Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ԵԽԽՎ-ում ունեն իրենց առաջնահերթութիւնները

Եթէ Ստրասբուրգում ընդունւած ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը» անւանմամբ բանաձեւը ընդդիմութեան տապալումն է, ապա, ուրեմն, պէտք է ընդդիմութեան տապալում համարել այն, որ Արեւմուտքը ամբողջութեամբ պաշտպանում է այս իշխանութիւններին։ Դա, կարծում եմ, որեւէ մէկի համար նորութիւն չէ։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ԵԽԽՎ ՀՀ ԱԺ պատւիրակութեան «Հայաստան» խմբակցութեան անդամ Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով քննադատութիւններին, թէ նախօրէին ընդունւած բանաձեւը պատւիրակութեան ընդդիմադիր հատւածի տապալում է համարւում։

«Այս մթնոլորտում, որտեղ այս կառոյցը քաղաքական դիրքորոշում ունի, ամբողջութեամբ հակառուսական ընթացք է իրականացնում։ Սա է իրենց համար գլխաւորը։ Եթէ որեւէ մէկը հետեւել է Եւրախորհրդի նիստերին, կը տեսնի, որ այստեղ հակառուսականութիւնը գլխաւոր տեղ ունի։ Եւ սրանից օգտւում են ՀՀ գործող իշխանութիւնները՝ ներկայացնելով իրենց իբրեւ թէ եւրոպական արժէքներ կրող, բայց իրականում մենք բոլորս գիտենք, թէ ինչ է կատարւում երկրում։

Մենք դժգոհ ենք բանաձեւում առկայ ձեւակերպումներից՝ նախեւառաջ այն պատճառով, որ զեկոյցը ներկայացնելուց առաջ պահանջւում էր, որ մոնիթորինգի համանախագահների այց կատարւի ՀՀ, սակայն անհասկանալի եւ անընդունելի պատճառաբանութիւններով այդ այցը չեղարկւել է։ Նրանք կարող էին յետաձգել այցը, քանի որ որպէս պատճառաբանութիւն ներկայացւել էր համանախագահներից մէկի հիւանդութիւնը. անդամներից մէկը հիւանդանոց էր պառկել, բայց հիմա արդէն այդ անձը հիւանդանոցից դուրս է եկել, այդուհանդերձ այդ այցը տեղի չի ունեցել։

Մենք սրա վերաբերեալ մեր դժգոհութիւնը ներկայացրել ենք իրենց։ Մենք ստիպւած ենք եղել առանձին հանդիպումներ ունենալ մոնիթորինգի համազեկուցողների հետ, ամբողջութեամբ փոխանցել ենք իրենց, թէ ինչ է կատարւում Հայաստանում։ Իրենք լաւ տեղեակ են ամէն ինչից՝ քաղբանտարկեալների առկայութիւնից, եկեղեցու նկատմամբ հալածանքներից եւ արշաւից, եւ այս ամէնը իրենք շատ լաւ գիտէին, բայց, ինչպէս ասացի, իրենց համար գերակայ է քաղաքական դիրքորոշումը՝ ամէն գնով պաշտպանել այս իշխանութիւններին, եւ սա որեւէ մէկի համար ոչ գաղտնիք է, ոչ էլ նորութիւն»։

Ռուստամեանը նշեց, որ այս ֆոնին բանաձեւում փորձում են նաեւ որոշ յայտարարութիւնների մէջ ընդգծել այն հանգամանքը, որ գոյութիւն ունի անհասկանալի լարւածութիւն վարչապետի եւ եկեղեցու ղեկավարութեան միջեւ։ «Միաժամանակ խօսել են վարչական ռեսուրսը չարաշահելու մասին՝ ընտրութիւնների նախաշեմին եւ այլ հարցերի մասին. սրանք էլ բանաձեւի միւս, այսպէս ասած, «երեսն» են, որոնք կարելի է տեսնել, որ համապատասխան են իրականութեանը։

Մնացածը, ընդհանուր առմամբ, իրենց քաղաքական դիրքորոշումից է բխում, այն է՝ Արեւմուտքը անվերապահ աջակցում է այս իշխանութիւններին յայտնի պատճառներով»։

Նա ընդգծեց, որ ամենամտահոգիչը թերեւս այն է, որ իրենք խօսում են հաղորդումների մասին՝ կապւած եկեղեցու դէմ պայքարի հետ, եւ դա իրենց մտահոգում է, մինչդեռ պէտք է ոչ թէ հաղորդումներով առաջնորդւեն, այլ Եւրախորհրդի մանդատի ներքոյ կարող էին գալ, տեղում եւ ամբողջութեամբ իրենց աչքերով տեսնել ու գնահատել, այլ ոչ թէ առաջնորդւել ինչ-որ հաղորդումներով։ «Իրենք պարզապէս չեն ուզում գալ տեղում տեսնել, թէ ինչ է իրականում կատարւում։ Սա է ամենաանընդունելին այս ամէնի մէջ, բայց, չնայած դրան, այնուամենայնիւ եկեղեցու դէմ արշաւի մասին ձեւակերպումներ կան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բաւարարւած չէ զեկոյցից, եւ այն աւելի խիստ գնահատականներ կարող էր տալ այն իրավիճակին, որը Հայաստանում առկայ է։

Ռուստամեանն ընդգծեց, որ պատւիրակութեան անդամները հանդիպումներ են ունենում մոնիթորինգի համանախագահների հետ եւ իրենց մտահոգութիւնները բանաձեւի վերաբերեալ յայտնում են։ «Մենք փորձելու ենք նրանց մղել, որ առնւազն ադեկւատ լինեն, լսեն ոչ միայն իշխանական թիմին եւ առաջնորդւեն ոչ միայն նրանց հաղորդումներով, այլ նաեւ ընդդիմութեան կարծիքով։ Ի վերջոյ, իրենք գրասենեակ ունեն Հայաստանում, թող գնան ուսումնասիրեն այդ ֆարս դատերը։ Այսինքն՝ շատ ասելիք կայ իրենց, քանի որ այսպէս չի կարող վարւել մի կառոյց, որը փորձում է ժողովրդավարութիւն եւ մարդու իրաւունքների պաշտպանութիւն իրականացնել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս իրավիճակը չի սազում եւ յարիր չէ այս կառոյցի հեղինակութեանը։

Related Articles

Back to top button