ՌԴ ԱԳՆ. «Հայաստանի չմտածւած քայլերը կարող են անհնարին դարձնել ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու աշխատանքին վերադարձը»
«ԱԼԻՔ» – Հայաստանի չմտածւած քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի եւ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) այլ երկրների հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադառնալը։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ ռուսական ՏԱՍՍ-ին տւած հարցազրոյցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խօսքով՝ Երեւանը, թւում է, ցանկացել է «օգտւել պահից այն պայմաններում, երբ Արեւմուտքը մեծ հետաքրքրութիւն է ցուցաբերում փոխգործակցութեան ամրապնդման, այդ թւում՝ անվտանգութեան ոլորտում»։
«Սակայն չմտածւած որոշումները, որոնք արեւմտեան երկրների համար կապահովեն ամբողջական հասանելիութիւն ազգային տւեալների բազաներին, երկրի անվտանգութեան համար զգայուն տեղեկութիւններին, ոչ միայն ի վերջոյ սպառնում են պետութեան ինքնիշխանութեանը, այլեւ կարող են օբիեկտիւօրէն անհնար դարձնել Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի միւս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»,- ասել է դիւանագէտը:
Գալուզինը վստահութիւն է յայտնել, որ Հայաստանի լիարժէք մասնակցութիւնը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան աշխատանքներին բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից եւ ծառայում է Հարաւային Կովկասի տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան պահպանմանը։
«Անդամակցութիւնը կազմակերպութեանը, ինչպէս նաեւ ռազմական ոլորտում սերտ կապերը մեր երկրի հետ, դարձել են անկախ Հայաստանի զարգացման առանցքային գործօնը վերջին տասնամեակների ընթացքում: Անկախ նրանից, թէ ինչ են խոստանում Երեւանին արեւմտականները, այսօր ՀԱՊԿ-ին, որպէս Հայաստանի անվտանգութեան ապահովման մեխանիզմի, արդիւնաւէտ այլընտրանքներ չկան»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը: