Մետաքսէ Յակոբեան. «Արցախի հողը ու Հայաստանի անվտանգութիւնը սակարկման ենթակայ չեն, խաղաղութիւնն էլ յանձնելով ու յանձնւելով ձեռք չես բերի»

«ԱԼԻՔ» – Խաղաղութիւնն անհնար է ձեռք բերել յանձնելով ու յանձնւելով: Նման կարծիք է յայտնել Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը:
«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգութիւնը սակարկման ենթակայ չեն, խաղաղութիւնն էլ յանձնելով ու յանձնւելով ձեռք չես բերի…
Նախաստորագրւած «խաղաղութեան» պայմանագիրը՝ այս տեսքով, ոչ թէ ապահովում է արդար խաղաղութիւն, այլ ամրագրում է պարտութեան հետեւանքները։ Խաղաղութիւնը չի կարող հիմնւել միայն փաստաթղթի ստորագրման վրայ։ Այն պէտք է կառուցւած լինի արդարութեան, փոխադարձ վստահութեան եւ անվտանգութեան յստակ երաշխիքների հիման վրայ։ ԱՄՆ-ում կազմւած տեքստում այդ երաշխիքները բացակայում են։
Փաստաթուղթը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ լռելով Արցախի ու բռնի տեղահանւած հայերի մասին, զրկելով Հայաստանին միջազգային ատեաններում արդարութեան հասնելու իրաւունքից։
Արցախի հարցի եւ մեր ժողովրդի իրաւունքների ջնջումը չի կարող կոչւել խաղաղութիւն։
Մի փաստաթուղթ, որը սահմանափակում է մեր պաշտպանունակութիւնը, չի կարող ծառայել հայ ժողովրդի շահերին։
Յիշեցում. Նիկոլն ասում էր ցանկացած որոշիչ քայլ քննարկելու է ժողովրդի հետ, իսկ ժողովուրդը հերթական անգամ կանգնեց կայացած փաստի առաջ, քանզի սա քննարկում չէ, այլ անձի որոշում։ Այդ անձի որոշումներին հակառակւողները, ինչպէս նաեւ Արցախի Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Գալստեանը, բանտերում են, հալածւում են բոլոր հնարաւոր եւ անհնար միջոցներով եւ քանի դեռ Հայաստանը ապազգային իշխանութիւններն են օկուպացրել, Հայի ապագան իր ձեռքում չէ։
Բայց նոյնիսկ սա վերջակէտ չէ…որեւէ ստորագրութիւն չի կարող ջնջել մեր պատմական եւ իրաւական իրաւունքները»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա: