Հայ մարդը պէտք է որոշի իր ճակատագիրը
Յունիսի 9-ին կասենք, բաւական հետաքրքիր ծրագիր կայ։ Այս մասին 5-րդ ալիքի «Հարցազրոյց» հաղորդման ժամանակ յայտնել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։
Դաշնակցական գործիչը նշել է, որ այս շարժումը սովորական սոցիալական թեմայի շուրջ ընդվզում չէ, սա գոյաբանակա՛ն հարց է. եթէ չկայ հայրենիք, չկայ պետութիւն, աշխատելն էլ է անհնար դառնալու։ Դանիէլեանը կարեւորել է իւրքանչիւրի բողոքը, աջակցութիւնը։
Հարցին՝ ՔՊ-ականներից արձագանգներ կա՞ն, Դանիէլեանը պատասխանել է, որ նրանցից շատերը բաւական կապիտալ են ձեռք բերել ու իրենց կեանքը 2018-ից հետո փոխւել է, նրանք մտածում են իշխանափոխութիւնից յետոյ ի՞նչ կարգավիճակ են ունենալու։ Դանիէլեանը վստահեցրել է, որ ՔՊ-ից շատերի մօտ տրամադրութիւն կայ, սպասում են բաւարար չափով ճնշում լինի, որ համապատասխան քայլերի գնան։ «Այն օրակարգը՝ հաշտութեան օրակարգը, որն առաջարկում է «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժումը կարող է էլ ապագայում չլինել, այսինքն՝ անցնցում իշխանափոխութեան լաւագոյն տարբերակն ենք առաջարկում։ Սրբազան Հայրն էլ այն թեկնածուն է, որ կարող է այդ հաշտութիւնը մտցնել»: Դանիէլեանի դիտարկմամբ՝ կարեւոր է նաեւ արտաքին ճնշումը, սակայն հայ մարդն է, որ պէտք է որոշի իր ճակատագիրը։
Ընդդիմադիր պատգամաւորը մատնանշել է, որ մարզերում բնակւող մեր հայրենակիցներն ինֆորմացիոն գրոհի եւ Հ1-ի ազդեցութեան տակ են, հէնց այդ է պատճառը, որ որոշել են մարզային այցելութիւններ կազմակեպել եւ այնտեղ եւս հանրահաւաքներ ունենալ. դա նաեւ եղել է մարդկանց պահանջը։ Նա ընդգծել է, որ այդ նոյն խնդիրները, մտահոգութիւնները, որոնք Տաւուշի հետ կապւած են առկայ, ի մասնաւորի սահմանազատման-գծման գործընթացը, կան նաեւ Գեղարքունիքում։
«Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման ներկայացուցիչը նաեւ անդրադարձել է նախկինների ու ներկաների թեմային՝ փորձելով հասկանալ, թէ ո՞վ է նախկին եւ ո՞վ ներկայ։ «Ներկայ պիտի համարւի մարդ, որը 2018-ից յետոյ է ծնւե՞լ։ Մինչեւ 2018 մարդիկ ապրել են, մեկը պաշտօն է զբաղեցրել, մէկը՝ գործունէութիւն է ծաւալել։ Մենք պէտք է նայենք՝ տարբեր մարդիկ իրենց գործունէութեան ընթացքում ի՞նչ են թողել, ի՞նչ են արել, ի՞նչի համար են պատասխանատու. այդ պատասխանատւութիւնը պէտք է կրեն։ Մարդ, որը մի քանի շաբաթ առաջ դուրս է եկել Փաշինեանի գրկից, չպէտք է գայ ու պահանջներ ներկայացնի մի քաղաքական ուժի, որը 260-70 հազար ձայն է ստացել կամ ընդդիմութեանը, որը որ իրար հետ վերցրած 300 հազար աւել քւէ է ստացել։ Այսինքն՝ ո՞րն է պահանջներ դնելու այդ չափանիշը, ո՞վ ասաց, որ դուք պիտի պահանջներ դնէք։ Իսկ մենք ի սկզբանէ որեւիցէ մէկից պահանջներ ներկայացրե՞լ ենք։ Մենք այդ առումով էլ ենք անկեղծ եղել ու ոչ մէկի պահանջ չենք ներկայացրել»: