Հայաստան - Արցախ

Արցախի թեմի առաջնորդ. «Աստւած ճանապարհը ցոյց է տալու, թէ ոնց ենք վերադառնալու, եւ դա կոչւելու է յաղթական վերադարձ»

Արցախի թեմի առաջնորդ Տէր Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի թեմի գրասենեակի գործունէութեան, Արցախի պատմամշակութային ժառանգութեան պաշտպանութեան, Արցախ վերադարձի հնարաւորութեան եւ այլ հարցերի մասին։

– Սրբազան Հայր, Երեւանում իր աշխատանքներն է սկսել Արցախի թեմի գրասենեակը, ինչպէ՞ս ստեղծւեց այն եւ ի՞նչ առաքելութիւն ունի։

– Գրասենեակը կարեւոր է այնքանով, որքանով թեմի գործունէութիւնը։ Եւ թէպէտ թեմի գործառոյթները փոքր ինչ փոփոխւած են եւ թեմի կարեւոր բաղադրիչները՝ վարչական տարածք, եկեղեցի ու հոգեւոր դաս չկան, բայց, այդուհանդերձ, թեմը չի լուծարւում եւ այլ ձեւաչափով է սկսում աշխատել։ Առաջին հերթին ստեղծեցինք թեմական խորհուրդը, որի անդամներն են Հայաստանում ապրող արցախցիները եւ այն արցախցիները, ովքեր երկար տարիներ եղել են Արցախի ներկայացուցիչներ տարբեր երկրներում՝ ԱՄՆ, ՌԴ, Բելգիա, Ֆրանսիա։ Սակայն վերջիններս երկար չմնացին թեմական խորհրդի կազմում, քանի որ ՀՀ իշխանութիւնները լուծարեցին ներկայացուցչական առաքելութիւն իրականացնող անձանց մանդատները եւ նրանք այլեւս չեն կարողանում Արցախի հետ կապւած որեւէ աշխատանք կատարել կամ որեւէ խնդիր հնչեցնել։ 

Դրանից յետոյ մենք արդէն փնտրում էինք մեր գործունէութեան համար վայր եւ մեր խնդրանքին ընդառաջեց «Դիալոգ» կազմակերպութեան ղեկավար Իւրի Նաւոյեանը, որի շնորհիւ սկսեց գործել Արցախի թեմի գրասենեակը։ Գրասենեակում աշխատում է 7-8 անձ, ովքեր տարբեր ոլորտներ են ղեկավարում։ Գրասենեակի ղեկավարը Մելանիա Բալայեանն է, մեզ հետ աշխատում է ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար Լեռնիկ Յովհաննիսեանը։ Նա մշակութային ժառանգութեան հետ կապւած հարցերով է զբաղւում։ ԱՀ ԱԳՆ նախկին նախարար Կարէն Միրզոյեանն արտաքին կապերով է զբաղւում, միջազգային կառոյցների հետ է աշխատելու։ Մենք խորացւած կարգով համագործակցելու ենք «Մունք» կազմակերպութեան, որը տեղակայւած է Տաշիրում եւ Երեւանում։ Կազմակերպութիւնն Արցախի Հաղորտի համայնքում կարեւոր առաքելութիւն է իրականացրել եւ համագործակցում ենք, որպէսզի այսօրւայ երիտասարդական միտքը կարողանանք նպաստաւոր դարձնել արցախահայութեան միաւորման գործում։

Ունենք նաեւ թարգմանչական ուղղւածութիւն, գրքերի թարգմանութիւն, նամակների, յօդւածների թարգմանչական աշխատանքներ է իրականացւելու։ Այսքանով հանդերձ մենք պէտք է մեծ ուշադրութիւն դարձնենք լրատւական դաշտի վրայ, ունենք Արցախի թեմի կայք, որը պէտք է համապատասխան լրատւութիւնը հասցնի ամէն հայի, միջազգային հարթակում գործող սրտացաւ մարդկանց։

Քանի որ Արցախի թեմն իրաւական կառոյց չէ, պէտք է կեանքի կոչենք Արցախի թեմի հիմանդրամը, որը կը կարողանայ լիարժէք իրաւական հարցերով զբաղւել։ Նոր ենք սկսել աշխատանքները, դեռեւս մի քանի ամսւայ ծրագիր ունենք։ Եթէ կարողանանք որոշ չափով պատասխանել ամէն արցախցու հարցադրումներին, յուսադրող քայլեր առաջարկել, կը նշանակի, որ մենք մեր առաքելութեան մէջ ենք։

Մենք պէտք է բոլորս համախմբւենք՝ մեր աջակցութիւնը բերելու Արցախի պետական համակարգին։

– Իրաւական ոլորտում արցախցիների աջակցութեան առումով ինչ-որ աշխատանքներ տանո՞ւմ էք։

– Այդ ուղղութիւնն իրակացնել չենք կարող, քանի որ Հայաստանում Արցախի հարցով գործող բոլոր կազմակերպութիւնների, հիմանդրամների գործունէութիւնը պիտի նպաստի Արցախի հիմնախնդրին արդարացի լուծում ապահովելուն։ Այսօր Արցախի իշխանութիւնն է զբաղւում արցախահայութեան սոցիալական, իրաւական հարցերով եւ մենք պէտք է բոլորս համախմբւենք միայն ու միայն  մեր աջակցութիւնը, նպաստը բերելու Արցախի պետական համակարգին, որ այն ոչ միայն չլուծարւի, այլեւ իր դրական քայլերը, շարժը ցոյց տայ, որ կայ, գոյութիւն ունի եւ ինքը լեգիտիմ իշխանութիւն է։ Այս առումով իրաւական հարթութեան վրայ նման ծրագրեր մենք չենք իրականացնում։ Արցախահայութեան հետ կապւած սոցիալական բաղադրիչն իրականացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որին կից սոցիալական բաժին է գործում։

Անտեսւած լինելու պարագան մարդկանց մօտ առաջացնում է խուճապային տրամադրութիւն։

– Դուք անցած ամսիների ընթացքում հանդիպումներ էք ունեցել տարբեր մարզերում ապրող արցախցիների հետ։ Արդեօ՞ք այն շարունակական է լինելու եւ ինչքանո՞վ է թեմը ի զօրու լուծել, հասցէագրել բարձրացւած խնդիրները։

– Ի սկզբանէ, բռնի տեղահանութեան օրերին, մեր մտքում կար ստեղծել մի վայր, որտեղ Արցախի թեմը եւ հոգեւորականները կը կարողանան անմիջապէս արձանագրել խնդիրները եւ իրենց նպաստը բերել։ Տեղահանութեան ժամանակ Սիւնեաց թեմն իրականացրեց այդ աշխատանքը եւ բոլոր տւեալները փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Մեր հանդիպումներն արցախցիների հետ յունիս ամսից ենք սկսել, այցելել ենք 5 մարզեր։ Նախկինում, երբ որպէս թեմակալ առաջնորդ հանդիպում էի տարբեր միջազգային կառոյցների, գրասենեակների ներկայացուցիչների, դեսպանների, լրատւամիջոցների հետ, ես միանշանակ, արցախահայութեան մտքի թարգմանը լինելով, բարձրաձայնում էի, որ բոլոր արցախցիները ցանկանում են վերադառնալ, բայց այդ բարոյական իրաւունքը կարծես թէ չունէի։ Որպեսզի դա լինի աւելի տեսանելի եւ շօշափելի, սկսեցի այցելութիւնները, հարցաթերթիկներ ենք կազմել, որոնց մեջ նաեւ հարց կար որոշակի երաշխիքների պարագայում Արցախ վերադառնալու մասին։ Մենք հաւաքագրել, ամփոփել ենք արդիւնքները եւ հարցւածների 87 տոկոսը միանշանակ կողմ է արտայայտւել վերադարձին, 6  տոկոսը փոքր-ինչ կասկածում է։ Դա էլ կը նշանակի՝ կասկածում է անվտանգային իրավիճակի հետ կապւած, եւ 7 տոկոսը չէր պատկերացնում վերադարձը՝ երեւի հոգեբանական եւ այլ հարցերի հետ կապւած։

Հոկտեմբեր ամսին միւս մարզերն այցելելուց յետոյ արդէն լիարժէք պատկերը պարզ կը լինի։ Մօտ 1000 եւ աւելի ընտանիքների հետ հանդիպումից յետոյ պարզ կը լինի, թէ ինչ է պատկերը։ Բացի դրանից, մեր հանդիպումների նախապատրաստական աշխատանքները լիարժէք չենք կատարել, եթէ լիարժէք կատարէինք, մասնակիցների թիւն աւելի շատ կը լինէր։ Հանդիպումներին նաեւ մեր հոգեւոր խօսքը, գօտեպնդիչ մտածումներն ենք փոխանցել ներկաներին։

– Իսկ ի՞նչ հարցեր են հիմնականում բարձրացրել։

– Արցախցիների բարձրացրած հարցերի գերակշռող մասն այն է, որ իրենք անտեսւած են, այն առումով, որ երբեւիցէ չեն պատկերացրել, որ իրենց նկատմամբ նման վերաբերմունք կը լինի։ Անտեսւած լինելու պարագան մարդկանց մօտ առաջացնում է խուճապային տրամադրւածութիւն, մարդը դառնում է ինքնամփոփ եւ չի ցանկանում խօսել։ Սրանք շոկային բաներ են, որ տեղի են ունենում, մանաւանդ այս ցաւից յետոյ։

Իսկ եթէ ամէն համայնքի համար առանձին, միասնական ապրելու միջավայր ստեղծւէր, հոգեբանական աջակցութեան խթան լինէր եւ սոցիալական փաթեթների, ոչ թէ ցաքուցրիւ, փնթի, այլ նորմալ կառավարւող ձեւաչափով, այս ամէնը կարելի էր իրականացնել համայնքների ղեկավարների, վարչակազմի ղեկավարների, նրանց տրւելիք յանձարարականների միջոցով։ Քանի որ բոլորն անտեսւած էին, չկային վարչակազմին տրւող համապատասխան յանձնարարկաններ եւ քաոսային վիճակ էր ստեղծւել, այդ վիճակում պէտք է լինէր այն, ինչ մենք տեսանք։ Իսկ եթէ լինէր այն, ինչ մտածում էինք, նաեւ արցախցիների արտագաղթ չէր լինի դէպի տարբեր երկրներ։

Միւս խնդիրն անձնագրի հետ է կապւած։ Անձնագրի հետ կապւած խոչընդոտները մեզ համար աբսուրդի են հասնում, որովհետեւ չի կարող ՀՀ անձնագիր ունեցող մարդը նման խնդիրների բախւել եւ երրորդը փախստականի կարգավիճակն էր։ Մարդիկ այնտեղից ինքնակամ չեն դուրս եկել, Ցեղասպանութիւն է տեղի ունեցել եւ դրա համապատասխան իրաւական կարգավիճակը չկայ։ Այս ամէնը մարդկանց մօտ հիասթափութիւնների ալիք է առաջացնում։ Մեր ժողովուրդը համեստ, հանգիստ, կոլեկտիւ մտածողութիւն ունեցող ժողովուրդ է, եւ համապատասխան կարգադրութիւնը, առաջադրանքը մարդիկ հանգիստ կատարում են, ուղղակի յուսադրող խօսք է պէտք, իրաւական եւ բարոյահոգեբանական լուծում։ Եթէ այս ամէնը միաւորենք, ժողովորդը հանգիստ իր աշխատանքը կը շարունակի մայր Հայաստանում ապրելով եւ մտածելով այն լուսաւոր տեսիլքի մասին, որ պիտի վերադառնանք Արցախ։

Ոչնչացումը տեղի է ունենում Ադրբեջանի իշխանութեան կողմից, իսկ ՀՀ-ի իշխանութիւնները լռում են:

– Արցախի մշակութային ժառանգութեան հետ կապւած, ամէն անգամ ականատես ենք լինում, որ ոչնչացնում են մեր դարաւոր կոթողները, մշակութային, հոգեւոր, հասարակական կառոյցները, շատ դէպքերում ցուցադրական ու լկտիաբար, հնարաւո՞ր չէ դատական ակտերի, կամ այլ միջոցներով այնպէս անել, որ Ադրբեջանը չոչնչացնի դրանք։

– Ցաւօք սրտի, եթէ սա մի ժողովրդի հոգեւոր-մշակութային ժառանգութեան ոչնչացում է եւ այդ ժողովրդի իշխանութեան կողմից իրաւական, քաղաքական գնահատական չի տրւում, հասարակ ժողովուրդը ոչինչ չի կարող անել, եկեղեցին իր ամբողջ ուժականութեամբ չի կարող ազդել, սա պետական քաղաքականութիւն է, ոչնչացումը տեղի է ունենում Ադրբեջանի իշխանութեան կողմից, իսկ ՀՀ-ի իշխանութիւնները լռում են։ Սա ցաւ է։ Իսկ մեր հասարակական կազմակերպութիւնները ինչքան էլ ծեծեն միջազգային կառոյցների դռները, այդ դռները փակ են, մարդկանց ականջներն էլ խուլ։

Եկեղեցին, ինչքանով կարողանում է, իր խողովակներով հասու է դարձնում այս ցաւալի երեւոյթները, սրանք էլ մնում են անպատասխան։ Բազմիցս նամակներ ենք յղել, բազմիցս բարձր մակարդակով Վեհափառ Հայրապետը հրաւիրել է անգամ ԻՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին, Համաշխարհային եկեղեցիների խորհուրդին, տասնեակ անգամներ Էջմիածինը եւ Էջմիածնում գործող գրասենեակը տարբեր մակարդակով դեսպանների է դիմել, բայց ցաւ ենք ապրում, որ նոյն փութաջանութեամբ ՀՀ-ի իշխանութիւններն անգամ մատը մատին չեն տալիս, իսկ եթէ նւիրական ձեւով իշխանութիւններն ուզեն, անշուշտ այդ դռները կը բացւեն, դատական հայց կը ներկայացւի։ Այսօր ՀՀ-ի իշխանութիւններն անգամ չեն ճանաչել բռնի տեղահանւած Արցախի հարցի իրաւական ձեւաչափը։ Տարին լրանում է անգամ սգի օր չեն յայտարարել։

Այդ վանդալիզմի ձեռքը բռնող չկայ, դա կը շարունակւի այնքան ժամանակ, մինչեւ մենք կը հասկանանք, որ դա ոչ միայն մեր ոգին է սպանում, այլ նաեւ մեր մարմինը, այս առումով ցաւալի է, որ բոլորը ոչ միայն չեն խօսում, այլ համակերպւում են այն իրականութեան հետ, որն Ադրբեջանն իրականացնում է։ Գրասենեակային ցաւ ապրելու, խօսքից անդին ոչ մի աշխատանք չի իրականացւում իշխանութիւնների կողմից։

Արցախը չի ընկել, ընկնողը մենք ենք, մենք ընկանք, ծնկի եկանք ֆիզիկապէս, բարոյապէս, հոգեպէս:

– Արցախի հայաթափումից յետոյ համարեա մէկ տարի է անցել, բայց տպաւորութիւն է, թէ երկար տարիներ են անցել, ու ամէն ինչ արւում է հարցը մոռացութեան տալու համար։ Ինպէ՞ս կարող ենք վերադարձի նկատմամբ հաւատը վառ պահել, իրատեսական հաւատը։

– Բոլորս ենք ուզում այդ աւետիսը, բարի լուրը լսել եւ Արցախում ապրել։ Արցախը մենք չենք կորցրել, Արցախը կայ ու շարունակում է մնալ, Արցախը չի ընկել, ընկնողը մենք ենք եղել, մենք ընկանք, ծնկի եկանք ֆիզիկապէս, բարոյապէս, հոգեպէս․․․

Ինչո՞ւ այդպէս եղաւ։ Մենք պէտք է հետ գնանք դէպի մեր ակունքները, տեսնենք, թէ մեր նախնիներն ի՞նչ են արել, ի՞նչ գործընթաց են սկսել, որը մենք չենք շարունակել։ Սուրբ գրքում գրւած է՝ «ես եմ Հայկի, Նոյի եւ Գրիգոր Լուսաւորչի Աստւածը։ Հայկ նահապետը չարի դէմ պայքարել է, Հայաստան երկիր է ստեղծել, յոյսի երկիր է դարձրել, Նոյ նահապետն իր ընտանիքն է փրկել, Լուսաւորիչն այնքան խորը հաւատ է ունեցել, որ Աստւած իջել է Արարատեան դաշտավայրում։ Այս երեք անձերը ընտանիքի, հայրենիքի ու հաւատի գաղափարն են մարմնաւորում։

Մենք հեռացե՞լ ենք մեր հայրերի տւած ուխտից, իհարկէ հեռացել ենք։ Այդ դէպքում ի՞նչ ենք ուզում։ Երբ հրեայ ժողովուրդը հեռացել էր իր Աստծուց, Աստւած ասաց՝ ես Ձեզ կը մատնեմ Ձեր թշնամիների ձեռքը, հիմա մեր թշնամիներն ի՞նչ տեսքով են, ի՞նչ գաղափարի կրող են, որտեղի՞ց են եկել, քո ներսի թշնամիների ձեռքն է տալո՞ւ։ Դու կը կործանւես, եթէ չկատարես քո նախնիների ուխտը։ Շղթան կտրւել է, հիմա ի՞նչ ենք ուզում։ Ոչ մի դաշնակից չունենք, որովհետեւ ամենակարեւոր դաշնակցից՝ անդաւաճան Աստծուց, մենք հեռացել ենք եւ մեղքի մէջ ընկել։ Աստւածապարգեւ յաղթանակները վերագրել  ենք մեզ, անձնաւորել ենք եւ ընկել մահացու մեղքի՝ հպարտութեան մէջ։

Որպէսզի նորից վերադառնանք մեր ակունքներին, պէտք է օգտւենք մեր քրիստոնէական զինանոցից, ներենք իրար, զգանք մեր մեղքը, խոստովանենք, ապաշխարենք ու այդ դէպքում ծնկած վիճակից դուրս ենք գալու, բայց եթէ դա չենք գիտակցում, ով ուզում է գայ, ինչ ուզում  է տեղի ունենայ, չի լինելու։ Մենք հեռացել ենք ոչ միայն Աստծուց, այլ նաեւ մեր հայրերից։ Ուզում ես քամի ցանե՞ս ու ի՞նչ հնձես, փոթորիկ ես հնձելու, իսկ եթէ ցորեն ցանես, ցորեն ես ճաշակելու։ Մենք հպարտութիւն ցանեցինք, ի՞նչ ենք քաղելու։

Պէտք է մեր ինքնութիւնը տանենք դէպի մեր ակունքները, մեր գենետիկ յիշողութիւնը կապւած է դրա հետ։ Մենք դրանով պիտի կարողանանք մեր ինքնութիւնը համեմել Աստծոյ խօսքով եւ մեր նահապետների տւած լոյսը տեսնել։ Արցախի վերադարձը պայմանաւորւած է այս հանգամանքներով․ կը զղջանք, կը գիտակցենք, Աստւած ճանապարհը ցոյց է տալու, թէ ոնց ենք հետ վերադառնալու եւ դա կոչւելու է յաղթական վերադարձ, եթէ մենք հաւատում ենք դրան։

Related Articles

Back to top button