Միջազգային

Ալիեւի փեսան մի ամբողջ գիւղ է տարհանում իր բիզնեսի համար

Ադրբեջանում անընդհատ սկանդալներ են տեղի ունենում Ալիեւների կլանի հետ կապւած։ Նախագահ Իլհամ Ալիեւը, որը երկաթեայ բռունցքով ղեկավարում է երկիրը 2003 թւականից, իր պաշտօնը ստանձնել է հօրից՝ Հէյդար Ալիեւից, որը պետութեան ղեկավարն էր 1993-2003 թւականներին: Որպէսզի Ալիեւները մի քանի սերունդ կառավարեն Ադրբեջանը, Իլհամ Ալիեւն իր կնոջը նշանակել է փոխնախագահ։ Համոզւած եմ, որ նա իր զաւակներից մէկին կը նշանակի իր իրաւայաջորդը՝ այդպիսով շարունակելով Ալիեւների դինաստիան Ադրբեջանում։

Ադրբեջանում վերջին սկանդալը բացայայտւել է Արդի Փուլաջի կողմից. առաջին անգամ հրապարակւել Abzas Media-ում, իսկ խմբագրւած տարբերակը վերահրապարակւել է Globalvoices.org-ի կողմից: Յօդւածը վերնագրւած է. «Ադրբեջանում նախագահի փեսայի համար մի ամբողջ գիւղ են դատարկել»։

Գարաչայլի գիւղն սկզբում պատկանել է Ադրբեջանի մեծ մուֆթի Ալլահշուքիւր Փաշազադէին՝ Ադրբեջանի բարձրաստիճան մահմեդական հոգեւորականին, որը հողերը վարձակալութեան էր տւել գիւղացիներին: Այնուհետեւ 2007 թւականին, գիւղը 49 տարով վարձակալութեան է յանձնւել «Շաբրան ագրոհամալիր» ՍՊԸ-ին, որից յետոյ ընկերութիւնը գիւղացիներին հրամայել է ազատել հողատարածքները։ Գիւղացիներից Թահիր Ռասուլովը դատի է տւել ընկերութեանը՝ փոխհատուցում ստանալու համար։ Սակայն երկու տարի անց նա պարտւել է դատարանում։ «Ինձ շատ են խոշտանգել ու տանջել։ Նրանք ինձ սպառնացել են ոստիկաններով։ Ինձ հանել են իմ պապենական տնից»։ Ընկերութիւնը գիւղը շրջափակել է մետաղալարերով։ «Այժմ մենք մեր նախնիների հողերին նայում ենք լարերի յետեւից»,- ասաց Ռասուլովը:

«Շաբրան ագրոհամալիր»-ի հիմնադիրը Բաքւի Ագրոպարկն է, որը պատկանում է գործարար Սամեդ Ղուրբանովին, որն ամուսնացած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կրտսեր դստեր՝ Արզու Ալիեւայի հետ։

Ընկերութիւնում Ղուրբանովի 6.9 միլիոն դոլարի անձնական ներդրումը համադրւել է 6 միլիոն դոլար լրացուցիչ վարկի հետ՝ տրամադրւած Ձեռնարկատիրութեան զարգացման պետական հիմնադրամի կողմից 10 տարի ժամկէտով՝ 5 տոկոս տոկոսադրոյքով:

Յօդւածում ասւում է, որ «Ղուրբանովի ընկերութիւնն ազատւել է ջերմոցի կառուցման ժամանակ էլեկտրալարերի տեղադրման համար վճարելուց, որը կատարել է Իլհամ Ալիեւի աներոջը՝ Արիֆ Փաշաեւին պատկանող «Ռետրօ Հոլդինգ» ընկերութիւնը։ Ներդրումային այլ առաւելութիւնները ներառել են ագրոհամալիրի ոռոգման ենթակառուցւածքի համար բարենպաստ վարկերը՝ բոլորը տրամադրւած պետութեան կողմից»:

Գարաչայլի գիւղի նախկին բնակիչ Շոհրատ Գարդաշալիեւն ասաց. «Գազատարն այստեղով անցնում է դէպի Ագրոպարկ եւ գազ չի մատակարարում մարդկանց, նրանք պարարտանիւթ են տալիս դաշտերին։ Ճիշտ է նրանք միլիոններ են ծախսում պարարտանիւթերի վրայ, բայց մարդիկ այնքան արժէք չունեն, որքան պարարտանիւթերը։ Մենք այստեղ չենք կարող մշակաբոյսեր աճեցնել. մենք հող չունենք, սեփականութիւն չունենք։ Այս ամբողջը ժողովրդի հողն է, բայց տեսէք, ներխուժել են ու վերցրել այն… Ինձ ուղղակի ասացին՝ ընկիր եւ մեռիր, կը խեղդեմ եւ կը սպանեմ քեզ»։

Թահիր Ռասուլովն ասաց. «Այստեղ նշւած են անուններ, նշւած է նախագահի անունը, տիկին Մեհրիբան Ալիեւայի (փոխնախագահի եւ կնոջ) անունը: Հէնց որ մեր անասուններից մէկն անցնում է այդ դաշտը, մեր կառավարիչն ասում է, որ սա տիկին Մեհրիբանի տեղն է։ Ուրեմն տիկին Մեհրիբանն այստեղ ներկայացուցիչ է նշանակել՝ քաղաքացուն սպանելու, ծեծելու, խոշտանգելու կամ սպառնալո՞ւ համար»։

Քանի որ գիւղացիների համար զբաղւածութեան հնարաւորութիւն չկայ, միակ հնարաւորութիւնը ագրոհամալիրում աշխատելն է, որտեղ կա՛մ հրաժարւել են նրանց աշխատանքի ընդունել, կա՛մ առաջարկել են ամսական ընդամէնը 200 դոլար աշխատավարձ: Գիւղացիներից մէկը ողբալի վիճակը նկարագրեց որպէս «ժամանակակից ստրկութիւն»։

Դատական փաստաթղթերը ցոյց են տւել, որ Բաքւի Ագրոպարկը «անհաւանական էժան վարձավճար է տւել Գարաչայլի գիւղում վարձակալած հողերի համար՝ տարեկան 1500 դոլար վարձավճար 4300 ակր հողի համար»։ Ռասուլովն ասել է, որ ինքը նախկինում «այդ հողի մէկ ակրի համար վճարում էր 45 դոլար վարձավճար։ Եւ այնուամենայնիւ, Բաքւի Ագրոպարկը մէկ ակրի համար վճարում է 2.2 դոլարից պակաս»:

Սամեդ Ղուրբանովին են պատկանում նաեւ «Բաքւի Ագրոպարկ առեւտրի տունը, որը զբաղւում է մրգերի եւ բանջարեղէնի մեծածախ առեւտրով. «Մաքսիթրէյդինգ» ՍՊԸ-ն, որը զբաղւում է պարէնային ապրանքների ներմուծմամբ եւ բաշխմամբ. ինչպէս նաեւ Mirlex Group-ին պատկանող մի քանի այլ ընկերութիւններ (Mirlex Development եւ Mirlex Construction ՍՊԸ), որոնք զբաղւում են կրակմարիչների վաճառքով, աւտոմատ հակահրդեհային ազդանշանների տեղադրմամբ, կայանման եւ տեսահսկման համակարգերով: Սամեդ Ղուրբանովի բազմաթիւ ընկերութիւնների գրասենեակները գտնւում են «Պորտ Բաքու Թաուերս» էլիտար բիզնես կենտրոնում, որը պատկանում է Pasha Holding-ին [տէրը Մեհրիբան Ալիեւայի հայրն է]»։

Abzas Media-ի լրագրողները փորձել են «խօսել Շաբրանի ագրոհամալիրի կառավարիչների հետ, սակայն ապարդիւն։ Նկարահանող խմբին կանգնեցրել է անվտանգութեան աշխատակիցը եւ ասել, որ կառավարիչներից ոչ մէկը համալիրում չէ»:

Ցաւօք, «այն բանից յետոյ, երբ գիւղի բնակիչները ստիպւած են եղել փախչել, նրանք թողել են գիւղի գերեզմանոցը։ Քանի որ համալիրը կառուցւել է, եւ նրանց հողերը խլել են, նրանք պէտք է թոյլտւութիւն խնդրեն ագրոհամալիրի ղեկավարութիւնից՝ անգամ իրենց հանգուցեալ հարազատների շիրիմներին այցելելու համար»։

Շատ ողբերգական է, որ կառավարութիւնը, որը տարեկան միլիարդաւոր դոլարներ է վաստակում իր նաւթի ու գազի հսկայական պաշարներից, չի ցանկանում այդ հարստութեան մի փոքր մասը կիսել Ադրբեջանի աղքատ գիւղացիների հետ:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button