Գառնիկ Դանիէլեան. «Այս իշխանութիւնները չեն կարող պաշտպանել ո՛չ Տաւուշի, ո՛չ Գեղարքունիքի անվտանգութիւնը»
«ԱԼԻՔ» – Հայաստանի գործող իշխանութիւններն այնքան ապիկար, ապաշնորհ են, որ որեւէ կերպ չեն կարող պաշտպանել ո՛չ տաւուշցու անվտանգութիւնը, ո՛չ Գեղարքունիքի մարզի անվտանգութիւնը: Այս մասին երէկ՝ յունիսի 5-ին, Սոթքում տեղի ունեցած հաւաքի ժամանակ յայտարարել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը:
«Երբ մենք Տաւուշում նախաձեռնում էինք այս շարժումը, Սրբազան հօր հետ միշտ խօսում էինք, որ այս շարժումը նաեւ Գեղարքունիքի համար է: Այն արհաւիրքը, այն խնդիրները, որոնք որ կան Տաւուշի մարզում ձեզ քաջածանօթ են, որովհետեւ այս իշխանութիւնների վարած հակահայ քաղաքականութեան արդիւնքում Գեղարքունիքի մարզը դարձել է սահմանապահ, սահմանամերձ մարզ: Այս իշխանութիւնները այնքան ապիկար, ապաշնորհ են, որ որեւէ կերպ չեն կարող պաշտպանել ո՛չ տաւուշցու անվտանգութիւնը, ո՛չ Գեղարքունիքի մարզի անվտանգութիւնը:
Իրենք մի բան գիտեն՝ ինչ-որ ուզի թշնամին, իրենք պէտք է հնազանդ կատարեն այդ պահանջները, եւ որեւէ մի սահման չկայ, որով որ պէտք է ավարատւեն Ադրբեջանի պահանջները, եւ որեւէ կարմիր գիծ չկայ, որ իշխանութիւնները ասելու են, որ սրանից այն կողմ որեւէ զիջում չի լինելու: Այս իշխանութիւնները ասել են, որ որեւէ տարածք չեն զիջելու, բայց անցել են օրեր եւ պարզւել է, որ օրով, ժամով պլանաւորւած է եղել տարածքների յանձնումը:
Իշխանական համակարգը վախերի մէջ ապրող, ամէն օր բունկերներից դուրս չեկող, ու իբր ուզում են ապացուցեն, որ ամէն ինչ նորմալ է, մի հատ գնացին Տաւուշում շոու արեցին, էսօր էլ մի քանի կադր արեցին, թէ իբր մարդամէկը հեծանիւով գնում է գործի: Այս կադրերը փորձել են նաեւ ստանալ Տաւուշի մարզում, երբ դահլիճներում մի քանի մարդ էին հաւաքում, թէ իբր մարդիկ ինչքան ուրախ են, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց է գնում եւ ինչքան ուրախ են, որ իրենց գիւղերը կիսւում են»,- ասել է նա:
Դիմելով Գեղարքունիքի մարզպետ Կարէն Սարգսեանին՝ Գառնիկ Դանիէլեանը յայտարարել, որ նա արգելել է մանկավարժներին մասնակցել այս հանրահաւաքին. «Այս մարդը, որ ժամանակին խոպանչի էր, արգելել է մարդկանց մասնակցել հանրահաւաքին: Իշխանութեան փոփոխումից յետոյ դու վերադառնալու ես քո գործին եւ մնացած բոլորը իրենց գործերին:
Այս հայրենիքը քո հօր «դուքեանը» չէ, որ դու որոշես՝ ով պիտի մասնակցի հանրահաւաքի, ով պիտի գայ երթի կամ չգայ։ Հայրենիք էք յանձնել ու դեռ մի բան էլ սպառնում եք մարդկանց՝ յանկարծ չմասնակցէք։
Ի պատիւ մեր բազմաթիւ արժանապատիւ քաղաքացիների, շատերը եկան ու ասացին՝ մեզ համար մեր հայրենիքից թանկ ոչինչ գոյութիւն չունի։ Անտեսելով այդ սպառնալիքները՝ եկան ու շարունակելու են գալ ու մասնակցել պայքարին եւ վերջնական յաղթանակն են տօնելու մեզ հետ։
Նրանց անունից եմ նաեւ ասում այս իշխանութիւն կոչեցեալներին՝ բոլոր ապօրինութիւնները մենք արձանագրում ենք, գալու է պատասխան տալու ժամանակը, եւ այդ ժամանակը հեռու չէ»,- նշել է նա:
Դանիէլեանը ասել է, որ պայքարը նոր ուժ, նոր էնէրգետիկա է ստանում եւ յաւելել է, որ ակնկալում է յունիսի 9-ին այս մարդկանց տեսնելու է նաեւ Երեւանի Հանրապետութեան հրապարակում նախատեսւած մեծ հանրահաւաքին: