«Սրբազան պայքար» շարժման նախաձեռնութեամբ. Տեղի է ունեցել քննարկում՝ «Դէպի կայուն և երկարաժամկէտ խաղաղութիւն» խորագրով
«ԱԼԻՔ» – Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, «Սրբազան պայքար» շարժման նախաձեռնութեամբ Երեւանում տեղի է ունեցել քննարկում՝ «Դէպի կայուն եւ երկարաժամկէտ խաղաղութիւն» խորագրով: Այս մասին տեղեկանում ենք շաարժման ֆէյսբուքեան էջից:
Քննարկման սկզբում, բացման խօսքով հանդէս է եկել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արք. Գալստանեանը:
Իր ելոյթում ՀՀ արտաքին քաղաքականութեան մասին, Բագրատ Սրբազանը նշել է, որ Հայաստանը պէտք է հրաժարւի «հակա»-ներով արտաքին քաղաքականութիւնից եւ վերադառնայ վստահելի եւ կանխատեսելի գործընկերոջ կարգավիճակին:
«ՀՀ արտաքին քաղաքականութիւնը պէտք է կառուցւի ուժային կենտրոնների շահերի համադրմամբ, գործընկերային կապերի խորացման, փոխգործակցութեան նոր հեռանկարներ սահմանելու: ՀՀ-ն պէտք է ձեռնամուխ լինի գործընկերի, դաշնակից երկրների հետ յարաբերութիւնների վերականգնմանն ու խորացմանը՝ միաժամանակ պատրաստակամ լինելով ձեռք բերել նոր գործընկերներ, նրանում նաեւ մեծ դերակատարութիւն յանձնելով Սփիւռքեան ներուժին: Մենք երկարաժամկէտ եւ կայուն խաղաղութեան դրօշակակիրը պէտք է դառնանք, մենք պէտք է գործենք եւ անենք ամէն բան, որ խաղաղութիւնը լինի իրական եւ սերունդներին փոխանցելի, նաեւ սերունդների նախապատրաստելով գալիք անորոշութեան դէմ:
Մենք պէտք է պատրաստ լինենք պաշտպանելու արդար եւ իրական խաղաղութիւնը, որում բացի դիւանագիտական եւ բանակցային գործընթացներից եւ հմտութիւններից, կարեւորագոյն դերակատարութիւն ունի նաեւ Հայոց բանակը՝ որպէս ոչ միայն ՀՀ եւ հայութեան, այլեւ՝ տարածաշրջանի անվտանգութեան երաշխաւոր»,- ասել է նա:
Բագրատ Սրբազանը իր խօսքում յայտարարել է, որ Ադրբեջանում պահւող գերիներն ու պատանդները պէտք է վերադառնան, ադրբեջանական զինուժը պէտք է դուրս գայ ՀՀ ինքնիշխան տարածքից, արցախցիները պէտք է վերադառնան իրենց բնօրրանը, արցախեան խնդիրը պէտք է լինի բանակցային օրակարգում:
Նախկին կամ աւելի նախկին որեւէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձ բացառւած պէտք է լինի
Իր ելոյթում, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդն անդրադարձել է նաեւ ներքաղաքական թեմաներին: Նա նշել է, որ պէտք է վերացւեն ՀՀ գործող իշխանութիւնների կողմից հանրութեան ներսում ստեղծած, փայփայած, սնած, աճեցրած, պետութեան, ինչպէս նաեւ հասարակութեան, Սփիւռքի դիմադրողականութիւնը քայքայած եւ քայքայող բոլոր բաժանարար գծերը:
«Մենք կարող ենք եւ պէտք է վերականգնենք ներքին հաշտութիւնը, որը եղել է այս պայքրաի բովանդակութիւնը: Նախկիններ-ներկաներ, աւելի նախկիններ-աւելի ներկաներ, այս արհեստական բանավէճը եւ պայքարը պէտք է դադարեն վերջնականապէս: Նախկին կամ աւելի նախկին որեւէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձ բացառւած պէտք է լինի մեր կեանքում: Ի դէպ, աւելի նախկին, քան ներկայ իշխանութիւնը գոյութիւն չունի:
Երկրորդ. պէտք է մեր կեանքից ուղղակիօրէն վերացւեն սոցիալական անարդարութեան որեւէ բաղադրիչ, օրէնքի առաջ բոլորի հաւասարութիւնը պէտք է դառնայ Հայաստանում լիարժէք իրականութիւն: Հայաստանում պէտք է բացառւած լինի քաղբանտարկեալների գոյութիւնը:
Երրորդ. որն աւելի կարեւոր է յատկապէս այս օրերին, ՀՀ իշխանութիւնները արել են եւ գործում են այնպէս, որով աւիրել են մեր պետութեան ամբողջ հիմքերը եւ սահմանադրական կարգը: Շատ լուրջ խնդիրներ գոյութիւն ունեն այս իշխանութեան լեգիտիմութեան հետ կապւած, որոնք օր օրի աւելի են աւելանում եւ աւելացնում են մարտահրաւէրները: ՀՀ-ում սահմանադրական կարգը պէտք է վերականգնւի: ՀՀ-ն պէտք է ունենայ լեգիտիմ իշխանութիւն, ով կարող է հանդէս գալ երկրի ազգային եւ պետական շահերի պաշտպանութեան եւ առաջմղման դիրքերից»,- ասել է նա: