Ռուս քաղաքագէտ. «Հայաստանը Թրամփին հետաքրքիր չէ»

«ԱԼԻՔ» – Alpha News-ի հետ զրոյցում Ռուսաստանի Դաշնութեան կառավարութեանն առընթեր Ֆինանսական համալսարանի Միջազգային եւ հանրային իրաւունքի ամբիոնի աւագ դասախօս, քաղաքագէտ Իգոր Սեմէօնովսկին մեկնաբանել է Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները եւ ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի այցը Երեւան:
«Խնդիրների այն համալիրը, որը ձեւաւորւել է մեր ռազմավարական գործընկերութեան վերջին 30 տարիների ընթացքում, չի կարելի լուծել արտգործնախարարի մէկ այցի ընթացքում։ Արդէն եղել են պետութիւնների ղեկավարների բաւականին ընդարձակ հանդիպումներ, բայց այստեղ անհրաժեշտ է այդ հարցերի աւելի խորը եւ մասնագիտացւած մշակում եւ ընդհանուր ռազմավարական հատւածների սահմանում։ Բայց մի քանի նկատառում կայ, որոնցով կարելի է որոշել՝ ստացւել է, թէ չի ստացւել որոշ հարցերի շուրջ ընդհանուր եզրեր գտնել։ Առաջինը անվտանգութեան քաղաքականութիւնն է, ինտեգրացիոն միաւորումների շրջանակներում փոխգործակցութիւնը եւ ռազմաքաղաքական ուղին։ Դրանից յետոյ կարող ենք համեմատել՝ ինչպէս են տարբեր երկրներում դիմաւորում ռուսական պատւիրակութիւններին։
Օրինակ, Արաբական Արեւելքի երկրներում, երբ որոշ պատւիրակութիւններին հանդիսաւորութեամբ դիմաւորում են օդանաւակայանում կործանիչներով, կամ, օրինակ, ինչպէս դա արւում է Չինաստանում, երբ պատւիրակութեանը ողջունում է քաղաքացիական հասարակութիւնը՝ տարբեր հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ Ռուսաստանի եւ Չինաստանի դրօշներով։ Իսկ հիմա մենք տեսանք, թէ ինչպէս դա ցուցադրաբար տեղի ունեցաւ միտումնաւոր բողոքող քաղաքացիների ֆոնին, որոնք չեն ներկայացնում Հայաստանի հասարակութիւնը, բայց որոնք խաղում են արեւմտեան մամուլի, հայ հասարակութեան որոշակի ներքին հատւածի համար։ Եւ այս ֆոնին աւարտւում է Լաւրովի ասուլիսը, որտեղ հնչում է մի հարց, որն ակնյայտօրէն տրւել է հակառուսական նարատիւով՝ բացարձակապէս մեղադրական շեշտադրմամբ՝ սկսած Լեռնային Ղարաբաղից եւ վերջացրած Հայաստանի ներքին գործերին Ռուսաստանի միջամտութեամբ»,- նշել է քաղաքագէտը։
Փորձագէտի խօսքով՝ Հայաստանը Եւրասիական տնտեսական ինտեգրման գլխաւոր շահառուներից մէկն է:
«Այստեղ ակնյայտ է խաղի շարունակութիւնը, ինչպէս ասում են՝ երկու աթոռի վրայ չես կարող նստել։ Աշխարհում շատերին դա յաջողւում է։ Նոյն հարեւան Թուրքիան, բայց դա եզակի օրինակ է։ Թուրքիային յաջողւում է արդիւնաւէտօրէն դիմել ԲՐԻՔՍ-ին եւ միաժամանակ ՆԱՏՕ-ի անդամ լինել։ Բայց եթէ պրագմատիկ լինենք, ապա Հայաստանն, անշուշտ, Եւրասիական տնտեսական ինտեգրման գլխաւոր շահառուներից մէկն է, եւ հասկանալի է, թէ ինչու են կողմերը բազմիցս ընդգծել ապրանքաշրջանառութեան աճը մինչեւ գրեթէ 12 մլրդ դոլար, այսինքն՝ տարեկան մէկ միլիարդ։ Գործնականում Հայաստանի տնտեսութիւնը եւրոպական շուկայի համար ընդհանրապէս կաթիլ է ծովում։ Նոյնիսկ իմաստ չունի համեմատել այս թւերը, որոնք կազմում են մէկ տոկոսից քիչ: Բայց Եւրոպայի համար սա զուտ քաղաքական նախագիծ է՝ շարունակելու էքսպանսիան այն վայրերում, որտեղ Ռուսաստանը լաւ յարաբերութիւններ ունի։
Հայաստանը Ռուսաստանի համար մշակութային, տնտեսական համագործակցութեան անբաժանելի մասն է։ Արեւմուտքը պրագմատիկ մօտեցում է ցուցաբերում․ Թրամփը տեսնում է, որ Վրաստանն իր համար ոչ մի հետաքրքիր բան չի ներկայացնում, Հայաստանը՝ նոյնպէս։ Ըստ այդմ, բոլոր այցերն ու շփումները նւազագոյնի են հասցւում, նոյնը Ադրբեջանի դէպքում է, բայց Եւրոպան շարունակում է քաղաքականութիւն խաղալ Հայաստանի ներկայիս վարչակազմի հետ։
Իրականում Հայաստանը ներգրաււած է այդ քաղաքականութեան մէջ, եւ դրա հաստատումն է ՀԱՊԿ-ի հետ կապւած միջոցառումներին չմասնակցելը, մայիսի 9-ին Կարմիր հրապարակ զօրահանդէսային հաշւարկ չուղարկելը, Եւրոպական քաղաքական հանրութեան գագաթնաժողովին մասնակցելը, որը, բնականաբար, Հայաստանում կայանալիք ընտրութիւններից առաջ PR քայլ է։ Եւ այդ գործողութիւնները կարելի է համեմատել Մայդանի հերթական թխւածքաբլիթների հետ, որոնք փաթեթաւորւած են աւելի գեղեցիկ ու վառ»,- ասել է Իգոր Սեմէօնովսկին։