Հաւաքական ախմախութեան պարադոքսը. Օտարւած Հայաստան
Արդեօք ազգերը կարո՞ղ են լինել հաւաքականօրէն յիմար կամ անբանական եւ զուրկ բարոյականութիւնից ու արժանապատւութիւնից։
Այս հարցի անսխալ, բացարձակ պատասխանը չկայ, քանի որ անգամ գիտութեան զարգացման ներկայիս պայմաններում, գործնականում հնարաւոր չէ չափել վերը նշւած յատկանիշերը համազգային մակարդակով։
Բայց յարաբերականութեան հարթութիւնում այդ հարցի պատասխանը կարելի է գտնել՝ որպէս հիմք ընդունելով ազգի, հասարակութեան կենսագործունէութիւնն ապահովող հաւաքական ինստիտուտների որակը։
Տւեալ դէպքում այդպիսի կառուցակարգերի դերում կարող են հանդէս գալ պետութիւնը՝ որպէս հանրային դաշինքի արտայայտութիւն, եւ իշխանութիւնը՝ որպէս պետութեան կառավարումը որոշակի անձանց, միաւորների յանձնելու կոնսենսուսի դրսեւորում։
Առաջադրւած հարցի յարաբերական պատասխանն այս հարթութիւնում փնտրելու դէպքում արդիւնքները, մեղմ ասած, չեն կարող շոյել մեր ազգային արժանապատւութիւնը։
Պետութեան կերպը, որն այսօր գոյացել է Հայաստանում, եւ իշխանութիւնը, որը կառավարում է նմանակերպ պետութիւնը, ցոյց են տալիս, որ, այո, ախմախութիւնը կամ անբանականութիւնը, ինչպէս եւ անբարոյականութիւնն ու անարժանապատւութիւնը կարող են հանդէս գալ՝ որպէս ազգերի բնութագրեր։ Սա ամենեւին չի նշանակում, թէ մեր հասարակութեան մէջ չկան անյիմար ու բանական անհատներ, ո՛չ, կան եւ հաշււում են տասնեակ-հազարներով ու ամենատարբեր խաւերով։
Դա չի նշանակում նաեւ, որ մեր հանրութիւնը չունի բարոյական իմպերատիւներով ու արժանապատւութեամբ ապրող ներկայացուցիչներ, ո՛չ, ունի, եւ նրանք հաշււում են հարիւր-հազարներով։
Խնդիրը, սակայն, ոչ թէ այդպիսի որակներով անհատների, հանրային շերտերի ու խաւերի գոյութիւնն է ինքնին, այլ այն հաւաքական կառուցակարգերը, որոնք՝ ի դէմս պետութեան ու իշխանութեան, արձանագրւում են՝ որպէս հասարակութեան կենսագործունէութեան ինտեգրեալ արդիւնք։
Ահա այդ տեսանկիւնից առկայ է հսկայական ճեղք, խզում հանրութեան անհատական որակների եւ հաւաքական արդիւնքների միջեւ։
Եւ մեր հանրային, պետական, քաղաքական, սոցիոմշակութային ու արժեբանական հիմնարար խնդիրների մեծ մասը գտնւում են հէնց այդ խզման տիրոյթում։ Դա նշանակում է, որ՝ կա՛մ, պայմանականօրէն ասած, հանրային առաքինութիւնների մակարդակը, այդուհանդերձ, բաւարար չէ որակեալ համահասարակական արդիւնքներ ունենալու համար, կա՛մ արդիւնաւէտ չէ այն մեխանիզմը, հանրային ու քաղաքական ինստիտուտների այն համակարգը, որով այդ ռեսուրսը վերածւում է հաւաքական արդիւնքի՝ ի դէմս պետութեան ու իշխանութեան։
Առաջին հայեացքից թւում է, թէ այս խնդրի լուծման վերը նշւած խզումը վերացնելու ճանապարհն այդ մեխանիզմի կատարելագործումն է, որը կարող է տեղի ունենալ հանրութեան՝ աւելի որակեալ ներկայացուցիչներին, խաւերին հանրային ու պետական կեանքում ընդգրկելու միջոցով։ Բայց դա թւացեալ լուծում է, որովհետեւ իրականում այս գործընթացը զարգանում է փակ շրջանի սկզբունքով. հասարակութեան որակեալ հատւածն ինքնաօտարւում է անբանական ու անարժանապատիւ պետութիւնից եւ իշխանութիւնից, որովհետեւ անգամ ամենամակերեսային նոյնականացումը դրանց հետ խնդրայարոյց է արժանապատւութեան համար։
Այս օտարումն է՛լ աւելի է մեծացնում առաջին հերթին՝ իշխանութեան, բայց որպէս արդիւնք՝ նաեւ պետութեան դեգրադացման աստիճանը, իսկ այլասերման իւրաքանչիւր յաջորդ փուլ աւելի է օտարում բանական ու արժանապատիւ խաւերին։ Այս օտարումն իր հերթին՝ արտայայտւում է մի քանի դրսեւորումներով։
Ոմանք պետութիւնից օտարւում են սոսկ հոգեբանօրէն՝ սեփական երկրում ապրելով արտագաղթածի զգացողութեամբ, որոշներն օտարումն իրականացնում են նաեւ ֆիզիկապէս՝ արտագաղթելով, այս խմբերում կան նաեւ արտագաղթելու հնարաւորութիւն ունեցողներ, բայց դեռ դիմադրողներ, եւ հակառակը՝ երկրից հեռանալու վերջնական որոշում կայացրածներ, որոնք չունեն դրա հնարաւորութիւնը։
Այս՝ հիմնականում լատենտ գործընթացների հետեւանքն այն է, որ պետութիւնը մնում է բանականութեան ու արժանապատւութեան հետ անյաղթահարելի խնդիրներ ունեցողներին, որոնք այդ խնդիրը փորձում են լուծել բանականութեանն ու արժանապատւութեանը վերջնականապէս յաղթելով։
Եւ նրանք յաջողելու են այնքան ժամանակ, քանի դեռ հասարակութեան՝ պետութիւնից օտարւած շերտերը չեն գտել պետութիւնը յիմարութիւնից ու անարժանապատւութիւնից օտարելու միջոցները։
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
168.am