Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Յակոբ Բադալեան. «ԱՄՆ-ում Փաշինեանը ստացել է միջազգային քարտ բլանշ 2026-ի ընտրութիւնից առաջ»

«ԱԼԻՔ» – Քաղաքական մեկնաբան Յակոբ Բադալեանը Վաշինգտոնում տեղի ունեցած Թրամփ-Փաշինեան-Ալիեւ հանդիպման արդիւնքների մասին 7 կէտանոց հռչակագիրը Հայաստանի համար ձեռքբերում չի համարում, աւելին՝ պնդում է, որ Հայաստանը զիջման է գնացել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցում:

«Ակնյայտ է, որ պաշտօնական Երեւանը նահանջել է իր նախանշած տարբերակից, որովհետեւ մինչ այդ յայտարարում էր, որ պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերեալ դիմումը այն նոյն օրը, երբ կը ստորագրւի հայ-ադրբեջանական խաղաղութեան պայմանագիրը: Բայց խաղաղութեան պայմանագիրը ստորագրւած չէ, նոյնիսկ յայտնի չէ, թէ երբ կը ստորագրւի: Աւելին՝ Ալիեւը վաշինգտոնեան հռչակագրից յետոյ յայտարարում է, որ Հայաստանը տնային աշխատանք ունի կատարելու, պէտք է փոխի Սահմանադրութիւնը, բայց Երեւանն արդէն ստորագրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու դիմումը»,- Alpha News-ի հետ զրոյցում ասել է Յակոբ Բադալեանը:

Մինչդեռ Բադալեանը կարծում է, որ վաշինգտոնեան համաձայնագիրը քաղաքական իմաստով ձեռքբերում է Փաշինեանի եւ նրա կառավարող ուժի համար:

«Փաշինեանը ստացել է մի ակտ, որը 2026-ի ընտրութեանն ընդառաջ կարող է ներկայացնել որպէս խաղաղութեան ձեռքբերում: Այդ իմաստով, իհարկէ, Նիկոլ Փաշինեանը որոշակի ձեռքբերում ունի: Յիշեցնեմ, որ Անթալիայում դիւանագիտական ֆորումի շրջանակում արտգործնախարար Արարատ Միրզոյեանը գրեթէ ուղիղ տեքստով յայտարարել էր, որ Հայաստանի հանրութիւնն աջակցում է խաղաղութեան օրակարգի իրենց ջանքերին, բայց եթէ դրանք չունենան որեւէ արդիւնք, ապա հանրութիւնը կարող է վերադառնալ իր դիրքորոշումներին: Իրենց տրամաբանութեամբ ասւած՝  հրաժարւի աջակցել այդ օրակարգին: Եւ հիմա Հայաստանի իշխանութեանը տրւեց այդ արդիւնքը՝ ցոյց տալու առնւազն քարոզչական հնարաւորութիւնը: Կարծում եմ՝ Վաշինգտոնում Հայաստանին առնչւող կոնկրետ քաղաքական հանգամանքն այն է, որ Փաշինեանի իշխանութիւնը ստացել է միջազգային որոշակի քարտ բլանշ 2026-ի ընտրութիւնից առաջ»,- նշել է քաղաքական մեկնաբանը:

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրւած այդ հռչակագրի 3-րդ կէտը վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցութիւնների բացմանը՝ հիմնւած պետութիւնների ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ իրաւազօրութեան յարգման վրայ, տարածաշրջանում ու նրա հարեւանութեամբ խաղաղութիւնը, կայունութիւնն ու բարգաւաճումը խթանելու նպատակով։

Ըստ ՀՀ կառավարութեան՝ այս ջանքերը կը ներառեն Ադրբեջանի Հանրապետութեան հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքով անխոչընդոտ հաղորդակցութիւնը, Հայաստանի Հանրապետութեան համար միջազգային ու ներպետական հաղորդակցութեան փոխադարձ առաւելութիւններով։

Արդեօք այս դէպքում պահպանւելու է Հայաստանի ինքնիշխանութիւնը: Յակոբ Բադալեանը թերահաւատ է, կարծում է, որ այստեղ ինքնիշխանութեան նւազեցում կայ:

«Եթէ ինքնիշխանութիւն ասելով մենք ընկալում ենք, որ մեր տարածքի նկատմամբ իրաւունքները տալիս ենք այլ պետութեան, թէ ոչ, ապա այս դէպքում տեսնում ենք, որ խօսւում է բոլոր իրաւունքները պահպանելու մասին, բայց միաժամանակ հարց է առաջանում, թէ ինչի՞ համար է ստեղծւել այդ անհրաժեշտութիւնը, որ Հայաստանով անցնող ճանապարհի այդ հատւածի վերաբերեալ լինեն այդպիսի յատուկ քննարկումներ եւ ինչ-որ լուծումներ փնտրւեն: Ինչո՞ւ այդ ամէնը նոյնութեամբ չի քննարկւել օրինակ, Ադրբեջանով անցնող ճանապարհների դէպքում եւ ինչո՞ւ այդ ամէնի վերաբերեալ արձանագրութիւններ չկան Ադրբեջանի մասով: Սա ցոյց է տալիս, որ Հայաստանով անցնող ճանապարհները դարձել են քննարկման առարկայ, բայց ինչո՞ւ պէտք է դա դառնար քննարկման առարկայ, իսկ Ադրբեջանինը՝ ոչ: Սա թոյլ է տալիս եզրակացնել, որ կուլիսային ինչ-որ քննարկումներ են եղել կամ կան, որոնք մեզ յայտնի չեն:

Աւելին՝ տեքստում մատնանշւած է, որ Ադրբեջանը ստանում է Հայաստանով անցնող ճանապարհով անխոչընդոտ հաղորդակցութիւն, բայց հարց է առաջանում, թէ ինչո՞ւ Հայաստանը չի ստանում նոյն անխոչընդոտ հաղորդակցութիւնը Ադրբեջանով անցնող ճանապարհներով: Բայց այդ հռչակագրում Հայաստանի վերաբերեալ կայ փոխադարձ առաւելութիւններ ձեւակերպումը, որն անորոշ է: Նշւած է նաեւ, որ այդ ճանապարհի կառուցման վերաբերեալ Հայաստանն այլ կողմերի ներգրաււածութիւնը համաձայնեցնում է ԱՄՆ-ի հետ, եթէ Հայաստանը իր ինքնիշխան տարածքում գործող ճանապարհի վերաբերեալ որեւէ որոշում պէտք է համաձայնեցնի ԱՄՆ-ի հետ, ապա սա արդեօք չի նշանակում, որ Հայաստանը առնւազն ինչ-որ մասով կիսում է իր ինքնիշխան իրաւազօրութիւնը ԱՄՆ-ի հետ: Այստեղ հարցը ԱՄՆ-ն չէ, եթէ Հայաստանն իր որոշումները երրորդ երկրների վերաբերեալ պէտք է փոխադարձ համաձայնեցնի որեւէ այլ երկրի հետ, սա արդէն ինքնիշխանութեան նւազեցում է»,- ասել է Յակոբ Բադալեանը:

Related Articles

Back to top button