Սուրէն Սարգսեան. «ԱՄՆ-ից ռազմական օգնութիւն ակնկալելը միամտութիւն է»
Միացեալ Նահանգներն օգնութիւն տրամադրելուց հաշւի է առնում ոչ թէ՝ ում է տրամադրում, այլ՝ ում դէմ է տրամադրում
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանութեան քարտուղար Լլոյդ Օսթինին:
Հայաստանի պաշտպանական գերատեսչութեան ղեկավարը Պենտագոնում ներկայացրել է ՀՀ զինւած ուժերում ընթացող բարեփոխումները՝ նշելով համագործակցութեան առաջնային ուղղութիւնները՝ ռազմական կրթութիւն, մարտական պատրաստութիւն, միջազգային խաղաղապահ առաքելութիւններում մասնակցութեան նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական եւ հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինւած ուժերի ուսումնավարժական կարողութիւնների ստեղծում եւ այլն:
Ըստ էութեան, օրակարգը նոյնն է, ինչ եղել է միշտ:
168.am-ը գրել էր, որ նախկինում ԱՄՆ-ն օժանդակել է (Strategic Defense Review) Պաշտպանութեան ռազմավարական վերանայման գործընթացին, ինչը Փաշինեանի իշխանութիւնը չի իրականացրել, սրա մասին մենք մանրամասն վերլուծութիւն ենք ներկայացրել։
Իսկ այս մասին դեռ 2010 թւականին «Մեդիամաքսին» տւած հարցազրոյցում խօսել էր նաեւ ԱՄՆ պաշտպանութեան նախարարի օգնականի տեղակալ Սելեստա Ուոլանդերը:
«Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսեանին նա յայտնել է ՀՀ եւ ԱՄՆ միջեւ համագործակցութեան օրակարգն ընդլայնելու մտադրութեան մասին:
Իմ այցը հնարաւորութիւն տւեց կենտրոնանալ հէնց պաշտպանական համագործակցութեան վրայ: Նախագահ Սարգսեանի եւ պաշտպանութեան նախարար Օհանեանի հետ ես քննարկել եմ հայ զինծառայողների ուսուցման եւ նախապատրաստման գործում մեր աջակցութեան ընդլայնման հարցը:
Կան այլ բնագաւառներ եւս, որտեղ առկայ է համագործակցութեան ընդլայնման ներուժ. խօսքը, մասնաւորապէս, միջազգային առաքելութիւններին մասնակցելու ՀՀ հնարաւորութիւնների ընդլայնման մասին է:
Հայաստանն արդէն մասնակցում է առաքելութիւններին Կոզովոյում եւ Աֆղանստանում, եւ միջազգային առաքելութիւններում աւանդ ներմուծելու հնարաւորութիւնը միշտ առկայ է: Մենք պատրաստ ենք աջակցութիւն ցուցաբերել այդ հարցում:
Պաշտպանական համագործակցութիւնը մեծամասամբ կախւած է կազմակերպչական ունակութիւններից. պլանաւորում, գործընթացների կազմակերպում, բիւջետաւորում եւ աշխատանք անձնակազմի հետ: Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք SDR-ը:
ԱՄՆ-ը եւ միւս երկրներն օժանդակում են այդ գործընթացին, եւ այն շատ լաւ է առաջ ընթանում:
Պաշտպանութեան ռազմավարական վերանայումը պաշտպանական բարեփոխումների անցկացման հիմքն է, որի ընթացքում գնահատական է տրւում համակարգի ներկայիս վիճակին, նախանշւում են առաջնահերթութիւնները, որից յետոյ արդէն կարելի է կազմել գործողութիւնների ծրագիրը եւ կիրառել այն:
Այդ գործընթացը շատ լաւ է առաջ է գնում` հիմք ստեղծելով պաշտպանական բարեփոխումների այլ բաղադրիչների համար:
Մենք համագործակցում ենք Հայաստանի հետ Զինւած ուժերի սերժանտական կազմի զարգացման հարցում (non-commission officer, NCO):
Սերժանտական կազմն ամերիկեան եւ եւրոպական զինւած ուժերի գործունէութեան արդիւնաւէտութեան գրաւականն է:
Միւս երկրներին օգտակար կը լինէր ունենալ Զինւած ուժերի նման մոդել, քանզի դա կը հեշտացնի նրանց փոխգործակցութիւնը ՆԱՏՕ-ի հետ եւ մասնակցութիւնը Դաշինքի գործունէութեանն ու ծրագրերին: Մենք ուսումնասիրում ենք նաեւ ՀՀ պաշտպանութեան նախարարութեան ներքին բարեփոխումների միւս ուղղութիւններին սատարելու հնարաւորութիւնը, որոնք վերաբերում են կադրային հարցերի»,- «Մեդիամաքս»-ին ասել էր նա:
Իր հերթին՝ ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը 168.am-ի հետ զրոյցում նշել էր.
«Պաշտպանական վերանայման գործընթաց էինք իրականացնում (Strategic Defense Review-SDR), փորձագիտական խումբ է եղել, որի մէջ ընդգրկւած են եղել յետխորհրդային, ռուսական եւ նաեւ արեւմտեան բանակների բարձրաստիճան զինւորականներ, գեներալներ:
Նոյնիսկ մէկ անգամ, երբ Պաշտպանական ռազմավարական վերանայումն էինք անում՝ 2014-2015 թւականներին, այդ փորձագիտական խմբի մէջ ընդգրկւած է եղել նաեւ ԱՄՆ պաշտպանութեան քարտուղարի տեղակալ, որի հետ ես հանդիպել եմ ԱՄՆ կատարած պաշտօնական այցի ընթացքում, այդ ժամանակ ԱՄՆ պաշտպանութեան քարտուղարի հետ էլ էի հանդիպել, նաեւ՝ Կենտրոնական հետախուզական վարչութեան տնօրէնի հետ: Այսինքն, համագործակցութիւն արեւմտեան հաւաքական հարթակի կամ թիմի հետ մենք ունեցել ենք»:
Սա՝ նախքան 2018 թւականը: Իսկ ՀՀ գործող պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանի այցն ԱՄՆ պաշտպանութեան քարտուղար Լլոյդ Օսթինը համարել է պատմական: Ինչու:
Քաղաքագէտ Սուրէն Սարգսեանը ֆէյսբուքեան իր էջում արձագանգել էր, որ «վերջապէս Հայաստանի պաշտպանութեան որեւէ նախարար 2018 թ.-ից յետոյ ընդունւեց Պենտագոնի ղեկավարի կողմից»:
168.am-ը Սուրէն Սարգսեանի հետ զրոյցում փորձել է պարզել՝ ինչո՞ւ 2018 թւականից յետոյ, մինչեւ Սուրէն Պապիկեանի այցը Պենտագոնի ղեկավարը ՀՀ պաշտպանութեան որեւէ նախարարի հետ հանդիպում չի ունեցել, արդեօ՞ք Սուրէն Պապիկեանին ընդունելը զուտ հեռացող ղեկավարի հանդիպում էր, թէ՞ այսօր չկայ հայկական Արցախ, ՀԱՊԿ-ի հետ Հայաստանն ունի «սառեցւած» յարաբերութիւններ, եւ սա ինչ-որ չափով իր դերը խաղացել է, գուցէ նաեւ այլ պատճառներ կան:
«Այո, որեւէ հանդիպում 2018 թւականից մինչ օրս չէր եղել երկու պետութիւնների պաշտպանական գերատեսչութիւնների ղեկավարների միջեւ, որովհետեւ օրակարգն այնքան հարուստ չէ, որ նրանք հանդիպէին:
Հիմա վերջապէս հանդիպում կազմակերպելու հնարաւորութիւն ընձեռւեց, բայց, չգիտես՝ ինչու, այդ հանդիպումը կազմակերպւեց ոչ թէ նոր կամ եկող ադմինիստրացիայի համապատասխան պաշտօնեայի, այլ հեռացողի հետ, այսինքն՝ գործող պաշտպանութեան քարտուղար Լլոյդ Օսթինի, ով ընդամէնը մէկ ամսից հրաժեշտ է տալու իր պաշտօնին, եւ նոր քարտուղար է նշանակւելու:
Ընդորում, չափազանց կարեւոր է հասկանալ, որ Պենտագոնում շատ լուրջ փոփոխութիւններ են լինելու Թրամփի եւ նրա վարչակազմի գալով: Աշխարհում որեւէ մէկը վստահ չէ, որ այն պայմանաւորւածութիւնները, որոնք ձեռք են բերւում Բայդէնի վարչակազմի կամ պաշտպանութեան քարտուղար Օսթինի հետ, շարունակական են լինելու, եւ դրանց ընթացքն ապահովւելու է նաեւ Թրամփի վարչակազմի օրօք: Թրամփը ողջ տրամաբանութիւնն է փոխելու՝ ե՛ւ պաշտպանութեան քաղաքականութեան, ե՛ւ պլանաւորման, ե՛ւ ռազմավարական առումով, եւ այլն:
Ինչ վերաբերում է հարցի միւս մասին, ապա, իհարկէ, հակառակորդ երկրների համար ականջահաճոյ է անընդհատ լսել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռանալու, կամ՝ ՀԱՊԿ-ին անդամակցութիւնը «սառեցնելու» մասին: Բայց իրականում ՀԱՊԿ-ից Հայաստանը չի հեռացել, եւ անդամակցութիւնը չի կարող սառեցնել, որովհետեւ այդ պայմանագրով նման բան նախատեսւած չէ՝ կա՛մ անդամ ես, կա՛մ անդամ չես, սակայն կարող ես բոյկոտել եւ չմասնակցել տարբեր քննարկումների եւ հանդիպումների: Կարգավիճակային առումով այստեղ այլ բան չկայ:
Եւ բնական է, որ ԱՄՆ-ը ունի աշխարհաքաղաքական իր շահերը նաեւ մեր տարածաշրջանում, շատ տրամաբանական է, որ գերտէրութիւնները նախեւառաջ իրենց շահերն են առաջ մղում մեր տարածաշրջանում, այդ թւում՝ ԼՂ խնդրի համատեքստում: Ու ինչպէս Ռուսաստանը, այնպէս էլ ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ տարածաշրջանային այլ պետութիւններ, իրենց շահերն ունեն մեր տարածաշրջանում ու սպասարկում են բացառապէս իրենց շահերը»,- մանրամասնել է նա:
Ի դէպ, 168.am-ը գրել էր, որ Հայաստանում ԱՄՆ զինւած ուժերի ներկայացուցիչ չի աշխատելու:
«ԱՄՆ պետքարտուղարութեան Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի շրջանակում Հայաստանում նշանակւել է քաղաքացիական խորհրդատու, որն օգնում է պաշտպանական հաստատութիւնների ամրապնդմանն ու բարեփոխման ուղղւած Հայաստանի ջանքերին։ Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի խորհրդատուն ԱՄՆ զինւած ուժերի ներկայացուցիչ չէ։ Խորհրդատուն Հայաստան է ժամանել ս. թ. յուլիսի 25-ին (The Department of State’s Global Defense Reform Program (GDRP) has sent a civilian advisor to support Armenia’s efforts to strengthen and reform its defense institutions. The GDRP advisor is not a member of the U.S. military. The advisor arrived in Armenia on July 25)»,- 168.am-ին յայտնել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Ըստ այդմ՝ արդեօք միամտութիւն չէ՞ ԱՄՆ-ից ռազմական լուրջ օգնութիւն ակնկալելը, եւ եթէ համադրութեան մէջ դնենք ԱՄՆ-Ադրբեջան, ԱՄ-ՀՀ յարաբերութիւնները, ի՞նչ պատկեր ենք ստանում, Սուրէն Սարգսեանը պատասխանել է.
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ից ռազմական օգնութիւն ակնկալելը միամտութիւն է այն տեսանկիւնից, որ Միացեալ Նահանգներն օգնութիւն տրամադրելուց հաշւի է առնում ոչ թէ՝ ում է տրամադրում, այլ՝ ում դէմ է տրամադրում: ԱՄՆ-ի համար Ադրբեջանը նոյնքան կարեւոր, եթէ ոչ՝ աւելի կարեւոր ռազմավարական նշանակութիւն ունեցող պետութիւն է, քան Հայաստանը: Սա՝ առաջին:
Երկրորդ, Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է՝ ՆԱՏՕ-ի անդամ է, եւ բնական է՝ անհնար է պատկերացնել, թէ ինչպէս պէտք է Միացեալ Նահանգները պաշտպանի Հայաստանին Թուրքիայից, ինչպէս պէտք է պաշտպանի հայ-թուրքական սահմանը, այսինքն՝ մեզ՝ իր ռազմավարական դաշնակցից:
Ես կարծում եմ՝ միամտութիւն է կարծել, որ ԱՄՆ-ը մեզ ռազմական օգնութիւն է տալու, զէնք է վաճառելու, ոչ թէ անվտանգային ինչ-ինչ օգնութիւն, ինչպիսին տրամադրւում է: ՀՀ պաշտպանութեան նախարարի եւ ԱՄՆ պաշտպանութեան քարտուղարի հանդիպման օրակարգը տեսել էք, ընդամէնը կրթական ծրագրերի եւ այլ ոլորտում յարաբերութիւնների խորացման մասին է, զէնքի ձեռքբերման եւ այլ տեսակի օգնութեան մասին խօսք չի էլ եղել»:
Նշենք, որ ադրբեջանական լրատւամիջոցներից մէկը՝ արձագանգելով Սուրէն Պապիկեանի՝ Պենտագոնի ղեկավարի հետ հանդիպմանը, նկատել է, որ Հայաստանը փորձում է կարճ ժամանակահատւածում ԱՄՆ-ի հետ ինչ-որ համաձայնութեան գալ, որպէսզի Թրամփի վարչակազմի հետ խօսելու բան ունենայ, ինչպէս նաեւ իր համար հասկանայ՝ ԱՄՆ նոր վարչակազմը համաձայն կը լինի՞ Հայաստանի հետ ռազմական համագործակցութեան:
«Ամէն դէպքում, իրավիճակի առումով ամէն ինչ աւելի պարզ կը դառնայ Թրամփի նախագահութեան առաջին ամիսներին, Թրամփը գործնական մարդ է եւ «առեւտուր» անել գիտի»,- գրել է ադրբեջանական Caliber.az-ը:
Յիշեցնենք, որ ամիսներ առաջ ադրբեջանական կողմը քարոզչական արշաւ էր սկսել եւ ԱՄՆ-ին մեղադրում էր Հայաստան ռազմական բեռ հասցնելու մէջ, ինչը փոքր-ինչ պասիւացել էր, երբ Բաքու էր ժամանել ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Պրայորը, ով ամերիկեան հետախուզութեան պատասխանատուներից է:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ