Տիգրան Աբրահամեան. «Ի՞նչ ուղերձ է յղում սահմանին կանգնած զինծառայողին Սասունը»
«ԱԼԻՔ» – «Ի՞նչ ուղերձ է յղում սահմանին կանգնած զինծառայողին այն մարդը, ով լինելով Փաշինեանի մերձաւոր զինակիցն ու Երկրապահի ղեկավարը, ասում է`«ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետեւ մենք որեւէ հնարաւորութիւն չունենք Ադրբեջանի դէմ կռւելու»,-արձագանգելով «Երկրապահ» կամաւորական միութեան նախագահ, Քպ-ական Սասուն Միքայէլեանի յայտարարութեանը՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
Նա յիշեցրել է.
«Այն մարդը, ում հրամանատարութեամբ, այսօր էլ մարտական դիրքերում հերթապահութիւն է կրում ԵԿՄ-ն, յայտարարում է, որ դիմադրելու, պայքարելու ձեւ ու իմաստ չկայ, ճիշտն ադրբեջանական պայմաններով հերթական կապիտուլիացիային գնալն է:
Իշխանութեան մէջ այդպիսի կարգավիճակ ունեցողի կողմից նման յայտարարութիւնը ծանր հարւած է մեր պաշտպանողականութեանն ու ամենօրեայ ռեժիմով ծառայող, քրտինք թափող մեր զինծառայողին:
Սա նաեւ պատասխանն է Անդրանիկ Քոչարեան-Գագիկ Մելքոնեան անբաժան զոյգի այն յայտարարութիւններին, թէ զէնք ենք գնում, «ամրոց» կառուցում, օրուգիշեր աշխատում:
Փաստօրէն, ըստ Սասունի, լրիւ անիմաստ է այդ ամէնը կամ ինքնախոստովանութիւն է, որ այս 7 տարիների ընթացքում անվտանգութեան համակարգում իշխանութիւնը տապալւել է եւ իրականում, որեւէ լուրջ պաշտպանական համակարգ չի կառուցւել:
Աւելին, բանակի ալան-թալանի հետ կապւած ձեւակերպումներն էլ ամբողջութեամբ տեղաւորւում են փաշինեանական իշխանութեան տրամաբանութեան մէջ, որովհետեւ ըստ Միքայէլեանի, 6-7 տարում եւ յատկապէս 44-օրեայ պատերազմից յետոյ, իշխանութիւնը զինւած ուժերի վերականգնման եւ մարտունակութեան համապատասխան մակարդակին հասցնելուն ուղղւած որեւէ լուրջ քայլ չի արել:
Ի դէպ, այդ միտքն արտայայտելու պահին, կողքից ինչ-որ մէկը գոռում էր` «երկիրը ծախեցիք», ինչին ի պատասխան Սասուն Միքայէլեանը հազիւ էր իրեն զսպում:
Ինչ վերաբերւում է հոկտեմբերի 27-ի բացայայտումների մասին յայտարարութիւններին, դրա բացայայտւած չլինելուն, ապա երբ սրա մասին խօսում է 7 տարի իշխանութիւն ունեցող անձը, ապա սա ուղիղ մեղադրանք է Փաշինեանին, որն նա կա՛մ ստել է, երբ ասել է, որ գործը բացայայտւած չէ, կա՛մ չունի շահագրգռւածութիւն, դա բացայայտելու ուղղութեամբ գործելու համար»։
Յիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, Եռաբլուրում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայէլեանը մասնաւորապէս յայտարարել էր. «Ես կողմ եմ սահմանազատմանը, քանի որ այսօր մենք ոչ մի հնարաւորութիւն չունենք ադրբեջանցու դէմ կռւելու։ Գիտէք, ադրբեջանցիները 20 տարի զինւում էին, ժամանակակից զէնք, զինամթերք էին առնում, իսկ մեր նախորդ իշխանութիւններն ալան-թալանով էին զբաղւած»։