապրիլի 23-ի լոյս 24-ի գիշերը՝ երեք նւիրական երազանք շուրթերին՝ այցելել 7 քոյրերից՝ Ցեղասպանութեան ճիրաններից միակ փրկւած Հեղինեի, կաղզւանցի ամուսնու՝ Վաղինակի շիրիմներին եւ ամբողջ կեանքի ամենաբաղձալի երազանքը՝ գնալ սիրելի ծննդավայր Իգդիրը, որից բռնի հեռացել էր՝ 10 տարեկանը չբոլորած:

Իր կեանքի յուշագրութիւնը Կասմիկ Կանայեանը կառուցել էր բացառապէս իր ընդհատւած մանկութեան յուշերից… Ծնւել էր Իգդիրում՝ Կանայեանների գերդաստանում, մեծ զօրավար Դրաստամատ Կանայեանի հօրեղբօր որդու՝ Յակոբի ընտանիքում: Մանկութիւնն ընդհատւում է, երբ թուրք զինւորականները նրան ու քոյրերին բռնի տանում են մարագը եւ կրակի տալիս: Բարեբախտաբար, Դրոյի կողմից ուղարկւած կամաւորները ժամանակին օգնութեան են հասնում, եւ տատիկս փրկւում է:

Յասմիկ տատիկը երկար լռում էր այս դէպքը վերապատմելիս, կարծես կրկին լսում էր ողբի ձայները հրդեհի ժամանակ…

Այնուհետեւ, շարունակելով պատմութիւնը, նշում էր, որ երբ որոշ ժամանակ անց ստիպւած էին անցել դեռեւս ծխացող գոմի կողքով, գետնին նկատելի էին կանանց դիերի մնացորդներ՝ ածխացած մասեր ու ոսկորներ: Մարագ էր բռնի քշւել նաեւ տատիկիս մայրը՝ Իսկուհին, որը, գուցէ վախից ու տեսած սարսափներից, օրեր անց մահանում է վաղաժամ ծննդաբերութեան ժամանակ:

Իգդիր քաղաքի մասին խօսում էր անյագ կարօտով եւ գուրգուրանքով: Հպարտութեամբ էր նշում, որ յաճախել է Իգդիրի իգական վարժարան, ապա փորձում էր նկարագրել քաղաքի երեք եկեղեցիները, որոնց պատերի ներքոյ ապաստան էին փնտրում հայ գաղթականները: Յիշում էր, որ գաղթականները՝ սովամահ, ամէն տեղ եւ իւրաքանչիւր փողոցում էին, իսկ ինքը քոյրերի հետ հաց եւ ջուր էր տանում՝ յատկապէս ալաշկերտցի գաղթականներին: Դառնութեամբ յիշում էր, որ Շողակաթ քոյրը, խեղճ եւ հիւանդ գաղթականներից վարակւելով, հիւանդացել ու վախճանւել է իր ձեռքերին:

Թաքուն հպարտութեամբ, սակայն յոյժ գաղտնի բոլորիս տեղեկացնում էր, որ Դրօն իր հօրեղբայրն է, եւ, որ իր հայրը՝ Յակոբը, մի առաւօտ, աղջիկներին սեղմելով գրկում, գնում է Իգդիր-Մաւա գիւղը՝ զօրագրւելու կամաւորական շարժմանը: Տատիկս ասում էր, որ Իգդիրի շրջակայքում երեք թուրքական գիւղ, միանալով Մասիսի շուրջ ծւարած քրդերին, Իգդիրի եւ շրջակայ բնակավայրերի բնակիչներին ու այնտեղ ապաստան գտած գաղթականներին յաճախ էին կողոպտում, թալանում եւ բռնաճնշում: Տատիկիս հայրը՝ Յակոբը, լսելով, որ հօրեղբօր որդին՝ Դրոն, նշանակւել է զինւորական նախարար եւ կարգադրել մաքրել այդ գիւղերը, միանալով հայկական կամաւորական գնդերին, գնում է Արաբկիրլու գիւղը, որտեղ թուրքերն անխնայ կոտորել էին հայերին եւ տիրացել նրանց ունեցւածքին: Գիւղն ազատագրելուց յետոյ հայրը վերադարձել է տուն վիրաւոր եւ մի քանի օրից վախճանւել: Մնալով խորթ մօր խնամքի տակ՝ Կանայեան քոյրերը շարունակում են օգնել գաղթականներին եւ վիրաւորներին, որոնց տեղաւորել էին Դրոյի հօր՝ հիւանդանոց դարձած տանը:

Յասմիկ տատիկը նշում էր, որ երկու անգամ են բռնել գաղթի ճամբան. երբ վերադարձել էին Իգդիր, տեսել էին, որ քաղաքը վերածւել է գերեզմանոցի, իսկ բոլոր հայերի տները թալանւած են: Թուրք հարեւանները ճարպկօրէն սողոսկել էին նաեւ իրենց տուն եւ տարել ամէն ինչ, նոյնիսկ հարեւան թրքուհին հագել էր հանգուցեալ մօր հագուստները:

Յասմիկ տատիկը ցաւով յիշում էր, որ թրքուհի հարեւանուհիները լցւել էին իրենց տուն ու բացայայտ մատնացոյց էին անում, թէ ով ինչ է ուզում վերցնել: Տատիկի մեծ քրոջ ձեռքին մօրից յիշատակ մնացած մատանի է եղել: Հարեւան թրքուհին, որ իր բարեկամուհու հետ եկել էր տան ունեցւածքը թալանելու, նկատում է մատանին եւ պահանջում իրեն տալ: Տատիկիս քոյրն ընդդիմանում է, այդ ժամանակ թրքուհիներից մէկը դանակով յարձակւում է, որպէսզի, մատը կտրելով, տիրանայ մատանուն: Այդ ժամանակ տատիկիս քոյրերից մէկը, որ այդ ժամանակ թրքուհիների թիկունքում է կանգնած եղել, ծանր իրով հարւածում է երկուսին էլ, որից յետոյ փախչում են տնից՝ յաւերժ լքելով հայրենի օջախը:

Խառնւելով տարագիր գաղթականներին՝ քոյրերը, չիմանալով, թէ որ կողմ են փախչում, կորցնում են միմեանց: Յասմիկն աւագ քրոջ՝ Հրանուշի հետ, միանում է որբուկների մի խմբի՝ ճանապարհին տեսնելով ծերունիների եւ մանկահասակ տղաների մերկանդամ դիակների կոյտ, որտեղ երեխաներից շատերն իրենց ծնողներին կամ եղբայրներին են փորձել գտնել: Սակայն նրանց հետապնդող թուրքական եւ քրդական ոհմակը որբուկներին քշում է հարեւան մի բնակավայր, որտեղ նրանց բաժանում են առանձին խմբերի ու մտցնում մարագներ: Մի քուրդ, հրապուրւելով տատիկիս քրոջ՝ Հրանուշի գեղեկութեամբ, առաջարկում է ամուսնանալ, սակայն պատասխանի փոխարէն հայհոյանք ստանալով՝ կրակում է տատիկիս քրոջ սրտին:

Սպանւած քրոջը տեսնելով՝ տատիկս կորցնում է գիտակցութիւնը, ինչն էլ նրան փրկում է: Ուշքի է գալիս այրւող մարագներից եկող մարդկային սոսկալի ճիչերից եւ մի կերպ հասնում Արաքս գետը, որը վարարած էր, բայց խելակորոյս տարագիր գաղթականները փորձում էին անցնել այն: Մի կերպ հասնում է Երեւան, եւ մի օր շուկայում իգդիրցի հարեւաններից էեկը ճանաչելով նրան, բերում է արդէն Երեւանում հաստատւած ազգականների մօտ:

Տատիկս՝ Յասմիկ Կանայեանը, վառ պահելով իր ընտանիքի յիշատակը, մորմոքւելով հայրենի Իգդիր քաղաքի կարօտից, բարձի տակ «Նարեկ» էր պահում՝ յաճախ կարդալով հետեւեալ տողերը.

«Թող չպատահի ինձ յանկարծ՝ երկնել, սակայն չծնել,

Ողբալ՝ չարտասւել, խորհել՝ չհառաչել,

Ամպել՝ չանձրեւել, գնալ՝ չհասնել,

Քեզ ձայն տալ, եւ դու ձայնս չլսես,

Պաղատել, սակայն անտեսւած մնալ,

Կողկողել, սակայն դու չողորմես,

Աղաչել քեզ, սակայն չշահել ոչինչ,

Զոհեր մատուցել, բայց չճենճերել,

Քեզ տեսնել, սակայն ձեռնունայն դուրս գալ…»։

Related Articles

Back to top button