Ադրբեջանցի դատախազները Ռուբէն Վարդանեանի դէմ շուրջ 45 յօրինւած նոր մեղադրանք են առաջադրել
«ԱԼԻՔ» – Ադրբեջանի դատախազները Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի նկատմամբ շուրջ 45 յօրինւած նոր մեղադրանքների փաթեթ են առաջադրել: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ հաղորդում է նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով Վարդանեանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը։
Ռուբէն Վարդանեանի դէմ ներկայացւած նոր մեղադրանքներն առնչւում են Ադրբեջանի Քրէական օրէնսգրքի 20 տարբեր յօդւածների յատկանիշներին։ Շինծու ապացոյցները ներկայացւած են 100 հատորով, ընդհանուր ծաւալը կազմում է մօտ 25 հազար էջ, ամբողջը՝ ադրբեջաներէն:
Ենթադրեալ «ապացոյցներն» ամբողջութեամբ թաքցւել են թէ՛ Ռուբէն Վարդանեանից, թէ՛ հանրութիւնից՝ այն պատճառաբանութեամբ, թէ այդ մեղադրանքներն առնչւում են «Ադրբեջանի ազգային անվտանգութեանը»: Ադրբեջանական կողմը, միեւնոյն ժամանակ, հրաժարւել է Վարդանեանին եւ նրա փաստաբանին տրամադրել «ապացոյցների» պատճէնները։ Նրանց թոյլատրւում է նիւթերին ծանօթանալ առանց պատշաճ թարգմանութեան, սահմանափակ ժամկէտներում, սակայն «ազգային անվտանգութեան նկատառումներով»՝ նրանք սահմանափակւած են որեւէ նշում կատարելու հնարաւորութիւնից: Վարդանեանն ու նրա փաստաբանը սահմանափակւած են իրենց իրաւունքներում, որպէսզի դատավարութեան ժամանակ պատրաստ լինեն պաշտպանութեան։
«Այս մեղադրանքները Ադրբեջանի ստանձնած միջազգային իրաւական պարտաւորութիւնների կոպտագոյն խախտում են։ Մեղադրանքների այդ երկար շարանը՝ ակնյայտ ցինիկ փորձ է Ռուբէն Վարդանեանին մեղադրելու այն ամէնի մէջ, ինչ ադրբեջանական ռեժիմն արել է Լեռնային Ղարաբաղում։ Աւելին, Ադրբեջանի մերժումը՝ հանրային դարձնելու եւ ծանօթացման ներկայացնելու Վարդանեանի դէմ ուղղւած բոլոր մեղադրանքներն ու այսպէս կոչւած ապացոյցները, վերահաստատում է, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն: Ռեժիմը նաեւ գիտակցում է, որ ցանկացած անկախ դիտորդ կը նկատի, որ ներկայացւած մեղադրանքներում որեւէ արժանահաւատ ապացոյց չկայ ու չի սատարի նրանց մերկապարանոց մեղադրանքները: Այս մօտեցումը յստակօրէն ծրագրւած է, որպէսզի Ալիեւը կարողանայ արդարացնել գաղտնի դատավարութեան անցկացումը, որը կը լինի ո՛չ անկախ, ո՛չ էլ անաչառ»,- ասել է Վարդանեան ընտանիքի միջազգային իրաւախորհրդատու Ջարեդ Գէնսերը։
Ռուբէն Վարդանեանի ընտանիքը կոչ է անում ժողովրդավար աշխարհին՝ ցոյց տալ, որ նման աղաղակող խախտումներն այլեւս չեն կարող հանդուրժւել, եւ ապահովել, որ միջազգային կազմակերպութիւններն ու լրատւամիջոցները ներկայ լինեն դատավարութեանը։
«Հօրս դէմ ներկայացւած այս վերջին մեղադրանքներն արդարադատութեան ծաղր են եւ COP29-ի ձախողումների համար հատուցում։ Ռուբէն Վարդանեանը երեք ամիս եղել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար, որտեղ նա փորձում էր սոցիալական կենսական ծրագրերի միջոցով բարելաւել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կեանքը: Ցաւօք, սրա դիմաց նա կանգնել է ցմահ ազատազրկման սպառնալիքի առջեւ՝ աշխարհի ամենակոռումպացւած ռեժիմներից մէկի կողմից։ Նրա ձերբակալութիւնը եւ առաջադրւած կեղծ մեղադրանքները ազդանշան են ամբողջ աշխարհի հայերի համար, որ ոչ ոք ապահով չէ: Աւելի քան երկու տարի է, ինչ ընտանիքը չի կարողանում տեսնել նրան։ Մենք մտավախութիւն ունենք, որ հնարաւոր է այլեւս չկարողանանք նրան տեսնել, եթէ ժողովրդավար աշխարհը միջոցներ չձեռնարկի այս անհեթեթութեանը վերջ տալու համար»,- ասել է Ռուբէն Վարդանեանի որդին՝ Դաւիթ Վարդանեանը: