Քաղաքական

Ձիւնիկ Աղաջանեան. «Ռուսաստանի դուրս գալը Հարաւային Կովկասից զգալի սպառնալիքներ կը ստեղծի նրա համար»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանն ինքնակամ չի լքի Հարաւային Կովկասի տարածաշրջանը, դա իր համար ձեռնտու չէ, քանի որ նման փոփոխութիւնները զգալի սպառնալիքներ կը ստեղծեն սեփական սահմանների վրայ: Այս մասին News.am -ի թղթակցի հետ զրոյցում ասել է ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ձիւնիկ Աղաջանեանը։

Նա յաւելել է, որ այդ պատճառով Հայաստանի իշխանութիւնները փորձում են խնդրայարոյց իրավիճակներ ստեղծել եւ սլաքները ուղղել Ռուսաստանի վրայ՝ արդարացնելու իրենց հետագայ գործողութիւնները։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը հետեւողականօրէն երկիրը տանում է արեւմտեան վեկտորի ճանապարհով՝ փորձելով որոշակի որոշումների մեղքը բարդել ուրիշների վրայ, այդ թւում՝ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի։

«Մեր հասարակութեան մէջ կարծիք կայ, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն առանձին հարցեր են, բայց պէտք է հասկանալ, որ գործընթացները զուգահեռ են ընթանում, եւ դրանք թելադրւած են արեւմտեան բլոկի կողմից, որն ուղղւած է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելուն, հզօրացնելուն թուրքական գործօնը եւ նրա ազդեցութեան ուժեղացումը թուրանեան գործօնի օգնութեամբ։ Արեւմուտքի թիրախում է նաեւ Իրանը»,- նշել է Աղաջանեանը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների վատթարացման գործընթացը, որը սկսւել է 2018 թւականին, խորացել է 2021 թւականին եւ ստացել ակնյայտ հակառուսական դրսեւորումներ։ «Այժմ Ռուսաստանը եկել է վերջնական ըմբռնման այն իրավիճակի մասին, որն առկայ է։ Ռուս սահմանապահները օգոստոսին դուրս կը բերւեն «Զւարթնոց» օդանաւակայանից. դրանից յետոյ Հայաստան կարող են գալ ուժեր, որոնց մասին տեղեկութիւնները Հայաստանը չի ցանկանում կիսել Ռուսաստանի հետ։ Սա նշանակում է, որ կարելի է խօսել հակառուսական ուժերի մասին։ Ժամանակի ընթացքում վիճակը լարւում է»,- յաւելել է Ձիւնիկ Աղաջանեանը։

Նա վստահութիւն  է յայտնել, որ անվտանգութեան ոլորտում Ռուսաստանի հետ յարաբերութիւնների վատթարացումը խնդիրներ կը ստեղծի նաեւ տնտեսական ոլորտում, ինչը կարող է Հայաստանին սպառնալ տնտեսական կոլապսով։

«2020 թւականի պատերազմից յետոյ Արեւմուտքը Հայաստանին խոստացել է 2.6 միլիարդ եւրօ, բայց դեռ չի յատկացրել։ Ինչ-որ բան խոստանալն ու հետագայ պահանջներ առաջադրելը Արեւմուտքի ոճն է»,- ընդգծել է արտակարգ եւ լիազօր դեսպանը։

Նա համոզմունք է յայտնել, որ Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանում ուժեղ հասարակութիւն ունենալը, մինչդեռ Արեւմուտքին ձեռնտու չի այն, որ Հայաստանը ունի իր զարգացման ներուժը, քանի որ դա թոյլ է տալիս պահպանել իր ազդեցութիւնը հայկական պետութեան վրայ։

Related Articles

Back to top button