ՀամայնքՀայ ԴատՀայաստան - ԱրցախՆոր Ջուղա

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ…

Սիրելի’ հայրենակիցներ,

Վերջին շաբաթների ընթացքին ականատեսը եղանք Տաւուշից սկսած եւ այնուհետեւ Հայաստանի բոլոր շրջաններում տարածւած անհնազանդութեան գործողութիւններին՝ ի բողոք Հայաստանի իշխող վարչախմբի կողմից Ադրբեջանին կատարւած միակողմանի զիջումների, Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը ոտնահարելուն, եւ հայրենիքը մաս-մաս վաճառելու գործընթացին։

Արդարացիօրէն այս անհնազանդութիւնները տարածւեցին ի մասնաւորի մայրաքաղաք Երեւանում, որտեղ վճռւում են սահմանազատման եւ սահմանագծման ապօրինի գործընթացները։

Վերջին օրերի ընթացքին, ցաւօք «ժողովրդավարութեան ամրոց» յայտարարող վարչախումբը փորձեց ոստիկանների կողմից անասելի բիրտ ուժի կիրառումով լռեցնել գիտակից ու հայրենանւէր ժողովրդի արդարութեան ձայնը։

Իրաւապահ մարմինները, որոնք Հայաստանի սահմանների եւ ապահովութեան պահպանման երաշխաւորողները պիտի դառնային, դուրս են եկել սեփական ժողովրդի դէմ՝ ոտնահարելով հիմնարար ազատութիւնները. բերման են ենթարկում կանանց, երեխաներին, բիրտ ուժ կիրառում անգամ զոհւած զինծառայողների մայրերի նկատմամբ, դաժանաբար ձերբակալում են բոլոր նրանց, որոնք նպատակ ունեն հայրենիքը պաշտպանել՝ թշնամու շահերին սպասարկող «ղեկավարներից»։

Այսու մեր անվերապահ աջակցութիւնը յայտնելով այս արդար պահանջին, դատապարտում ենք անհնազանդութեան գործողութիւնների դէմ ուղղւած հակաօրինական եւ հակաժողովրդավարական քայլերը եւ յորդորում Հայաստանի իրաւապահ մարմինների աշխատողներին՝ հայրենիքի շահերը վեր դասել անձնական շահերից, չդառնալ իշխող խմբակցութեան հակապետական գործողութիւններին մասնակից եւ կանգնել ժողովրդի կողքին՝ պաշտպանելու մեր երկրի ամբողջականութիւնը։

ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ

13 մայիսի 2024

Նոր Ջուղա

Related Articles

Back to top button