2020-ի պատերազմը եւ Շուշիի անկումը գլխիվայր շուռ տւեց Շահրամանեանների ընտանիքի խաղաղ կեանքը
Նունէ Շահրամանեանը 2000 թւականից ապրում էր Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու յարակից շէնքում։ Արցախեան առաջին պատերազմի ժամանակ ռմբակոծւել եւ լրիւութեամբ աւիրւել է Ստեփանակերտում գտնւող նրանց տունը եւ Շահրամանեանների ընտանիքը տեղափոխւել է Հայոց բերդաքաղաքը՝ յոյս ու հաւատ ունենալով, որ կապրեն ապահով ու արժանապատիւ կեանքով։ Երջանիկ էին ապրում։ Նունէի ընտանիքում մեծանում եւ դաստիարակւում էին երեք դուստրեր։ 2020-ի պատերազմը եւ Շուշիի անկումը գլխիվայր շուռ տւեց Շահրամանեանների ընտանիքի խաղաղ կեանքը։
Նունէն յուզմունքով է պատմում, եւ ամէն անգամ այդ օրերը մտաբերելիս՝ սաստկանում է նրա ցաւը․«Երբ սկսւեց 2020-ի պատերազմը, առաջին իսկ օրերից Շուշին յայտնւեց ԱԹՍ-ների յարձակումների տակ։ Քաղաքը խուճապի մէջ էր, մարդիկ վազում էին պատսպարւելու շէնքերի նկուղներում։ Երեխաներիս, թոռներիս ու ծնողներիս հետ գնացինք եկեղեցու նկուղ եւ այդտեղ մնացինք շուրջ 40 օր։ Երբ պայթեցրին եկեղեցին, մենք այնտեղ էինք։ Փրկարարների միջոցով տեղափոխեցինք մեր շէնքի նկուղը։ Բառերն անզօր են՝ նկարագրելու այն վախն ու տագնապը, որ զգում էինք մենք։ Հասկանում էի, որ վիճակը շատ վտանգաւոր է՝ երեխաներիս փրկել է պէտք։ Նոյեմբերի 2-ը կամ 3-ն էր։ Երեք հատ աւտոբուս եկաւ եւ եկեղեցու դիմացից մենք՝ քաղաքում մնացած վերջին շուշեցիներս, տարհանւեցինք Երեւան։ Հետս վերցրել էի միայն մեր փաստաթղթերը։ Պատերազմի աղէտալի աւարտից եւ Շուշիի անկումից յետոյ ես չգիտէի ինչ անել։ Մտածում էի, որ վերադառնամ Արցախ. բայց որտե՞ղ պէտք է ապրի ընտանիքս։ Երեւանում ապրում էինք վարձով, փոքր աղջիկս էլ ուսանող էր այդ ժամանակ։ Ստիպւած մնացինք եւ 2022-ին վերադարձանք Ստեփանակերտ։ Ապրեցինք շրջափակման ծանր օրերը, նորից պատերազմի արհաւիրքի միջով անցանք եւ 2023-ի սեպտեմբերի վերջին վերստին բռնեցինք գաղթի դժոխային ճանապարհը»։
Արցախից տեղահանւելուց յետոյ Նունէն փոքր աղջկայ հետ է ապրում։ Հաստատւել են Արարատի մարզի Նոյակերտ գիւղում։ Ապրում են ծայրայեղ ծանր պայմաններում։ Առողջական խնդիրների պատճառով ընտանիքի մայրը չի կարողանում աշխատանք գտնել։ Երբ հարցազրոյցի համար կապ հաստատեցինք շուշեցի կնոջ հետ, նա հիւանդանոցում էր. աղջիկը վաղաժամ ծննդաբերել էր կեսարեան հատումով։ Յղիութիւնը թունաւոր է եղել, եւ բժիշկները մի կերպ են փրկել երեխայի կեանքը։
Նունէն յուսահատութեան մէջ է. «Չգիտեմ, թէ երբ պէտք է դժւարութիւնները մեր կողքով անտարբեր անցնեն։ Աղջկաս վիճակն այնքան էր վատացել, որ շուտ հասցրինք Երեւան, եւ շտապ վիրահատութեամբ փրկւեցին ե՛ւ աղջիկս, ե՛ւ երեխան։ Սակայն թոռնիկս շատ թոյլ է, ժամանակ ու բուժում է հարկաւոր, որ նրա վիճակը կայունանայ։ Նա վերակենդանացման բաժանմունքում է․ արդէն 10 օրական է, բայց հազիւ է շնչում։ Այս պահին իմ միակ նպատակը փոքրիկի կեանքը փրկելն է։ Աղջկաս վիճակը դեռեւս չի կարգաւորւել։ Դստերս կեանքը փրկելու համար բարձր արժողութեամբ դեղորայք եմ ձեռք բերում։ Օգնող չունեմ. ամուսինս մահացել է 2016-ին։ Կրկնակի տեղահանւած իմ ընտանիքը յայտնւել է ծանր կացութեան մէջ։ Չգիտեմ ո՞ւմ դիմեմ, ի՞նչ անեմ…
Տեղահանւելուց յետոյ ապրում ենք մի տան, որտեղ կոմունալ նորմալ պայմաններ չկան։ Այդ տանը չկայ ոչ տաք ջուր, ոչ լւացքի մեքենայ։ Ջուր ենք տաքացնում եւ ձեռքով լւացք անում։ Մտածում եմ՝ ինչ է մեզ սպասւում, երբ երեխային տուն տանենք։ Ուրիշ տուն վարձելու հնարաւորութիւն ընդհանրապէս չունենք։ Մի կերպ գոյատեւում ենք պետութեան կողմից տրւող աջակցութիւնների հաշւին։ Թէ երբ դուրս կը գանք այս անորոշ վիճակից, չգիտեմ։ Հիմա միայն անորոշութիւն եմ տեսնում»:
Նա կարօտով ու սիրով է յիշում Արցախն ու այնտեղ ապրած իր տարիները. «Արցախում աշխատում էինք եւ ամուսնուս հետ մեր ընտանիքի կարիքները հոգում։ 90-ականներին Ստեփանակերտում դասաւանդում էի, իսկ երբ տեղափոխւեցինք Շուշի, աշխատում էի Հայ Աւետարանչական ընկերակցութիւնում, միաժամանակ՝ գիշերները հացի արտադրամասում։ Աղջիկներիս ամուսնացրի, թոռնիկներ ունեցայ։ Իրենց առանձին տունուտեղն ունէին։ Այլեւս ոչինչ հարկաւոր չէր լիարժեք ապրելու եւ երջանիկ լինելու համար։ Լաւ էինք ապրում, ուրախ էինք: Չեմ դադարում հաւատալ, որ մի օր կը վերադառնանք, եւ ես Ղազանչեցոցում աղօթք կը յղեմ առ Աստւած ու մոմ կը վառեմ մեր ժողովրդի համար…»:
«Ապառաժ»