Արցախի թեմի առաջնորդ. «Արցախի հայաթափումը ոչ միայն Ադրբեջանի ծրագրերի մէջ էր ներառւած, այլեւ գերտէրութիւնների»
Անկախ այն հանգամանքից, թէ ՀՀ պետական իշխանութիւններն ինչ որոշումներ կը կայացնեն Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների եւ նրա սահմանադրական իրաւունքի վերաբերեալ, Արցախի թեմը կրօնական կառոյց է, եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր գործառոյթներն ունի։
168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը՝ անդրադառնալով ՀՀ-ում Արցախի հոգեւոր թեմը պահպանելուն, թեմի խնդիրներին եւ անելիքներին։
Թեմն այս պահին կտրւած է իր բնօրրան Արցախից, ինչը, Սրբազանի խօսքով՝ նշանակում է, որ այն չի կարողանում լիարժէք գործել, քանի որ թեմն առաջին հերթին հաստատւում է մի տարածքի վրայ, որը նշանակում է վարչական տարածք եւ վերահսկողութիւն այդ վարչական տարածքում գոյութիւն ունեցող վանքերի, եկեղեցիների, մշակութային կոթողների, նաեւ հաւատաւոր իր զաւակների, հաւատաւոր հօտի, ծխերի նկատմամբ։
«Այս ամէնը չկայ, եւ թեմն առանց հաւատացեալների, քահանաների, առանց համապատասխան եկեղեցիների, անշուշտ, լիարժէք չի կարող գործել։ Բայց այն ամէնը, ինչ հոգեւոր ու բարոյական է, նկարագիր ունի հետագայ ծրագրերի համար, անշուշտ, դրա համար թեմը պէտք է մնայ եւ շարունակի գործել։
Անշուշտ, դժւար երեւոյթ է Հայաստանում պահպանել Արցախի բարբառը, սովորութիւնները, որովհետեւ ե՛ւ բարբառը, սովորութիւնները, ե՛ւ կենցաղը, խոհանոցը հիմնւած են լինում քո երկրի, ապրուստի վրայ։ Այսօր համայնքները չկարողացան տեղաւորւել միասնական առումով։ Կարծում եմ՝ շատ դժւար պէտք է լինի այդ ընթացքը նորից վերականգնել, վերարտադրել։ Բայց մշակութաբանները, լեզւաբանները եւ մշակութային գործիչները, մտաւորականները ջանք ու եռանդ չպէտք է խնայեն նման աշխատանքները կատարելու համար։ Պէտք է կարողանան պահպանել այդ արժէքը, դա Արցախի ինքնութիւնն է»,- յաւելեց Արցախի թեմի առաջնորդը։
Մեր զրուցակիցը խօսեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան հարցերով գրասենեակի գործառոյթներից: Սրբազան Հայրը փոխանցեց, որ գրասենեակը բացւել է Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնութեամբ՝ պատերազմից յետոյ։ Այսօր գրասենեակը լիարժէք աշխատում է եւ իրականացնում է իր գործառոյթները։
«Գրասենեակը կարեւոր առաջադրանքներ է կատարում, մասնաւորապէս, Սփիւռքում եւ այն համապատասխան կառոյցների հետ, որոնք միտւած են կրթական, մշակութային արժէքների պահպանմանը, դրանք միջազգային կառոյցներն են, որոնց առնչութեամբ գրասենեակը լիարժէք, կոնկրետ աշխատանքներ է կատարում, որպէսզի մեր յուշարձանների նկատմամբ վայրագութիւնները, ոչնչացումը, փակելը կանխեն, պղծումից ազատեն։ Իսկ այդ ամէնը կանխելու համար, այս ամենի մասին պէտք է լիարժէք ներկայացւի համապատասխան կառոյցներին, որ նրանք էլ տեղեակ լինեն, թէ ինչ է կատարւում Արցախում։ Հիմա մենք Արցախում չենք, եւ այդ կառոյցների ուշադրութիւնից կտրւած են ադրբեջանական վայրագութիւնները։ Տարբեր ճանապարհներով պէտք է տեսնենք, թէ ինչ է Արցախում կատարւում, հետագայում կարողանանք անգամ ուխտագնացութիւններ կազմակերպել դէպի սրբավայրեր, մեր աչքով տեսնենք, թէ ինչ է կատարւում, նաեւ աղօթք բարձրացնենք»,- շեշտեց Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը։
Այսօր Սրբազան Հայրը լիարժէք տեղեկութիւն չունի Արցախի խոշոր հոգեւոր կենտրոնների ներկայիս ճակատագրի ու վիճակի վերաբերեալ, Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի, սակայն որքանով տեղեակ է՝ խաղաղապահները Դադիվանքից դուրս են եկել, թէ ինչ է այսօր տեղի ունենում այնտեղ՝ տեղեակ չէ։ Մէկ բան յստակ է, որ այն, ինչը տեսանելի է ադրբեջանցիների համար՝ խաչը եւ քրիստոնէական այլ նշանները, նրանք միանգամից հանում են ու ոչնչացնում, ցոյց տալով, որ հայկական քրիստոնէական շեշտադրումն Արցախում պէտք է նւազի։
Պատերազմից ուղիղ 10 օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, Սրբազան Հայրը կոչ էր տարածել, հայ ազգին յորդորել էր գործել միասնաբար եւ իմաստնութեամբ՝ մէջբերելով Ներսէս Շնորհալու համերաշխութեան բանաձեւը՝ «Միութիւն կարեւոր հարցերում, ազատութիւն երկրորդական հարցերում եւ Սէր ամէն ինչում», այսօր մեր հաղորդաշարի եթերում Սրբազան Հայրն ասաց, որ ծրագրեր կային, որոնց դիմակայելը վեր էր արցախահայութեան ուժերից։
«Արցախի հայաթափումը ոչ միայն Ադրբեջանի ծրագրերի մէջ էր ներառւած, այլ կարծում եմ՝ այստեղ գերտէրութիւններն էին իրենց ծրագրերն իրականացնում։ Ցաւօք, մենք չկարողացանք հասկանալ ու ընկալել, որ այդ լուրջ ծրագրերի մէջ է Արցախը։ Արցախը միայնակ չէր կարող դիմակայել։ Արցախցիները եւ Պաշտպանութեան բանակի մեր զինւորները, նաեւ կամաւորականներն ամէն ինչ արեցին, քաջաբար մարտնչեցին, սակայն ուժերի անհաւասարակշիռ պայմաններում էր, որ մենք զիջեցինք Արցախը։ Հնարաւոր չեղաւ մէկ օրից աւելի պատերազմել, որովհետեւ մեր պաշարները, ոչ միայն զինամթերքի առումով, նւազ էին, այլ նաեւ Ադրբեջանը նախապէս ծրագրաւորել ու Արցախը վերցրել էր շրջափակման մէջ, այդ պատճառով Արցախը միայնակ էր մնացել։ Փորձեցին Արցախում ցեղասպանութիւն իրականացնել եւ երեխաներին, կանանց, բնակչութեանը փրկելու համար կայացւեց այդ յայտնի որոշումը։ Իմ խօսքը ժողովրդին էր վերաբերում, Արցախում մնալու, Արցախը պահպանելու ու նրա նշանակութեանը, բայց նորից եմ կրկնում՝ շատ գերհզօր ճնշումներ կային, որի առաջ մենք չկարողացանք դիմակայել։ Ըստ իս, լուրջ փոփոխութիւնների պարագայում պէտք է հնարաւոր լինի, որպէսզի մենք կրկին վերադառնանք Արցախ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Սրբազան Հայրը համամիտ չէ այն մարդկանց հետ, որոնց կարծիքով՝ Արցախի թեման փակւած է։ Նրա բնորոշմամբ՝ միշտ չէ, որ մի թեմայի շուրջ շատ խօսելը տալիս է դրական արդիւնք, կան թեմաներ, որոնց մասին կարող ես չխօսել, բայց գործել։
«Կարծում եմ՝ Արցախը չընկաւ, Արցախը մնում է, եւ Արցախի թեման փակւած չէ։
Այսօր, ինչպէս հոգեւորականութիւնը, այնպէս էլ իւրաքանչիւր քաղաքացի ունի առաքելութիւն։ Մենք ասում ենք, չէ՞, որ այն մարդը, որն իր առաքելութեան մէջ չէ, ուրեմն՝ սատանայի տիրոյթում է։ Կը նշանակի, որ ամէն մէկս մեր առաքելութիւնն ունենք՝ ե՛ւ եկեղեցին, ե՛ւ իշխանաւորները, ե՛ւ հասարակ ժողովուրդը, ամէն մէկն իր անելիքն ունի։ Եթէ մենք մեր անելիքների ծիրից ներս ենք, հնարաւոր կը լինի ապահովել միասնականութիւնը եւ դա կատարել սիրով։ Կարեւոր աշխատանքի դէպքում է, որ սէրը մեր մէջ աւելի է հզօրանում, որովհետեւ դա կարեւոր նպատակներին է ուղղւած»,- ասաց Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը։
Նրա դիտարկմամբ, միշտ չէ, որ հայ ազգի գլխին դրւում է յաղթանակի պսակը, լինում են պահէր, երբ ստորացման եւ նւաստացման փշէ պսակներ են դրւում։ Սակայն պէտք է կարողանալ դուրս գալ այդ իրավիճակից, յաջողելու դէպքում կը նշանակի, որ հայ ազգն իր մէջ կարող է ունենալ նպատակ։
«Մեր անկեալ վիճակից պէտք է ոտքի կանգնենք՝ փշէ պսակը հանելու եւ յաղթական պսակին արժանանալու համար, որը կը բերի Արցախի ազատագրում եւ յաղթական վերադարձ։ Արցախն այսպէս թողնելն առնւազն անընդունելի ու ակնկալելի պէտք է լինի հետագայ սերունդների համար, մենք պէտք է այդ ծրագիրը կեանքի կոչենք»,- յաւելեց Սրբազան Հայրը։
Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը խօսեց նաեւ Ադրբեջանի կողմից գերեվարւած եւ Բաքւի բանտերում գտնւող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների եւ հարիւրաւոր քաղաքացիների մասին եւ ասաց.
«Ամէն ինչ պիտի արւի, որպէսզի մեր խորհրդանիշերը վերադառնան՝ Արցախի նախագահները, մեր նւիրեալ զինւորականները, ԱԺ նախագահը, նաեւ մեր հայորդիները»։