Դաւիթ Ջամալեան. «ՀՀ իշխանութիւնները ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս բերելու հարց են դնելու շուտով»
Օրերս Փաշինեան-Լուկաշենկօ հեռախօսազրոյցից պարզ էր դարձել, որ ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելոռուսիայի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստին Փաշինեանը չի մասնակցի: Յետոյ նաեւ տեղեկացանք՝ Հայաստանը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնութեան մասին փաստաթուղթը։
Այս ամենին զուգահեռ էլ՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանն էլ վստահեցրել էր, որ ՀԱՊԿ նիստին չմասնակցելը դեմարշ չէ, ու ՀՀ օրակարգում ՀԱՊԿ-ը լքելու հարց չկայ, սակայն մէկ այլ հարթակում չէր բացառել «արտադաշինքային պետութիւն դառնալու գաղափարը»:
Ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանը ՀԱՊԿ-ին հակադրւելու հերթական դրւագն այս իշխանութիւնների պարագայում օրինաչափ է համարում: Ռազմական փորձագէտը կարծում է՝ այդուհանդերձ, ՀՀ իշխանութիւնները շուտով Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու հարց են դնելու:
«ՀԱՊԿ-ին այլընտրանք չկայ: ՀԱՊԿ-ը մեզ համար նոյն ՌԴ-ն է՝ պարզապէս ռուսական օգնութիւնը ստանալու մի այլընտրանքային ձեւաչափ,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Դաւիթ Ջամալեանը՝ մանրամասնելով,- ՀԱՊԿ-ի առաջարկած ռազմատեխնիկական օգնութիւնը մերժել, ՀԱՊԿ-ից դուրս գալ՝ նշանակում է դառնալ շատ մատչելի թիրախ թուրք-ադրբեջանական տանդեմի համար: Այս իշխանութեան գերնպատակը ցանկացած՝ անգամ տարածքային ու մարդկային կորուստների գնով Հայաստանը ՌԴ-ից հեռացնելն է (իրենք, ի դէպ, այս առումով անկեղծ են):
Այս խմբակն ունի ինքնիշխանութեան վերաբերեալ այլասերւած պատկերացումներ: Իրենք «ինքնիշխանութիւն» ասելով՝ հասկանում են ՌԴ-ի հետ կապերի խզում. ոչի՛նչ, որ մենք կախւածութեան մէջ ենք յայտնւում Թուրքիայից, ոչի՛նչ, որ ռուսական ներկայութեանը փոխարինելու է թուրքականը, ոչի՛նչ, որ այստեղ մի քանի հարիւր հազար ադրբեջանցի վերաբնակեցւի:
Հետեւաբար, ՀԱՊԿ-ին այս հակադրութիւնն օրինաչափ է. ես կարծում եմ՝ իրենք շուտով ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս բերելու հարց են դնելու»:
Ռազմական փորձագէտը ցաւով է արձանագրում, որ ադրբեջանական հնարաւոր յարձակման մասին խօսոյթին զուգահեռ՝ մեդիահոսքերը կառավարելով՝ մոլորեցնում են հանրութեանը պատրանքով, թէ Ֆրանսիան մեզ ռազմատեխնիկական այնպիսի օգնութիւն է ցուցաբերելու, որ հնարաւոր կը լինի դիմակայել ադրբեջանական հարւածին:
«Սա մեծագոյն պատրանք լինելով հանդերձ՝ վտանգաւոր իրողութիւն է ձեւաւորում, որովհետեւ թմբիրի մէջ գտնւող հասարակութեանը մանիպուլացնելը նշանակում է էլ աւելի թուլացնել պաշտպանական իմունիտետը»,- յաւելեց նա:
Դիտարկմանը՝ այդուհանդերձ օբիեկտիւ ու իրաւացի չէ՞ նաեւ հանրային տարբեր շրջանակներում առկայ ՌԴ-ի հանդէպ դժգոհութիւնը, հակառուսական տրամադրութիւնների առկայութիւնը՝ հաշւի առնելով նաեւ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելութեան ձախողումը, ՀԱՊԿ-ից ակնկալիքների չարդարացումը՝ Դաւիթ Ջամալեանն արձագանգեց.
«Իրաւացի չէ. այդ տրամադրութիւնները ձեւաւորւել են մեդիամանիպուլեացիաների հետեւանքով: Իրականում, ռուսական կողմին մենք որեւէ պահանջ, յանդիմանանք ներկայացնելու տեղ չունենք, որովհետեւ թէ՛ 44-օրեայի ժամանակ, թէ՛ դրանից յետոյ ռուսական կողմը պատրաստ է եղել շատ աւելի մեծ ծաւալով ներգրաււել գործընթացների մէջ, բայց միշտ հանդիպել է նիկոլական իշխանութեան արհեստականօրէն ստեղծւող պատնէշներին, խոչընդոտներին, եւ հիմա՝ արդէն բացայայտ ռազմատեխնիկական օգնութիւն ստանալու մերժմանը:
Մէկ տարի առաջ այս օրերին մերժում էին ՀԱՊԿ-ի կողմից այդ օգնութեան ստացումը, եւ իբրեւ հիմնաւորում՝ ասում՝ մենք պահանջում ենք, որպէսզի ՀԱՊԿ-ն Ադրբեջանին ճանաչի ագրեսոր: Հիմա հարց եմ տալիս՝ Ֆրանսիային նոյն պահանջը ներկայացրե՞լ էք, ինչ-որ ռազմավարական երկխօսութիւն էք սկսում թուրք-ադրբեջանական տանդեմի թիկունքին կանգնած բրիտանական կողմի հետ. այդ երկխօսութեան ընթացքում Ադրբեջանն ագրեսոր ճանաչելու պայման դրե՞լ էք բրիտանացիների առաջ (թէեւ ունակ էլ չեն պահանջներ դնելու, քանի որ տէրը ծառայի առաջ պահանջ դնել չի կարող»:
Ռազմական փորձագէտն ընդգծեց՝ ՀԱՊԿ-ին անդամակցելիս մեր գերխնդիրը եղել է սպառազինութիւնների անհրաժեշտ ծաւալի կայուն մատակարարումներ ապահովելը, այլ ոչ թէ ՀԱՊԿ-ի ինչ-որ պետութեան, կամ ՀԱՊԿ գնահատականն Ադրբեջանին:
«Դա էլ է կարեւոր, բայց դա 4-րդ-ական կարգի հարց է՝ շօշափելի օգնութեան համեմատ, զէնք ստանալու համեմատ,- յաւելեց մեր զրուցակիցը, ապա այս համատեքստում յիշեցրեց,- վերջին աղէտի օրերին՝ սեպտեմբերի 19-ին, Թեհրանում գտնւող ՌԴ պաշտպանութեան նախարարը, ըստ հայկական ծագմամբ ռուս արեւելագէտ Կարինէ Գէորգեանի, ՀՀ իշխանութիւններին առաջարկել է այնպիսի սցենար խաղարկել, որը կը կայունացնէր իրավիճակն Արցախում (պարզապէս այդ սցենարը խաղարկելու համար հիմք պէտք է լինէր ՀՀ տարածքը): Օրւայ իշխանութիւնը մերժել է ռուսական կողմի առաջարկը:
Ես այսպիսի օրինակներ կարող եմ շատ բերել»:
Դաւիթ Ջամալեանը վստահեցրեց՝ իշխանութեան փոփոխութիւնից անմիջապէս յետոյ ռուսական կողմից կը կարողանանք ստանալ ամէն անհրաժեշտը՝ թէ՛ եղածը պաշտպանելու, թէ՛ կորուստները յետ բերելու համար:
Այդուհանդերձ, վերջին իրադարձութիւններին հետեւելով՝ ռազմական փորձագէտն այն եզրակացութեան է եկել, որ թէ՛ Նիկոլ Փաշինեանը, թէ՛ նրա շրջապատը ոչ թէ իշխանութիւնը պահելու հարց են լուծում այս քայլերով, այլ ճիշտ ժամանակին երկրից էւակուացւելու.
«Իրենք կատարում են այն հրահանգները, որոնք իջեցւում են իրենց՝ իրենց տէրերի՝ Արեւմուտքի կողմից: Եթէ փորձենք ռացիոնալ դիրքերից մօտենալ, ապա այս մարդիկ վաղուց թքած են ունեցել հայոց պետականութեան, հայոց շահերի վրայ, եւ հիմա իրենք կուրօրէն կատարում են պատւէրը՝ յանուն որի իրենց բերել են իշխանութեան:
Մոտիւացիան շատ յստակ է. յարմար պահի երաշխաւորւած էւակուացւելու եւ Արեւմուտքում իրենց կեանքը վայելելու խնդիր են լուծում: Թէպէտ, այո՛, կարելի է կարծել, որ Արցախը յանձնելուց յետոյ սրանք մնացին իշխանութեան, ինչ-որ ժամանակահատւածով երկարեց սրանց իշխանութիւնը, բայց գիտէ՞ք՝ մազից կախւած իշխանութիւն է. ցանկացած պահին ինչ-որ ֆորս-մաժոր կարող է իրենց սրբել-տանել, եւ իրենք դա շատ լաւ հասկանում են: Իրենք արդէն շատ նեղ անձնական հարց են լուծում, իսկ այդ դէպքում խօսել ազգային շահերի մասին՝ անիմաստ է»: