Քաղաքագէտ. «Հեքիաթը, թէ Սպիտակ տնից կը զանգեն ու կը փրկւենք, այդպէս էլ մնաց հեքիաթ»
Քաղաքագէտ Գարիկ Քեռեանի «Ֆէյսբուք»-եան գրառումը․
«Արեւմտեան դեմոկրատական երկրները՝ ԱՄՆ-ն, ԵՄ մէջ համախմբւած պետութիւնները ունեն շատ աւելի զարգացած, առաջադիմական եւ արդիւնաւէտ գործող քաղաքական եւ տնտեսական համակարգեր: Սա բացարձակ ճշմարտութիւն է եւ ապացուցման կարիք չունի: Անհրաժեշտ է արդեօք զարգացնել եւ ընդլայնել յարաբերութիւններն ու համագործակցութիւնը հաւաքական Արեւմուտքի հետ, իհարկէ այո, բացառել նման յարաբերութիւնները, անգրագիտութիւն է եւ վնասակար:
Սակայն կարող է արդեօք արեւմտեան ինտեգրացիոն ուղղութիւնն ապահովել ՀՀ գոյատեւումը տարածաշրջանային բարդ եւ կոնֆլիկտային հանգոյցում: Հարցի պատասխանը միանշանակ է. ոչ եւ կրկին անգամ ոչ: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարդ եւ կոնֆլիկտային յարաբերութիւնների պայմաններում անհրաժեշտ է ոչ թէ զարգացած երկրների հետ ինտեգրացիայի պայծառ ապագայի տեսլական, այլ պատերազմական սպառնալիքը չէզոքացնող միջպետական ռազմաքաղաքական համագործակցութիւն եւ ռազմական ներկայութիւն: Ռուս-թուրք-ադրբեջանական համագործակցութիւնը սիրիական եւ ղարաբաղեան ճակատներում հիմք ընդունելով, Հայաստանի հակառուսական «քաղաքագիտական» հատւածը կոչ է անում անցնել հիւսիսային թշնամու դէմ ակտիւ գործողութիւնների: Ֆրանսիայից զէնքի գնումը թմբկահարւում է որպէս շրջադարձի սկիզբ: Այստեղ անտեսւում է այն իրողութիւնը, որ Ադրբեջանն ամբողջութեամբ իր զինւած ուժերը տանում է Թուրքիայի հետ ռազմական միաւորման:
Վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է, հաւաքական Արեւմուտքի ռազմական այլ կառոյց գոյութիւն չունի: Այդ է պատճառը, որ եւրոդիտորրդնեը զինւած են միայն հեռադիտակներով այլ պարագայում դա կը հակասի ՆԱՏՕ-ական դաշինքային տրամաբանութեանը: Հայաստանի հետ առճակատման մէջ գտնւող Ադրբեջանի վրայ աւելի մեծ ազդեցութեան լծակներ ունի Մոսկւան: Այս իրողութիւնները վկայում են, որ պատերազմական վտանգի կանխման բանալիները աւելի շատ Մոսկւայում են, քան, թէ Բրիւսէլում կամ Վաշինգտոնում: Այն հեքիաթը, որ Սպիտակ տանից կը զանգեն եւ կը փրկւենք, այդպէս էլ մնաց հեքիաթ: Ռուսաստանը իհարկէ վատ դաշնակից է, Ղարաբաղի դէպքերը վկայ, բայց նա կարող է դառնալ ոխերիմ թշնամի, եթէ քեզ պահես Զելենսկու նման: Իրատեսական արտաքին քաղաքականութիւնը պահանջում է առաջնորդւել սառը դատողութեամբ եւ հաշւարկներով եւ ոչ թէ ժողովրդավարութիւնը դիտես անվտանգութեան երաշխիք: Ցաւօք ոչ ժողովրդավար Բաքւի վարչակարգը աւելի կարեւոր գործընկեր է բոլոր բեւեռներում: Կան նաեւ նոր իրողութիւններ, որոնք ստիպում են նոր հայեացքով նայել միջազգային իրադրութեանը: Ռուսաստանը չի պարտւում Ուկրաինայում, Իրանը դարձաւ ԲՐԻՔՍ-ի անդամ, Հայաստանը ստանձնեց ԵԱՏՄ նախագահութիւնը, Ալիեւը արեւմտեան հարթակներ չի գնում, Կրեմլը յայտարարում է, որ չի հեռանում տարածաշրջանից եւ ռազմաբազան շարունակելու է մնալ Գիւմրիում, Հայաստանը դառնում ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագիր կնքած Իրանի միակ սահմանային երկիրը եւ այլն: Մենք այլեւս սխալւելու իրաւունք չունենք: Պէտք է բացառել ուկրաինացման սցենարը»: