«Հետք». Ցմահ դատապարտւածների փոխանցում՝ առանց պատժի շարունակութեան երաշխիքի

«Հետք»-ը գրում է․ «Արդարադատութեան նախարարութիւնը չի պատասխանել «Հետք»-ի հարցին, թէ Նախարարութիւնն ի՞նչ երաշխիք է ստացել, որ սիրիացի երկու վարձկաններին փոխանցել է Սիրիայի Արաբական Հանրապետութեանը՝ պատժի կրումը շարունակելու նպատակով։
Պատժի մնացած մասն իրենց երկրի՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան քրէակատարողական հիմնարկում կրելու խնդրանքով դիմել են Հայաստանում ցմահ դատապարտւած Իւսէֆ Ալաաբեթ ալ-Հաջին եւ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին: Դրանից յետոյ Արդարադատութեան նախարարութիւնն իրականացրել է փաստերի եւ հանգամանքների ուսումնասիրութիւն: Արդիւնքում Արդարադատութեան նախարար Սրբուհի Գալեանի կողմից կայացւել է դատապարտեալների փոխանցումը բաւարարելու որոշում:
Արդարադատութեան նախարարութիւնը 2026 թ. յունւարի 14-ին հաղորդագրութիւն տարածեց, որ Հայաստանի Հանրապետութիւնում ցմահ ազատազրկման դատապարտւած Սիրիայի Արաբական Հանրապետութեան քաղաքացիներ Իւսէֆ Ալաաբեթ ալ-Հաջին եւ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետութեան միջոցով փոխանցւել են Սիրիայի Արաբական Հանրապետութեան իրաւասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացւած դատավճիռների հետագայ կատարումը իրենց քաղաքացիութեան պետութիւնում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացւել է համապատասխան իրաւասու մարմինների միջեւ համագործակցութեան եւ կիրառւող իրաւական մեխանիզմների ներքոյ:
Արդարադատութեան նախարարութիւնից «Հետք»-ին յայտնել են, որ Հայաստանի Հանրապետութեան եւ Սիրիայի Արաբական Հանրապետութեան միջեւ դատապարտեալների փոխանցման հարցը կարգաւորւել է «Քրէական վարոյթներով իրաւական օգնութեան մասին» օրէնքի 80-րդ յօդւածի համաձայն, ըստ որի՝ դատապարտեալի փոխանցումը կարող է իրականացւել Հայաստանի Հանրապետութեան եւ օտարերկրեայ պետութեան միջեւ փոխադարձութեան հիման վրայ:
«Դատապարտեալների փոխանցումն արգելող հանգամանքների բացակայութեամբ պայմանաւորւած՝ իրականացւել է վերջիններիս փոխանցումը Սիրիայի Արաբական Հանրապետութիւն»,- յայտնել են Արդարադատութեան նախարարութիւնից:
Պատժի կրման երաշխիքների մասին որեւ յիշատակում չկայ նախարարութեան պատասխանում: Սա պատահական չէ, քանի որ տարիներ առաջ Հունգարիայի կառավարութիւնը Ադրբեջանին յանձնեց հայ սպա Գուրգէն Մարգարեանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին՝ դարձեալ պատժի կրումը շարունակելու համար, սակայն երկիր մուտք գործելուց յետոյ Սաֆարովը հերոսացւեց եւ ազատւեց պատժի կրումից:
Յիշեցնենք՝ վարձկանութեան եւ պատերազմական այլ յանցագործութիւնների մէջ մեղադրւող, Սիրիայի Արաբական Հանրապետութեան քաղաքացիներ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին եւ Իւսէֆ Ալաբեդ ալ-Հաջին Սիւնիքի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանի դատավճռով՝ 2021 թ. մայիսին դատապարտւել են ցմահ ազատազրկման։
Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին մեղադրանք է առաջադրւել այն բանի համար, որ նա, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետութեան քաղաքացի, մշտապէս չբնակւելով դրա տարածքում, ընդգրկւած չլինելով Ադրբեջանի զինւած ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետութեան քաղաքացի, նիւթական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպւած խմբի կազմում մասնակցել է Ադրբեջանի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծւած ագրեսիւ պատերազմին:
Նրա գործողութիւններն ուղղւած են եղել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան տարածքում քաղաքացիական անձանց եւ զինւած ընդհարման ժամանակ ռազմական գործողութիւններին ակտիւօրէն չմասնակցող անձանց մահ կամ ծանր մարմնական վնաս պատճառելուն, իսկ այդ գործողութիւնների նպատակն իր բնոյթով եւ էութեամբ հանդիսացել է բնակչութեանն ահաբեկելը՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան ներքին վիճակը։
Ահաբեկչական խմբաւորման ղեկավար Աբու Համշա մականւամբ Մուհամմադ ալ-Ջասիմը, նախապէս հաւաքագրւած լինելով Թուրքիայի Հանրապետութեան յատուկ ծառայութիւնների կողմից, նրանցից ակնյայտ ապօրինի հրահանգ է ստացել Ադրբեջանի Հանրապետութեան կողմից Արցախի Հանրապետութեան դէմ նախապատրաստւող պատերազմին որպէս վարձկաններ մասնակցելու նպատակով հաւաքագրել Սիրիայի Արաբական Հանրապետութիւնում բնակւող անձանց:
Մուհամմադ ալ-Ջասիմին Սիրայի Արաբական Հանրապետութեան տարածքում տարբեր անձանց միջոցով սկսել է հաւաքագրել նիւթապէս ծանր վիճակի մէջ գտնւող անձանց: Առաջարկել է համապատասխան զօրավարժութիւններ անցնելուց յետոյ մեկնել Ադրբեջան՝ ամսական 2000 ԱՄՆ դոլարի դիմաց Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան դէմ պլանաւորւած ռազմական գործողութիւններին մասնակցելու համար։
Ըստ մեղադրանքի՝ «Աբու Հուսէյն 23» անունով անձի առաջարկութիւնն ընդունելուց յետոյ, 2020 թւականի յունիս ամսից մինչեւ սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատւածում, ի թիւս այլ վարձկանների, Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին տեղափոխւել է Սիրիայի Արաբական Հանրապետութեան Շէյհ Հադիդ գիւղ, որտեղ երեք ամիս տեւողութեամբ շուրջ 500 վարձկանների հետ միասին մասնակցել է ֆիզիկական, մարտական եւ ռազմական պատրաստւածութեան դասընթացներին:
2020 թւականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, «Սուլթան Սուլէյման Շահ» խմբաւորման ղեկավար Աբու Համշայի կողմից Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին եւ խմբաւորման միւս՝ ընդհանուր 250 անդամներին, հրաման է տրւել պատրաստւել ռազմական գործողութեան, այն է՝ յարձակւել հայկական գիւղի վրայ, գրաւել դրանք, իսկ տեղի քաղաքացիական բնակչութեանը եւ զինւորականներին սպանել, գլխատել, ինչպէս նաեւ Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով իրականացնել հրկիզումներ եւ պայթիւններ։
Ըստ քրէական գործի՝ միւս մեղադրեալին՝ Իւսէֆ Ալաբեդ ալ-Հաջիին ռազմական գործողութիւններին մասնակցելու առաջարկութիւնն արել է Սիրիայի Արաբական Հանրապետութեան Իդլեբ նահանգի Ջըսըր ալ-Շղուր քաղաքի Սահան գիւղի բնակիչ՝ Աբու Ահմադ մականւամբ Իբրահիմ Ռաբ Ալ Աիալը։
Թւով 150 վարձկանների հետ Իւսէֆ Ալաբեդ ալ-Հաջին, փաստացի մասնակցելով ռազմական գործողութիւններին եւ սկսելով յարձակումը, իր դիտաւորեալ գործողութիւններն աւարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ 2020 թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Սիւնքի մարզի Դաւիթ Բէկ գիւղի մօտակայքում, հանդիպելով ՀՀ զինւած ուժերի դիմադրութեանը, վնասազերծւել է եւ յանձնւել իրաւապահ մարմիններին»։
Yerkir.am



