Հայաստան - Արցախ

Ցեղասպանութեան հետազօտողների միջազգային ասոցիացիան կոչ է անում պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը

«ԱԼԻՔ» – Սոյն թւականի սեպտեմբերի 2-ին Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութիւնը, որի անդամ է նաեւ «Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, ընդունեց Արցախի վերաբերեալ բանաձեւ:

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի կայքում  ներկայացւել է բանաձեւի ոչ պաշտօնական թարգմանութիւնը հայերէն լեզւով.

«Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութեան բանաձեւը

Ճանաչելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակիչների սպանութիւնները եւ այլ բռնութիւնները՝ ներառեալ խոշտանգումները,

Ճանաչելով Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կալանաւորումը,

Ճանաչելով 2023 թւականի սեպտեմբերին զանգւածային բռնութիւնների սպառնալիքի ներքոյ Լեռնային Ղարաբաղից 100,000 հայ բնակիչների վտարումը,

Ճանաչելով հակահայկական ատելութեան խօսքի եւ ցեղասպանական մտադրութիւնների պատմութիւնը, որն Ադրբեջանի լրատւամիջոցները, քաղաքական, ռազմական եւ կրօնական ղեկավարներն են տարածել,

Ընդունելով, որ Ադրբեջանը կալանաւորել է հայ զինւորականներին եւ խաղաղ բնակիչներին, որոնցից ոմանց գտնւելու վայրերը դեռ անյայտ են,

Ճանաչելով, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգութիւնը,

Ընդունելով 1988-1992 թւականներին Լեռնային Ղարաբաղի հանրաքւէն՝ միանալու Հայաստանի Հանրապետութեանը կամ անկախ պետութիւն դառնալու նպատակով, որոնք երբեք միջազգային ճանաչում չեն ստացել,

Ընդունելով, որ Ադրբեջանը 2022 թւականի դեկտեմբերից մինչեւ 2023 թւականի սեպտեմբեր արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ կանխելով սննդի, վառելիքի եւ դեղորայքի մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ, որը յանգեցրել է թերսնման, սովից մահւան եւ հոգեբանական վնասի,

Յիշեցնելով 2023 թւականի փետրւարի 6-ին ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը, որն Ադրբեջանին պարտաւորեցնում էր վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը,

Յիշեցնելով նաեւ 2023 թւականի նոյեմբերին ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը, որը պարտադրում էր Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգ վերադարձը,

Ճանաչելով Ադրբեջանի կողմից Արդարադատութեան միջազգային դատարանի՝ 2023 թ․ փետրւարի եւ նոյեմբերի որոշումները չկատարելը,

Ճանաչելով, որ Ադրբեջանը 2023 թւականի սեպտեմբերի 19-20-ին ռմբակոծել է Լեռնային Ղարաբաղը՝ 200-ից աւելի զոհերի եւ 100,000 հայերի հարկադիր տեղահանման ելքով,

Ընդունելով միջազգային մտահոգութիւնները Ադրբեջանի կողմից Հայաստան հնարաւոր ներխուժման վերաբերեալ,

Ընդունելով միջազգային իրաւաբանների, ՄԱԿ-ի ներկայ եւ նախկին պաշտօնեաների, այլ կազմակերպութիւնների ու գիտնականների կարծիքները՝ ցեղասպանութեան վտանգի եւ Լեռնային Ղարաբաղի արգելափակումը որպէս ցեղասպանութիւն որակելու վերաբերեալ,

Ճանաչելով, որ Ադրբեջանը 1948 թ. ՄԱԿ-ի ցեղասպանութեան մասին կոնւենցիայի անդամ է,

Ճանաչելով, որ Ադրբեջանը 1949 թ. Ժնեւեան չորս կոնւենցիաների, 1954 թ. Հաագայի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան կոնւենցիայի եւ 2006 թ. Բռնի անհետացումների դէմ բոլոր անձանց պաշտպանութեան կոնւենցիայի անդամ է,

Ճանաչելով, որ Ադրբեջանը Խոշտանգումների դէմ 1984 թ. կոնւենցիայի, ռասսայական խտրականութեան բոլոր ձեւերի վերացման 1965 թ. կոնւենցիայի, ինչպէս նաեւ մի շարք այլ միջազգային մարդու իրաւունքների վերաբերեալ պայմանագրերի անդամ է,

Ճանաչելով, որ Հայաստանը 2024 թւականի փետրւարի 1-ին վաւերացրել է Հռոմի ստատուտը՝ ընդունելով Միջազգային Քրէական դատարանի իրաւասութիւնը:

Հետեւաբար՝ Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութիւնը՝

1. Յայտարարում է, որ 2022 թւականի դեկտեմբերից մինչեւ 2023 թւականի սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թւում` Լաչինի միջանցքի փակումը, որակւում է որպէս կեանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանութեան կոնւենցիայով համարւում են ցեղասպանական գործողութիւններ:

2. Յայտարարում է, որ 2023 թւականի սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման եւ ռմբակոծման միջոցով էթնիկ զտում եւ մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնն է` բռնի տեղափոխում եւ տեղահանութիւն:

3. Յայտարարում է, որ խաղաղ բնակչութեան ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրաւունքի խախտում է:

4. Յայտարարում է, որ հայ ռազմագերիների եւ խաղաղ բնակիչների խոշտանգումը եւ սպանութիւնը միջազգային մարդասիրական իրաւունքի խախտում է:

5. Կոչ է անում Ադրբեջանին ազատելու հայ ռազմագերիներին:

6. Կոչ է անում Ադրբեջանին կատարելու Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումները:

7. Կոչ է անում Ադրբեջանի կառավարութեանը կանխելու հայերի իրաւունքների հետագայ խախտումները:

8. Կոչ է անում Ադրբեջանի կառավարութեանը կանխելու հայերի՝ իրենց հայրենիքից հետագայ տեղահանութիւնները եւ յարգելու Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը:

9. Կոչ է անում պաշտպանելու հայկական մշակութային ժառանգութիւնը Լեռնային Ղարաբաղում:

10. Կոչ է անում միջազգային հանրութեանը պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքը:

11. Կոչ է անում միջազգային հանրութեանը երաշխաւորելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

12. Կոչ է անում ճանաչելու Լեռնային Ղարաբաղի հայերի դէմ գործած յանցագործութիւնները:

13. Խորհուրդ է տալիս անցումային արդարադատութեան միջոցներ կիրառել, այդ թւում՝ պատժամիջոցներ, Միջազգային քրէական դատարանի կողմից գործի քննութիւն:

14. Կոչ է անում Միջազգային քրէական դատարանի դատախազին հետաքննելու յանցագործութիւնները:

15. Կոչ է անում Ադրբեջանին զօրքերը դուրս բերելու Հայաստանի Հանրապետութիւնից եւ յարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրաւունքը։ Բանաձեւն ընդունւել է 2024 թւականի սեպտեմբերի 2-ին»:

Related Articles

Back to top button