Հայ ԴատՍփիւռք

Ազատե՛լ Ադրբեջանում ապօրինի պահւող հայ գերիներին. ակցիաներ COP29–ին ընդառաջ

Աշխարհասփիւռ հայերն Ադրբեջանում անցկացւելիք COP29–ին ընդառաջ ակցիաներ են իրականացնում` պահանջելով ազատ արձակել հայ պատանդներին եւ գերեվարւած անձանց։ Տեղեկութիւնը յայտնում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը:

Տորոնտոյում երիտասարդները պաստառ են պարզել, որում պատկերւած են Ադրբեջանում ապօրինի պահւող հայերի լուսանկարները եւ գրւած է. «Ադրբեջանում ապօրինի պահւող հայերն են։ Ազա՛տ արձակէք հայ պատանդներին»։

Վաշինգտոնում էլ ակցիա է անցկացւել Ջոն Հոպկինսի համալսարանի մօտ։ Հէնց այստեղ է COP29-ին նւիրւած պանելային քննարկում անցկացւելու, որին նաեւ Ադրբեջանի կառավարութեան ներկայացուցիչներ են ներկայ լինելու։ Երիտասարդները պաստառներից մէկի վրայ գրել են «Ցեղասպանութիւն», իսկ միւսի վրայ կրկին կոչ են արել ազատ արձակել հայ պատանդներին։

Յիշեցնենք` պաշտօնական տւեալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահւում, որոնցից 17-ը գերեվարւել են 2023 թւականի ագրեսիայի հետեւանքով։ Նրանց թւում է նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը։

Ադրբեջանցի սահմանապահները 2023 թւականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբէն Վարդանեանին, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանին, Արցախի նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանին, ԼՂ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանին, Բակօ Սահակեանին, Արայիկ Յարութիւնեանին։ Երէկ էլ ադրբեջանական դատարանի որոշմամբ հերթական անգամ եւ ապօրինաբար երկարաձգւել է նրանց կալանքի ժամկէտը:

Arfd.am

Related Articles

Back to top button